Doctors.am-ի «Չի՛ կարելի» խորագրում այս անգամ հյուրընկալվել է Wigmore Clinic-ի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը: Նա ներկայացնում է, թե ինչ է պետք անել եւ չանել երեխայի հազի դեպքում:

Հազը օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքս է, որի օգնությամբ կատարվում է շնչուղիների մաքրում, ինչպես նաև հազի միջոցով կանխարգելվում է որևէ օտար մարմնի ներթափանցումը դեպի շնչուղիներ և թոքեր։

Հազի հիմնական պատճառներն են՝

▪️ շնչուղիների վարակները
▪️ օտար մարմինը շնչուղիներում
▪️ ասթման
▪️ ստամոքս-կերակրափողային հետհոսքը (ռեֆլյուքս)
▪️ սովորույթային հազը (այն սովորաբար դադարում է քնած ժամանակ)
▪️ շնչուղիների այլ հիվանդություններ։

Առողջ երեխաները օրվա ընթացքում կարող են մի քանի անգամ հազալ, իսկ վիրուսային վարակից հետո հազը կարող է մինչև 2-3 շաբաթ պահպանվել։ Սակայն երբեմն հազը որևէ լուրջ խնդրի ախտանիշ կարող է լինել։

Չի՛ կարելի երեխայի ներկայությամբ ծխախոտ ծխել, քանի որ դա ևս կարող է հազի պատճառ դառնալ։

Պետք է հիշել, որ ծխելուց հետո ծխի վտանգավոր մասնիկները երկարատև պահպանվում են հագուստի և այլ մակերեսների վրա, որոնք կարող են վնասել երեխայի շնչուղիները ծխախոտ օգտագործելուց անգամ ժամեր հետո։

Իսկ ո՞ր դեպքում է պարտադիր դիմել բժշկի․

▪️ 3 ամսականից փոքր երեխաների դեպքում
▪️ երեխայի մոտ առկա է դժվարաշնչություն կամ հաճախաշնչություն
▪️ հրաժարվում է հեղուկներից
▪️ յուրաքանչյուր հազից հետո ունենում է փսխումներ
▪️ հազում է 2 շաբաթից ավել
▪️ հազը սկսվել է ուտելու ժամանակ խեղդվելուց հետո
▪️ հազալուց հետո ունեցել է արյունային արտադրություն

Չի՛ կարելի ցանկացած հազի դեպքում առանց բժշկի նշանակման իրականացնել ինհալացիա կամ հազի դեմ դեղորայք ընդունել:

Չի՛ կարելի երեխային տալ խորխաբեր, հակահազային դեղորայք՝ առանց բժշկի նշանակման։ Ապացուցողական բժշկությունը արգելում է դրանց կիրառումը մինչև երեխայի 6 տարեկանը։

Չի՛ կարելի հազը թեթևացնող կամ փափկացնող տեղային նյութեր օգտագործել (կարագ, կամֆորայի և էվկալիպտի յուղ, Կալիումի յոդիդ)։ Դրանք ապացուցված արդյունավետություն չունեն և կարող են վնաս հասցնել երեխայի մաշկին։

Չի՛ կարելի ինհալացիա անել ինհալացիայի համար չնախատեսված ցանկացած նյութով (սոդա, հանքային ջուր, Սալբուտամոլի հաբ, Դեքսամետազոն)։ Դրանք կարող են վնասել շնչուղիների լորձաթաղանթը:


Աղբյուրը՝ Doctors.am