Ամենահաճախ հանդիպող սեռական խնդիրներ, կանացի պահպանակներ և սեռական կարծրատիպեր. մանրամասնում է «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոնի սեքսոպաթոլոգ Արման Գագիկի Մարգարյանը:
 
Երևի կհամաձայնեք, որ այժմ նկատվում է սեքսոպաթոլոգին դիմելիության աճ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը: Որո՞նք են հաճախ հանդիպող խնդիրները զույգերի մոտ:
 
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին, ուրախությամբ կարող եմ ասել, որ աճման միտում ունի՝ ավագ սերնդի սեքսոպաթոլոգների ներկայացրած վիճակագրական տվյալների համեմատությամբ: Այս հարցում կարևոր դեր ունի հատկապես հասարակության առավել տեղեկացված և հետաքրքրված լինելը՝ բժիշկների հետ էլէկտրոնային նամակագրություն և այլն…
Ողջունելի է փաստը, որ մարդիկ այսօր ինքնուրույն կարողանում են որակել իրենց խնդիրները և հասկանալ, թե ո՞ր մասնագետին է պետք դիմել:
 
Հիմնական խնդիրներն են սեռականությանը վերաբերող տարբեր պաթոլոգիաները՝ սեռական ցանկության բացակայություն,  միջանձնային կոնֆլիկտներ, էրեկցիոն դիսֆունկցիաներ, վաղաժամ սերմնաժայթքում, կանանց մոտ՝ կոյիտոֆոբիա, վագինիզմ, անօրգազմիա, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն: Զույգային խնդիրներից կառանձնացնեմ անպտղությունը և աններդաշնակությունը…
 
Նախկինում, ելնելով կովկասյան մտածելակերպից, մարդիկ չէին բարձրաձայնում նմանատիպ խնդիրները, դրանք ծառանում էին, բարդանում: Այժմ ողջունելի է հատկապես կանանց վերաբերմունքը սեռականությանը. Նրանք դարձել են ավելի խստապահանջ թե՛ իրենց սեփական «ես»-ի, թե՛ կողակցի նկատմամբ, սա օգնում է կանխարգելել կամ հեշտությամբ լուծել առաջացած խնդիրները:
 
Նախաամուսնական զույգերի դիմելիությունը ևս աճ է գրանցել: Զույգերը, կարծում եմ, պետք է իրազեկ լինեն մեկը մյուսի առողջական վիճակի մասին:
 
Կարելի՞ է ենթադրել, որ սա բժշկական ուղղություն է, որ պահանջում է մի քանի մասնագետների համալիր աշխատանք:
 
Այո, իհարկե: Սա մուլտիդիսցիպլինար համակարգ է, մշտապես համագործակցության մեջ ենք ուրոլոգների, գինեկոլոգների, էնդոկրինոլոգների, հոգեբույժների, հոգեբանների հետ: Այս կերպ արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր է:
 

Ըստ Ձեզ, ո՞րն է զույգային ներդաշնակության բանաձևը:
 
Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնց ամբողջականության պահպանումը միայն կարող է բերել զույգային, ամուսնական ներդաշնակության՝ ֆինանսական, բարոյական, հոգեբանական, սեռական և այլն…
 
Ի՞նչ են իրենցից ներկայացնում կանացի պահպանակները: Մանրամասնե՛ք, խնդրեմ, դրանց ցուցումները, կիրառման ձևը, առավելությունները և թերությունները:
 
Սա իրենից ներկայացնում է խողովակաձև, պոլիուրետանային պահպանակ, երկու օղերով՝ մեծը տեղադրվում է հեշտոցամուտքում, իսկ փոքր օղը կարող է հասնել ընդհուպ արգանդի պարանոց: Այս տեսակի պահպանակները կիրառության մեջ են մտել 90-ական թվականներին: Սրանք, իհարկե, ամենահարմար տարբերակը չեն ինչպես կիրառելիության , այնպես էլ մատչելիության տեսանկյունից: Շատ են նաև կողմնակի ազդեցությունները;
 
Հիմնական անհարմարավետությունը զույգի մոտ, հատկապես տղամարդու՝ ֆիքսվածության զգացողությունն է. պահպանակը շարժուն է և կարող է անդամի հետ ներհրվել: Բացի վերը նշված թերությունները, այն ունի նաև տհաճ հոտ, որը կարող է հանգեցնել նույնիսկ ցանկության նվազեցման:
 
Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված պահպանակների, որ հարկավոր է հարաբերությունից հետո անմիջապես հանել, կանացի պահպանակները կարելի է կիրառել մինչև անգամ 8 ժամ:
 
Մեր երկրում պահանջարկ և սպառում ունե՞ն արդյոք այս պահպանակները:
 
Գիտեմ, որ կանացի պահպանակներ Հայաստան ներմուծվում են, սակայն, որքանով որ տեղյակ եմ, պահանջարկը նվազագույնն է:
 
Ի՞նչ կասեք հակաբեղմնավորիչ սպերմացետ մեթոդի մասին:
 
Սրանք քիմիական բաղադրությամբ պրեպարատներ են, որոնք կնոջ սեռական ուղիներում ոչնչացնում են սպերմատոզոիդը, կամ խաթարում դրա շարժունակությունը: Սպերմացետները պահպանում են հեշտոցի միկրոֆլորան, չեն անդրադառնում դաշտանային ցիկլի վրա: Հանդիպում են քսուքների և մոմիկների տեսքով, կիրառվում են հարաբերությունից 15-20 րոպե առաջ, արդյունավետությունը՝ 97-98%: 
 
Ունե՞ն կողմնակի ազդեցություններ և հակացուցումներ:
 
Հնարավոր կողմնակի ազդեցություններից է ալերգիկ ֆոնի առաջացումը: Միջոցը հակացուցված է նաև արգանդի պարանոցի խնդիրների դեպքում: Նշանակումը կատարվում է միայն գինեկոլոգիական, ՈՒՁ  հետազոտությունից հետո:
 
Ինչպես հայտնի է, սեռական կյանքի վերաբերյալ կարծրատիպերը բարդացնում են զույգի փոխհարաբերությունը: Դրանցից մեկն էլ տղամարդու սեռական օրգանի չափի մասին թյուր պատկերացումն է: Ի՞նչ կասեք այս մասին:
 
Որպես սքսոպաթոլոգ կարող եմ վստահեցնել, որ անդամի չափը որևէ կապ չունի հաճույքի հետ, բացառությամբ այն դեպքի, երբ անդամը համարվում է մինիպենիս՝ էրեկցիայի վիճակում մինչև 7սմ: 
 
Այս կարծրատիպն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց թե՞ կանանց մոտ:
 
Տղամարդիկ այս հարցով, սովորաբար, հազվադեպ են դիմում: Պացիենտներն առավել հաճախ դիմում են կնոջը գոհացնել չկարողանալու խնդրով, և երկարատև խորհրդատվությունից հետո միայն պարզվում է, որ խնդիրը առնանդամի չափն է: 
Կարող եմ ասել, որ այս հարցով հիմնականում մտահոգված են կանայք: Այս ամենի պատճառը սխալ տեղեկատվության հոսքն է ինտերնետային կայքերում և ամենուր… Այս ամենը հոգեբանորեն ճնշում են թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն:
 
Ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին՝ որպես մասնագետ: Ինչպե՞ս հոգ տանել առողջության մասին:
 
Զույգերին խորհուրդ եմ տալիս լինել խստապահանջ սեփական և զուգընկերոջ առողջության նկատմամբ: Խնդրի ի հայտ գալու դեպքում վաղ դիմել բժշկի, քանի որ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից ավելի հեշտ է այն լուծել մինչև բարդությունների առաջ գալը: 
Ցանկացած պահպանակ գնելիս խստագույնս ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին և կիրառման կանոններին՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
 
Առողջ ապրելակերպը դարձրեք ձեր կյանքի բիոռիթմը:
 
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
17 Դեկտեմբերի 2014