Տղամարդկանց մոտ ստորին միզուղիների ախտանիշներ. Doctors.am-ի հետ զրույցում մանրամասնում է ուրոլոգ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Ռոմենի Բորոյանը:

Պրոֆ. Բորոյան, ի՞նչ ասել է ստորին միզուղիների ախտանիշներ: Ինչպե՞ս են սրանք դրսևորվում, որոնք են առաջացման պատճառները:

Այս ախտանիշները պայմանականորեն կարող ենք բաժանել 3 տիպի՝ միզապարկի լցման պրոցեսի խանգարումներ (հաճախամիզություն, անհետաձգելի միզարձակում, գիշերամիզություն և անմիզապահություն), միզապարկի դատարկման ախտանիշներ (մեզի շիթի թուլացում, ընդհատվող, դժվարացած միզարձակում, միզարձակման ընթացքում լարվելու անհրաժեշտություն, միզարգելություն), ախտանիշներ՝ միզարձակումից հետո (ոչ լիարժեք միզարձակման զգացողություն, միզարձակումից հետո մեզի կաթիլներով դուրս գալը):

Նախկինում ստորին միզուղիների ախտանիշների առաջացումը բժիշկները կապում էին շագանակագեղձի գերաճի հետ միայն: Ի՞նչ այլ գործոններով կարող է պայմանավորված լինել այս երևույթը:

Շագանակագեղձի գերաճով հիվանդների շուրջ կեսի մոտ ստորին միզուղիների ախտանիշները պայմանավորված են լինում հենց գերաճի փաստով: Համարվում է, որ 40-ն անց տարիքային խմբի տղամարդկանց մոտ նկատվում է շագանակագեղձի բարորակ գերաճ, որի հավանականությունը 80 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ անհամեմատ ավելի բարձր է՝ 90%: Սակայն, իհարկե, ոչ բոլոր տղամարդկանց մոտ է շագանակագեղձի գերաճը հանդիսանում միզարձակման արգելափակման պատճառ:

Ինչպե՞ս է շագանակագեղձի գերաճն ազդում միզապարկի վրա, առաջացնելով միզարձակման բազմաթիվ խնդիրներ:

Շագանակագեղձի գերաճը հանգեցնում է միզապարկի ելքային բացվածքի սեղմվածության կամ ճնշման, որն էլ բերում է ոչ միայն միզարձակման արգելափակման, այլ նաև միզապարկի սպեցիֆիկ պատասխանին այդ արգելափակմանը, որն արտահայտվում է միզապարկի դիսֆունկցիայով՝ միզապարկի ոչ կանոնավոր կծկումներով:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ստորին միզուղիների ախտանիշներով տառապող տղամարդկանց միայն կեսի մոտ է հայտնաբերվում միզարձակման արգելափակում: Մյուս դեպքերում այս ախտանիշները պայմանավորված են լինում միզապարկի դիսֆունկցիայով, որը կապված չէ շագանակագեղձի գերաճի հետ:

Որո՞նք են միզապարկի առավել հաճախ հանդիպող ֆունկցիայի խանգարումները:

Միզապարկի ֆունկցիայի առավել հաճախ հանդիպող խանգարումներն են կծկողականության անկումը կամ գերկծկողականությունը: Սրանք կարող են լինել օրինակ՝ շաքարային դիաբետի, սննդային կամ ջրային ռեժիմի խախտման հետևանք, պայմանավորված լինել որոշ դեղորայքի ազդեցությամբ և այլն… Մեկ այլ խումբ են կազմում ֆունկցիայի խանգարումները՝ պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով:

Ստորին միզուղիների ախտանիշները ենթակա են միա՞յն վիրահատական բուժման: Բուժական ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում Դուք:

Նախկինում, իսկապես, այս ախտանիշների դեպքում պացիենտին վիրահատում էին, վերացնում շագանակագեղձի գերաճը, հեռացվում էր ավելորդ հյուսվածքը, որը, ենթադրաբար, կարող էր սեղմել միզապարկի ելքային բացվածքը:

Պետք է ասել, որ շատ պացիենտներ պարզապես չեն ցանկանում ազատվել շագանակագեղձի գերաճից, նրանք պարզապես ցանկանում են ունենալ նորմալ միզարձակում: Եվ մեր բուժման նպատակը նրանց այդ ախտանիշներից ազատելը կամ վիճակը նկատելիորեն մեղմելն է:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ շեշտադրվում էր շագանակագեղձի գերաճը, ժամանակակից ուրոլոգիայում մենք շեշտադրությունը դնում ենք ստորին միզուղիների ախտանիշների արտահայտվածության վրա:

Շագանակագեղձի գերաճի վերացման վիրահատական ցուցումն այն դեպքում է, երբ պացիենտի մոտ ստորին միզուղիների ախտանիշները խիստ ծանր են դրսևորվում և խաթարում են կյանքի որակը:

Կան նաև վիրաբուժական միջամտության բացարձակ ցուցումներ. սրանք այն դեպքերն են, երբ շագանակագեղձի գերաճով հիվանդների մոտ առաջանում են միզապարկի քարեր, կրկնվող միզակապություններ, արյունամիզություններ, և հազվադեպ հանդիպող ծայրահեղ դրսևորում համարվող՝ երիկամային անբավարարությունը:

Վիրաբուժական ցուցում կարելի է դիտարկել նաև այն դեպքերը, երբ միզապարկում առկա է լինում մեծ քանակությամբ մնացորդային մեզ:

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հատկապես դատարկման ախտանիշի գերակայության դեպքում՝ շագանակագեղձի գերաճի հեռացման վիրահատություն է ցուցվում:

Վիրահատական ի՞նչ մեթոդներ են օգտագործվում ժամանակակից ուրոլոգիայում՝ հեռացնելու համար շագանակագեղձի գերաճած հյուսվածքները:

Շագանակագեղձի գերաճի և դրանով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների վիրաբուժական բուժման «ոսկե ստանդարտ» է հանդիսանում շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը՝ էնդոսկոպիկ վիրահատություն, որը չի պահանջում կատարել կտրվածքներ, ունի շատ կարճ հետվիրահատական շրջան, և եթե իրականացվում է փորձառու վիրաբույժի կողմից՝ շատ հեշտ տանելի է պացիենտի համար:

Երկրորդ հիմնական մեթոդը բաց ադենոմէկտոմիան է, որը իրականացումը հատկապես վերջին տարիներին խիստ նվազել է, քանի որ այն բավական տրավմատիկ է, արյունալի, հետվիրահատական շրջանը երկար է և հանդիպում են բազմաթիվ բարդություններ: Սակայն, իհարկե, այն իր տեղը դեռևս ունի. շատ սակավ դեպքերում դեռ ցուցվում է, մասնավորապես, երբ շագանակագեղձի գերաճը շատ մեծ չափերի է հասնում: Թեև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի  բաժանմունքում բիպոլյար տեխնոլոգիայով իրականացնում ենք նույնիսկ այս դեպքերի էնդոսկոպիկ մասնահատումներ: Այս դեպքում, վիրահատությունից հետո բացարձակապես չի տուժում տղամարդու սեռական ֆունկցիան, ի տարբերություն բաց վիրահատությունների, երբ գրեթե 90% դեպքերում անվերադարձ խախտվում է սեռական ֆունկցիան:

Ի՞նչ հետազոտություններ են ցուցվում ստորին միզուղիների ախտանիշներ ներկայացնող պացիենտներին:

Հետազոտություններից մեկն է  ուրոֆլոումետրիան. հիվանդը միզում է հատուկ սարքի մեջ, որը միացված է համակարգչին, և այն հաշվարկում է միզարձակման բոլոր չափորոշիչները: Սա պարզ, ոչ թանկարժեք և անցավ հետազոտություն է, որը, միևնույն ժամանակ, շատ կարևոր է գնահատելու համար ստորին միզուղիների ախտանիշների ծանրության աստիճանը:

Մյուսն ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս ախտորոշել, ոչ միայն շագանակագեղձի գերաճի չափը, ծավալը, այլ նաև հասկանալ միզարձակումից հետո մնացորդային մեզի առկայությունը և դրա քանակը, արդյո՞ք միզապարկում առկա չեն քարեր, այն օգնում է գերաճով հիվանդների մոտ գնահատել նաև վերին միզուղիների վիճակը:

Չափազանց կարևոր է նաև շագանակագեղձի մատնային՝ ռեկտալ հետազոտությունը: Ախտորոշման ոչ մի ճառագայթային միջոց չի կարող փոխանցել այն ինֆորմացիան, որը բժիշկը ստանում է շոշափելիս:

Հետազոտական պարտադիր մեթոդ է շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) արյան մեջ որոշումը: Դրա պարունակության միջոցով կարելի է վաղ հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղը:

Միայն հիվանդի ներկայացրած նկարագիրը բավարա՞ր է արդյոք խնդիրը հստակ պատկերացնելու համար:

Արդեն իսկ պարզ է, որ սրանք ախտանիշներ են, հիվանդի կողմից նկարագրվող իրավիճակ և խիստ սուբյեկտիվ են: Սակայն գոյություն ունի ուրոլոգիական մի «գործիք», որն առավելագույնս օբյեկտիվացնում է այս նկարագրությունները: Այն է Շագանակագեղձի ախտանիշների միջազգային սանդղակը (IPSS):  Սա հիվանդների համար շատ մատչելի լեզվով գրված հարցաշար-թեստ է, բաղկացած 7 հարցից: Հարցերին հիվանդի ընդհանուր պատասխաններից հաշվարկվում է ախտանիշների արտահայտվածության աստիճանը՝ թույլ, միջին կամ ծանր: Այս սանդղակը, ինքս, խիստ կարևորում եմ, քանի որ, եթե կարելի է ստորին միզուղիների ախտանիշները մեղմացնել դեղորայքային բուժման միջոցով, ինչու՞ դիմել վիրահատության:

Բժի՛շկ, ինչպե՞ս է իրականացվում դեղորայքային բուժումը: Ինչպե՞ս կգնահատեք սրա արդյունավետությունը:

Այն ունի հիմնական երկու նպատակ՝ բարելավել միզարձակությունը և դանդաղեցնել կամ կանխարգելել հիվանդության զարգացումը: Ստորին միզուղիների ախտանիշները, որոնք պայմանավորված են շագանակագեղձի գերաճով՝ մեծամասամբ, տարիքի հետ դանդաղ, բայց և հստակ զարգացող գործընթացներ են:

Միզարձակումը բարելավելու նպատակով կիրառվում են «ալֆա բլոկատորները», որոնք հանգեցնում են շագանակագեղձի և միզապարկի հատվածում հարթ մկանների կծկողունակության թուլացման, հետևաբար՝  15-20%-ով կարելի է բարելավել միզարձակումը:

Դեղորայքի մյուս խումբը «5 ալֆա ռեդուկտազայի» պաշարիչներն են (ինհիբիդորներ), որոնք երկարատև կիրառման դեպքում հանգեցնում են ստորին միզուղիների ախտանիշների նվազեցման, և ըստ իրենց հիմնական գործառույթի՝ կանխարգելում են շագանակագեղձի հետագա գերաճը՝ նվազեցնելով տեստոստերոնի ազդեցությունը շագանակագեղձի վրա:

Լավագույն արդյունք, իհարկե, ստացվում է այս երկու խմբի դեղորայքի համակցմամբ:

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի նաև դեղաբույսային հիմքով պատրաստված դեղորայքի կիրառումը:

Գրեթե բոլոր հիվանդություններից կարելի է խուսափել կանխարգելիչ որոշ միջոցառումներ իրականացնելու միջոցով: Իսկ կարելի՞ է արդյոք կանխարգելել ստորին միզուղիների ախտանիշների առաջացումը՝ պայմանավորված շագանակագեղձի գերաճով:

Շագանակագեղձի գերաճի կանխարգելման միջոց, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ սրա առաջացման դեռևս միակ հստակ բացահայտված պատճառը տղամարդու տարիքն է: Բժիշկներս, հաճախ կատակով ասում ենք, որ գերաճի կանխարգելման համար նվազագույնը պետք է չծերանալ:

Կա՞ն կենսակերպին առընչվող որոշ գործոններ, որոնք խորհուրդ եք տալիս հիվանդին՝ բարելավելու համար վիճակը, օր.՝ սննդակարգի փոփոխություն, ֆիզիկական կամ սեռական ակտիվություն և այլն:

Կենսակերպը փոխելու հստակ խորհուրդները վերաբերում են հիմնականում ալկոհոլի և սուրճի բացառմանը կամ օգտագործման խիստ  նվազեցմանը: Խորհուրդ է տրվում նաև որոշակի ժամերին՝ հատկապես երեկոյան, հեղուկների կիրառման սահմանափակում: Կան նաև որոշ վարժություններ, որոնք օրվա ընթացքում կատարելը խթանում է վիճակի լավացմանը:

Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս նաև սեռական գերակտիվություն՝ շագանակագեղձի հետագա գերաճի կանխարգելման համար, սակայն, քանի որ շագանակագեղձի գերաճի առաջացման դեպքում չկան ապացուցված հստակ ռիսկի գործոններ, ես, որպես մասնագետ, խուսափում եմ նման խորհրդատվությունից:

 

Նմանատիպ հոդվածներ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը համալրվել է նոր սարքավորումներով. ներմիզուկային բիպոլյար մասնահատման առաջին վիրահատությունը՝ ֆոտոշարքով


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
17 Հունիսի, 2015