«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդները, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է: Ձեզ ենք ներկայացնում վիրաբույժ-ուռուցքաբան Արամ Բադալյանի պնդումը վահանաձև գեղձի վիրահատությունների վերաբերյալ:

Վահանաձև գեղձում  հիմնականում ձևավորվում են 3 տիպի ախտաբանական գոյացություններ՝ հանգուցավոր խպիպ, ֆոլլիկուլյար ադենոմա և վահանաձև գեղձի քաղցկեղ: Ուլտրաձայնային մեթոդով հայտնաբերված 6 մմ-ից մեծ բոլոր հանգույցների դեպքում պետք է որոշվի արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը (T3, T4, TSH, TG, TG-Ab, TP-Ab), կատարվի հանգույցի բարակասեղային բիոպսիա (FNI), հարկ եղած դեպքում՝ գեղձի ճառագայթամիջուկային հետազոտություն (սցինտիգրաֆիա):

Թվարկված մեթոդների արդյունքներով տրվում է նախնական ախտորոշում:

Չի կարելի վիրահատել վահանաձև գեղձը հանգուցավոր խպիպի կապակցությամբ:
Խպիպի բուժման հիմնական մեթոդը դեղորայքային է, որով զբաղվում են էնդոկրինոլոգները: Միայն բուժման անարդյունավետության և հանգույցի մեծ չափերի դեպքում օգնության է հասնում վիրաբուժությունը:

Ֆոլլիկուլյար ադենոմայի բուժումը միայն վիրաբուժական է: Նման գոյացությունները ժամանակի ընթացքում ենթարկվում են տրանսֆորմացիայի և չարորականում: Վիրահատության ծավալը կախված է հանգույցի չափերից և տեղակայումից:

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժումը մեծ մասամբ վիրաբուժական է: Բացառություն են ուժեղ տարածված և ուռուցքի անապլաստիկ կամ ոչ տարբերակված ձևերը: Վիրահատության ծավալը և հետվիրահատական բուժումը, ինչպիսին են ռադիոակտիվ յոդով թերապիան և ճառագայթային բուժումը, կախված են հանգույցի տեսակից, չափերից, տեղակայումից և ռեգիոնար ավշահանգույցներում առկա մետաստազներից:

Այսպիսով, բարորակ գոյացություններով զբաղվում են այն վիրաբույժները, որոնք ունեն տվյալ ոլորտում մասնագիտական փորձ: Ամեն դեպքում չարորակ ուռուցքի բուժմամբ պետք է զբաղվեն բացառապես ուռուցքաբանները:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016