Արտամարմնային բեղմնավորման, Հայաստանում և աշխարհում ոլորտի զարգացման և "Fertility Center"  կենտրոնում կատարվող ԱՄԲ-ի մասին  Doctors.am–ի հետ զրույցում մանրամասնում է մանկաբարձ-գինեկոլոգ, "Fertility Center" կենտրոնի հիմնադիր-տնօրեն  Էդուարդ Մարտինի Համբարձումյանը:

- Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել  "Fertility Center"  պտղաբերության կենտրոնը: Ի՞նչ խնդիրների լուծմամբ է այն զբաղվում: Ե՞րբ է կենտրոնում սկսել կիրառվել անպտղության բուժման ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորման) մեթոդը:

- Պտղաբերության կենտրոնը ստեղծել ենք 2008 թվականին: Սզբնական շրջանում գործում էր որպես մի կենտրոն, որտեղ իրականացվում էին բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և բուժումները՝ ներառյան ներարգանդային ինսեմինացիան (սերմնավորում), սակայն դեռևս չէինք իրականացնում արտամարմնային բեղմնավորում: Վերջինիս մեծ պահանջարկ ունենալու պատճառով, որոշեցինք ստեղծել կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ (Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 41/7, հեռ: (060)506601)), որը գործելու է որպես արտամարմնային բեղմնավորման մասնագիտացված կենտրոն: Այս կերպ փորձում ենք ապահովել հարմարավետություն՝ ունենալով բուժ.կլինիկաներ թե՛ քաղաքի կենտրոնում, և թե՛ առավել սպեցիֆիկ վայրում՝ ավելի բարդ պրոցեդուրաների իրականացման համար: Մեր առաջին կենտրոնը գտնվում է հենց Գենետիկայի Կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս բոլոր անհրաժեշտ ստուգումները, հետազոտությունները բարձր մակարդակով իրականացնել հենց տեղում (ինչպես հորմոնալ, ինֆեկցիոն, այնպես էլ գենետիկ հիվանդությունների):

- Ի՞նչ սկզբունքով է ստեղծվել "Fertility Center" նոր մասնաճյուղը:

- Ես շուրջ տասը տարի աշխատել եմ Բոստոնում, և մեր նոր մասնաճյուղը փորձել ենք ստեղծել այնտեղի լավագույն կենտրոնների օրինակով՝ սարքավորումներ, աշխատանքի մեթոդներ, սկզբունքներ, նույնիսկ շենքի հատակագիծը և պարագաների դասավորությունը:  Աշխատում ենք խստաագույնս հետևել համաշխարհային փորձին և չափանիշներին: 

Անպտղությունը չունի հստակ պատճառներ. դրանք բազմաթիվ են՝ տղամարդկային գործոն, հորմոնալ խանգարումներ, ինֆեկցիաներ, սեռական կյանքի խանգարումներ, կնոջ ինֆեկցիաներ, կրելախախտ… Ճանապարհները, որոնք բերում են զավակ չունենալու ողբերգության՝ շատ են: Մոտ 22 պատճառ կա կանանց, և 18-ը տղամարդկային անպտղության առաջացման:
Կենտրոնում մեծ ուշադրություն ենք դարձնում սարքավորումների և դեղորայքի որակական մակարդակին: Իհարկե, այս ամենի համալրումն են մեթոդները և բժիշկների մասնագիտական հմտությունները:

- Անպտղության քանի՞ տոկոս դեպքերում է ցուցվում արտամարմնային բեղմնավորում: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում ընդհանուր առմամբ:  Արդյո՞ք սա կարելի է համարել անպտղության բուժման վերջին տարբերակ:

- Ամբողջ աշխարհում միջինում 5 տոկոս հիվանդներին է ցուցվում արտամարմնային բեղմնավորում: Իրականում, սակայն, առավել շատ զույգերի է հարկավոր այս մեթոդի իրականացումը: Տասը տարի առաջ Հայաստանում դեռևս չկային արտամարմնային բեղմնավորման կենտրոններ, բայց աշխարհում շուրջ քառասուն տարի է, ինչ մեթոդը կիրառելի է: Մասնագետների սակավությունը ևս խնդիր էր: Եվ արտամարմնային բեղմնավորման առավել հազվադեպ ցուցումը կապված է, իհարկե, մեթոդի բավական թանկ արժենալու հետ: Սրա համար անհրաժեշտ նյութերը, գործիքները բավական թանկ են, և ԱՄԲ-ն համեմատվում է բարձր որակավորում ունեցող (High Tech) սրտի, ուղեղի վիրահատությունների հետ:

Ոլորտի զարգացման հետ կապված, ցուցումների ցանկն ընդլայնվում է, և գործընթացը դառնում է առավել մատչելի: Սզբնական շրջանում՝ 40 տարի առաջ ԱՄԲ-ն ապահովում էր ընդամենը 5-10 տոկոս արդյունք , հիմա, ամենամիջին կենտրոնը կարող է ապահովել նվազագույնը 20-25 տոկոս արդյունավետություն: Այն կարող եմ համարել ամենապրոգրեսիվ զարգացող գիտական ճյուղերից մեկն ամբողջ աշխարհում: Սա ոչ միայն բժշկական ձեռքբերում է, այլ նաև կարևոր սոցիալական, ռազմավարական, ժողովրդագրական նշանակություն ունի: 

Հայաստանն այսօր գնում է արտասահմանի առաջադեմ օրինակով: Կա պետական աջակցություն այս հարցին՝ ֆոնդ, որը հնարավորություն է տալիս ֆինանսապես անապահով զույգերին փորձել արհեստական բեղմնավորման այս մեթոդը:

Մրցակցության շնորհիվ նվազում է նաև ԱՄԲ գինը:


- Որո՞նք են ԱՄԲ առավելությունները: Ի՞նչ խնդիրներ այն կարող է լուծել: Ի՞նչ նոր հնարավորություններ է այն ընձեռում:

- Մեթոդը հնարավորություն է տալիս բուժել ցանկացած պաթոլոգիա: Եթե նույնիսկ կինը չունի արգանդ, սակայն առկա են ձվարանները, տղամարդու սերմնաբջիջ օգտագործելով կարող ենք ստանալ սաղմիկ, այն աճեցնել ինկուբատորում, հետագայում տեղադրել մեկ այլ կնոջ արգանդում: Սա ,իհարկե, եզակի հնարավորություն է, ուրիշ ոչ մի դեպքում կինը չէր կարող երեխա ունենալ: Կամ , օրինակ՝ երբ կինը չունի արգանդի փողեր: Նախկինում այս խնդրի դեպքում ևս անհնար էր հղիանալը, իսկ այժմ, ԱՄԲ-ի միջոցով՝ տղամարդու սերմի և ձվաբջջի միացմամբ, հետո արդեն արգանդ պատրաստի սաղմի տեղադրմամբ, խնդիրը լուծելի է:

Դեպքեր կան նաև, երբ տղամարդու սերմն արտակարգ վատն է: Նույնիսկ մի քանի սերմնաբջիջ գտնելու դեպքում, կարող ենք վերցնել այն և հատուկ գործիքով ներարկել ձվաբջջի մեջ: Նույնիսկ ոչ շարժունակ, դեռևս սաղմնային վիճակում գտնվող սպերմատոզոիդով կարելի է իրականացնել գործողությունը:

Նախկինում այս ամենը ֆանտաստիկ էր թվում: 

Միայն մեկ դեպքում, երբ կինը չունի ո՛չ արգանդ, ո՛չ ձվարաններ, ԱՄԲ-ն անհնար է: Այս դեպքում պրոցեդուրան կարող է իրականացվել միայն դոնորական ձվաբջջի միջոցով:

- Դոնորական սերմաբջիջ և ձվաբջիջ. Ինչպե՞ս է կենտրոնում կատարվում ընտրությունը, ի՞նչ սկզբունքներով: Արդյո՞ք այսօր կա դոնորական սերմի պահանջարկ:

- "Fertility Center" պտղաբերության կենտրոնն ունի դոնորական սերմի բանկ: Սերմի ընտրության երկու սկզբունք գոյություն ունի՝ բժշկական, երբ ստուգվում է դոնորի առողջական վիճակը, ինֆեկցիոն, գենետիկ հիվանդությունների բացառումը, և զույգի ներկայացրած նկարագիր, օրինակ՝ արտաքին տվյալների մասին: ԱՄՆ-ում օրինակ, ընդունված է դոնորների դասակարգումը նաև ըստ կրթական մակարդակի, մեզ մոտ սա դեռևս չկա, քանի որ մարդիկ գաղտնիություն են պահանջում: Նույնը վերաբերում է նաև կին դոնորներին: Օրենքն այս դեպքում նշում է որոշակի սահմանափակումներ՝ կինն անպայման պետք է ունենա մեկ երեխա, և տարիքը չգերազանցի երեսունհինգը:

- Ի՞նչ մասնագետներ են աշխատում կենտրոնում: Ունե՞ք արդյոք հավելյալ ծառայություններ, որ օգնում են զույգին մինչև բեղմնավորումը և հղիության ընթացքում (հոգեբանական և այլն):

- Ուրախությամբ պիտի նշեմ, որ կենտրոնի շատ մասնագետներ աշխատել են նաև արտասահմանում, կամ վերապատրաստումներ են անցել այնտեղ (Ֆրանսիա, Մոսկվա, Հունգարիա…): Հաճախ մասնակցում ենք կոնֆերանսների նաև այլ երկրներում, երբեմն` մենք ենք կազմակերպում կոնֆերանսներ, փորձում ենք հետևել վերջին միտումներին և բժշկական մոտեցումներին:

Համագործակցում ենք հարակից մասնագետների՝ ուրոլոգների, սեքսոպաթոլոգների, հոգեբանների հետ: Ունենք գործընկեր կենտրոն՝ ՛՛Նիրվանա՛՛, որտեղ պացիենտը, ցանկության դեպքում կարող է անցնել յոգաթերապիայի, կինեզիոթերապիայի, շեյփինգի կուրսեր:

- Ունե՞ք պացիենտներ արտասահմանից: 

- Հետաքրքրական է  այն, որ արտասահմանում բնակվող շատ հայ կանայք դիմում են մեզ հայազգի դոնորի սերմով բեղմնավորման  համար: Շատ զույգեր կամ միայնակ կանայք կարևորում են հայկական գենի գործոնը, ուզում են, որ իրենց երեխան անպայման հայ գենի կրող լինի: Ունենք դիմող շատ զույգեր արտասահմանից՝ Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներից, ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Դանիայից, Վրաստանից…

- Կարելի՞ է ասել, որ բժշկական՝ վերարտադրողական տուրիզմը զարգացում է ապրում Հայաստանում:

- Իհարկե: Սա դեռ սկիզբն է: Կանխատեսում եմ, որ ավելի մեծ զարգացում է սպասվում: Հիմա հաջողություններ և սպասելիքներ ունենք, որ մեր շատ հայրենակիցներ Հայաստան կայցելեն ոչ միայն երկիրը տեսնելու, շրջելու, այլ նաև զավակներ ունենալու համար: Հարցն անչափ կարևորում եմ:

Հ.Գ. "Fertility Center" պտղաբերության կենտրոնի և նմանատիպ այլ կենտրոնների առկայությունը երաշխիքն է այն հարցի, որ անպտղությունն այլևս բուժելի է նաև Հայաստանում: 



Հարցազրույցը՝  Ամալյա Գրիգորյանի
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին