Կարիեսն ատամների հիվանդություն է, որը զարգանում է մանրէների ազդեցությունից: Սկզբում քայքայվում է ատամի էմալը, իսկ հետո հերթը հասնում է դենտինին (ատամոսկրին): Էմալն ամենապինդ նյութն է, որը պարունակվում է մարդու օրգանիզմում: Սակայն այն կարող է վնասվել բակտերիաների պատճառով և առաջացնել կարիես:
Ստոմատոլոգ Իվետտա Ղազանչյանը ներկայացնում է կարիեսի առաջացման այլ պատճառներն ու խոսում բուժման հնարավոր տարբերակների մասին:

Ի՞նչ է կարիեսը, ի՞նչ տեսակներ ունի և որո՞նք են առաջացման պատճառները:

Կարիեսը (լատ. Caries-նեխում) դանդաղ ընթացող պաթոլոգիական պրոցես է, որը ախտահարում է ատամի կարծր հյուսվածքները: Առանձնացնում ենք կարիեսի մի քանի տեսակ. կարիես բծի շրջանում` այդ դեպքում դեռևս կարիոզ խոռոչ չկա, ուղղակի ունենք ատամի կարծր հյուսվածքի էմալի գույնի փոփոխություն:
Մյուս տեսակը մակերեսային կարիեսն է, որի  դեպքում ունենք կարիոզ խոռոչ էմալի շրջանում մինչև էմալ-դենտինային սահման:  Հաջորդ տեսակը միջին կարիեսն է, որն ավելի խորը ախտահարումն է, որը ներառում է Էմալ-դենտինային սահմանը: Եվ Խորանիստ կարիեսի ժամանակ ախտահարվում է դենտինը:
Կարիեսի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց հիմնական պատճառներն են կարիեսոգեն միկրոօրգանիզմները, դյուրամարս ածխաջրերի օգտագործումը, կարիեսի ռեզիստենտականության իջեցումը:Առավելազույն կարիեսոգեն միկրոօրգանիզնմներն են` St.mutans-ը և St sanguis-ը:Ատամների ոչ ճիշտ և ոչ կանոնավոր մաքրումը նույնպես նպաստում են կարիեսի առաջացմանը:


Իսկ օգտագործվող սնունդը կարո՞ղ է կարիեսի առաջացման պատճառ դառնալ:

Իհարկե, դյուրամարս ածխաջրատների հարճախակի օգտագործումը, կպչուն սննդի գերակշռումը ռացիոնում` մեծացնում է կարիեսով ախտահարվածության ռիսկը:

Ինչպիսի՞ ախտանիշներ են լինում հիվանդության ժամանակ: Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի կարիես:


Ինչպես նշեցի կարիես բծի շրջանում և մակերեսային կարիեսի դեպքում ընթացքը անախտանիշ է: Կարիեսի զարգացման սկզբական փուլերում պացիենտը գանգատներ չի ունենում: Միջին և խորանիստ կարիեսի դեպքումարդեն լինում են ցավային գանգատներ հիմնականում քիմիական գրգռիչներից, այսինքն`սառից և քաղցրից: Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավը անմիջապես անցնում է: Սովորաբար պացիենտները հասկանում են ,որ կա ինչ-որ խնդիր, երբ կա արդեն կարիոզ խոռոչ կամ ցավ:
 

Կարիեսը կարո՞ղ է առաջանալ բոլորի մոտ:

Կարիես կարող է առաջանալ բոլոր մարդկանց մոտ: Այն կախված է օրգանիզմի պաշտպանական համակարգից ուղեկցող հիվանդություններից նաև շատ կարևոր է նշել իմունային համակարգի գործոնը:Եվ, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գենետիկ նախատրամադրվածությունը:

Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:Սեռը, տարիքը կապ ունե՞ն կարիեսի տարածվածության ցուցանիշի  հետ:

Կարիեսը համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը: Բավականին հաճախ են պացիենտները դիմում այս խնդրով, քանի որ հիմնական գանգատը ցավի առկայությունն է: Տարիքը, այո՜ կապ ունի: Երեխաների մոտ ավելի հաճախ են հանդիպում կարիեսով ախտահարված ատամներ: Հղի կանանց մոտ նույնպես հաճախ է առաջանում կարիես, ինչը պայմանավորված է հղիության ընթացքում ֆտորի պակասով:


Ախտորոշումից  հետո բուժման ի՞նչ եղանակներ եք կիրառում:

Կարիես բծի շրջանում ատամը մեխանիկական մշակման ենթական չէ: Ուղղակի կատարվում է ռեմթերապիա:Մակերեսային և միջին կարիեսի դեպքում կատարվում է կարիոզ խոռոչի մեխանիկական մշակում` հեռացվում են ախտահարված հյուսվածքները և կատարվում է պլոմբավորում: Խորանիստ կարիեսի բուժումը կատարվում է անզգայացման ճանապարհով, որովհետև այս դեպքում ախտահարումը խորն է և շատ մոտ է պուլպային`ատամի նյարդին: Ժամանակին չբուժված կարիեսը կարող է բերել բարդության, որոնցից է կակղանաբորբը`պուլպիտը: Այս դեպքում ախտահարվում են ոչ միայն կարծր հյուսվածքներն, այլև նյարդային փունջը, այսինքն`կակղանը:

Ինչպիսի՞ցուցումներ ու հակացուցումներ կան կարիեսի ժամանակ: Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը:

Կանխարգելման տարբերակը պրոֆիլակտիկան է: Տարին երկու անգամ այցելություն ստոմատոլոգին, որպեսզի բերանի խոռոչի զննում կատարվի: Շատ կարևոր է բերանի խոռոչի հիգիենան` ատամնաքարերի և ատամնափառի մաքրումը, որը պետք է անպայման կատարվի տարին մեկ անգամ:Կարիեսի դեպքում միակ ցուցումն է անհապաղ այցելությունը ստոմատոլոգին կարիոզ խոռոչների պլոմբավորման համար:

Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:

Խորհուրդ եմ տալիս ճիշտ սնվել:Վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել:
Այցելեք ստոմատոլոգին`պրոֆիլակտիկ հետազոտման և հետևեք բերանի խոռոչի հիգիենային` առավոտյան և երեկոյան անպայման լվացեք Ձեր ատամները ճիշտ ատամի մածուկով և խոզանակով:

Աղբյուր` Doctors.am
Հեղինակ`Մարիամ Սարգսյան
10 Մայիս 2018