Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորոբոքումն է, որը կարող է տեղակայվել այտերին, շուրթերի ներսային մակերևույթին, քիմքին, լեզվին:

Ստոմատիտները կլոր, կարմիր եզրերով, սպիտակ կամ սպիտակադեղնավուն մակերեսով մինչև 6 մմ (հազվադեպ ավելի մեծ) բաց գոյացություններ են, որոնք ի հայտ են գալիս առանձին, սակայն երբեմն կարող են լինել խմբերով։ Ստոմատիտը հանդիպում է բնակչության 20-25 %-ի մոտ, ընդ որում՝ աղջիկների մոտ առավել հաճախ, քան տղաների: 

Սկիզբը բնորոշվում է այրոցի զգացումով, որին հաջորդում է ցավը։ Այն կարող է պահպանվել մոտ 2 շաբաթ, սակայն ամենացավոտը առաջին 3-4 օրն է։

Եթե ստոմատիտները շատ խորը չեն, ապա դրանք ապաքինվում են ինքնուրույն և սպիներ չեն առաջացնում։

Երեխաների մոտ հաճախ հանդիպող ստոմատիտներից են հերպես վիրուսով հարուցված ստոմատիտները, որոնք կարող են ընթանալ առանց ախտանշանների կամ ուղեկցվել՝ 

◾️ ցավով,
◾️ ջերմության առկայությամբ (բնորոշ է առավելապես առաջին դրվագին),
◾️ դյուրագրգիռ վիճակով,
◾️ ախորժակի բացակայությամբ։

 Ստոմատիտի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ 

▪️վիրուսները, բակտերիաները,
▪️դիետաները, որոնք կարող են վիտամին B12-ի, ֆոլաթթվի, երկաթի պակասի պատճառ դառնալ,
▪️սննդային ալերգիաները,
▪️վնասված ատամները,
▪️անզգուշաբար սեփական լորձաթաղանթը կծելը, որը կարող է մեխանիկական վնասման պատճառ դառնալ,
▪️սթրեսը
▪️որոշ աղեր, որոնք ատամի մածուկի բաղադրիչ մաս կարող են կազմել (Նատրիումի լաուրիլ սուլֆատ SLS Sodium lauryl sulfate)
▪️իմուն համակարգի խնդիրները:

Պետք է դիմել բժշկի՝

➡️ Եթե 1 տարվա ընթացքում դրանք հայտվում են 2-3 անգամից ավել (հաճախ կրկնվող ստոմատիտները կարող այլ հիվանդությունների դրսևորման 1-ին ազդակները լինել)

➡️ Տևում են 2 շաբաթ և ավելի

➡️Եթե երեխան հրաժարվում է հեղուկներից կամ ունի ջրազրկման նշաններ (մեզի քչացում, թուլություն, շրթունքների չորություն, ներհրված աչքեր, վերջույթների սառնություն, արցունքի բացակայություն լացի ընթացքում)

 Եթե ձեր երեխան արդեն ունի ստոմատիտ, ապա մի՛ շտապեք բուժել այն զանազան «ավանդական» եղանակներով, սովորաբար դրանք լավանում են ինքնուրույն:

Ցավազրկան նպատակով տվեք ձեր երեխային պարացետամոլ կամ իբուպրոֆեն՝ դեղաչափն ու դեղաձևը նախապես համաձայնեցնելով ձեր մանկաբույժի հետ:

Մի՛ անհանգստացեք, եթե երեխան հրաժարվի սննդից, տվեք նրան առատ հեղուկներ, որպեսզի կանխեք ջրազրկումը:

Մի քանի «չի կարելի»

Չի՛ կարելի ստոմատիտը մշակել կալիումի պերմանգանատով (марганцовка), ջրածնի պերօքսիդով
(перекись водорода). դրանք կարող են առաջացնել այրվածք կամ 2-րդային ինֆեկցիա:

Չի՛ կարելի առանց բժշկի նշանակման օգտագործել հակաբիոտիկներ կամ հակասնկային դեղորայք, քանի
որ ստոմատիտները միշտ չէ որ բակտերիալ կամ սնկային բորբոքման արդյունք են:

Չի՛ կարելի մինչև 2 տարեկան երեխաների դեպքում օգտագործել տեղային ցավազրկողներ. դրանք հիմնականում լիդոկային դեղանյութեր են պարունակում, ինչը այդ տարիքի երեխաների դեպքում արգելվում է:

Չի՛ կարելի օգտագործել մեղրը կամ նաբաթ-շաքարը որպես սպեղանի. դրանք ոչ միայն չեն բուժի, այլ կարող են ցավն ավելի սաստիկ դարձնել՝ գրգռելով վնասված լորձաթաղանթը:

Չի՛ կարելի օգտագործել խմորիչներ, սոդա, քացախ. դրանք կարող են վնասել լորձաթաղանթն ու աղեստամոքսային համակարգը:

Որպեսզի ստոմատիտն առավել ցավոտ չլինի, պետք է խուսափել՝

▪️ սուր համեմունքներով սննդատեսակներից
▪️ թթու կամ աղի սննդից
▪️ չիպսերից
▪️ ընկուզեղենից
▪️ ատամի մածուկներից, որոնք պարունակում են Նատրիումի լաուրիլ սուլֆատ (SLS Sodium lauryl sulfate)
▪️ ատամի խոզանակներից, որոնք ունեն կոշտ մազիկներ:


Աղբյուրը՝ Doctors.am