Պատվաստումները երեխայի առողջությունը պահպանելու ամենահաջողված տարբերակն են, քանի որ օգնում են պայքարել մի շարք վտանգավոր ու մահացու հիվանդությունների դեմ: Աշխարհում տարեկան 2-3 մլն մահ է կանխվում պատվաստումների շնորհիվ: Մանկաբույժ Լիլիթ Մարությանի հետ մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է իմունիզացիան, որ տարիքում և ինչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները, ինչպես նաև անդրադարձել ենք պատվաստումների արդյունավետությանը և տարածված միֆերին: 

Բժշկուհի՛ Մարության, ի՞նչ է իմունիզացիան և ինչու՞ է այն անհրաժեշտ:

Իմունիզացիան կանխարգելիչ բժշկության շատ կարևոր մաս է: Այն մի գործընթաց է, որի շնորհիվ մարդկանց նախապես պաշտպանում ենք տարատեսակ հիվանդություններից, քանի որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել:

Իմունիզացիան կարող է լինել ակտիվ և պասիվ: Երբ մենք երեխային պատվաստում ենք ինչ-որ հիվանդության դեմ, դա ակտիվ իմունիզացիան է, քանի որ մենք նրա օրգանիզմ ենք ներմուծում նյութեր, որոնք դրդում են իմունային համակարգին արտադրել հակամարմիններ և երեխան լինում է պաշտպանված տվյալ հիվանդությունից:

Պասիվ իմունիզացիայի դեպքում, երբ օրինակ շունը կծում է մարդուն և կասկած կա, որ շունը կատաղություն ունի, պետք է մարդուն մաքսիմալ պաշտպանենք այդ չբուժվող հիվանդությունից՝ կատաղությունից, կատարելով համապատասխան պատվաստումը, ինչպես նաև ներմուծելով իմունոգլոբուլիններ: Դրանք պատրաստի հակամարմիններ են, որոնք պաշտպանելու են օրգանիզմը առաջին շաբաթների ընթացքում, մինչև այն պահը, երբ մարդու օրգանիզմը կսկսի հակամարմիններ արտադրել:

Երեխաները ո՞ր տարիքում և ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան:

Ամեն երկիր ունի իր ազգային օրացույցը, որի համաձայն էլ որոշվում է, թե ինչ պատվաստումներ են իրականացվելու՝ կախված տվյալ երկրի էպիդեմիոլոգիական վիճակից, ֆինանսական հնարավորություններից և այլ հանգամանքներից:

Հայաստանը բավականին լավ ազգային օրացույց ունի: Այս պահին մեր երկիրն առաջարկում է ընդհանուր առմամբ 18 ծանր հիվանդությունների դեմ պաշտպանություն (եթե ներառենք նաև կորոնավիրուսը, ապա 19):

Ծնվելուց հետո՝ առաջին 24 ժամվա ընթացքում, երեխան ստանում է ԲՑԺ-ի և հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները: Սրանք շատ կարևոր են, քանի որ  ԲՑԺ-ն պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից, իսկ հեպատիտ Բ-ն այն հիվանդություններից է, որով մինչև մեկ տարեկանը վարակվելու դեպքում, 90% դեպքերում հիվանդությունը ծանր ընթացք կունենա, իսկ հետագայում կհանգեցնի լյարդի քրոնիկ հիվանդությունների և անգամ լյարդի քաղցկեղի առաջացմանը:

Սա ընդգծելը կարևոր եմ համարում, քանի որ կան ծնողներ, որոնք ծննդատանն ասում են՝ երեխան դեռ փոքր է և պատվաստելու կարիք չկա: Սակայն աշխարհում 2 մլրդ մարդ վարակված է հեպատիտ Բ-ով և մի մասը չգիտի դրա մասին, իսկ հեպատիտ Բ վարակով հնարավոր է վարակվել անգամ կենցաղային ճանապարհով (օր․, թքի միջոցով)։

Մյուս պատվաստումներն են՝ ԿԴՓ-ն (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), ՀԻԲ-ը (հեմոֆիլուսային վարակ), հեպատիտ Բ-ն, ռոտա վիրուսը, պնևմակոկը:

Այս պատվաստումները երեխան ստանում է երեք անգամ մոտավոր 6 շաբաթ ընդմիջումով՝ 1.5, 3 և 4.5 ամսականում:

Հաջորդիվ ըստ ազգային օրացույցի առաջարկվում է իրականացնել ԿԿԽ-ի (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) դեմ պատվաստումը: Այնուհետ կատարվում են կրկնապատվաստումներ, իսկ դեռահասության տարիքում կատարվում է պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը:

6 ամսականից սկսած բոլորին առաջարկվում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, հատկապես ռիսկի խմբում գտնվողներին, իսկ մինչև 5 տարեկան երեխաները հենց ռիսկի խմբում են:        

Սա արվում է ազգային օրացույցի համաձայն, իսկ Ուիգմոր Քլինիքում մենք առաջարկում ենք նաև մենինգակոկի (9 ամսականից սկսած) դեմ պատվաստումը (պաշտպանում է մենինգիտից): Սկսած 12 ամսականից մենք նաև իրականացնում ենք ջրծաղիկի և հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ պատվաստվում ենք և ի՞նչ վտանգներ կարող է ունենալ պատվաստումները մերժելը:

Պատվաստման նպատակն այն է, որ պաշտպանենք օրգանիզմը առանց այն հիվանդացնելու:

Շատ մարդիկ ասում են՝ երեխաս ավելի լավ է վարակվի և լավանա, քան թե նրան ներարկեն անհայտ ծագման նյութեր:

Ո՞րն է սրա բացատրությունը՝ այո՛, կա երկու տարբերակ իմունիտետ ձեռք բերելու համար՝ մեկը հիվանդանալու միջոցով, մյուսը՝ պատվաստվելու:

Սրանց տարբերությունը հետևյալն է՝ կան վարակներ, որոնց դեպքում, եթե մեկ անգամ հիվանդացար ամբողջ կյանքի համար պաշտպանված ես՝ օրինակ կարմրուկը, ջրծաղիկը: Սակայն ո՞րն է այն գինը, որը վճարում ենք այդ իմունիտետը ձեռք բերելու համար: Օրինակ կարմրուկի դեպքում կարող են բազմաթիվ բարդություններ ի հայտ գալ՝ ծանր թոքաբորբեր, ծանր էնցեֆալիտներ (գլխուղեղի բորբոքում) և այլն: Նույնը նաև կարմրախտը՝ ասում են՝ այն թեթև հիվանդութուն է: Այո՛, երեխաների համար այն ինչ-որ չափով թեթև հիվանդություն է, սակայն, եթե հանկարծ, այդ երեխան հղի կնոջ հանդիպի, ապա պտղի մոտ կարող են ծանրագույն արատներ զարգանալ:

Բացի այդ երբ մարդիկ ասում են, որ ավելի լավ է վարակվել և այդպես պաշտպանված լինել, հաշվի չեն առնում, որ կան հիվանդություններ, որոնցով վարակվելուց հետո կայուն և երկարատև իմունային պատասխան չի ձևավորվում:

Դրանցից մեկը մարդու պապիլոմավիրուսն է: Վարակվելուց հետո մեր բնական իմունիտետը մեկ-երկու տարի աշխատում է, որից հետո մենք նորից անպաշտպան ենք:

Նույնը կապույտ հազի դեպքում է: Մարդը կյանքի ընթացքում մի քանի անգամ կարող է վարակվել այս հիվանդությամբ: Սակայն ավելի հեշտ տարբերակ կա՝ պատվաստվել և զերծ մնալ այդ ծանր հիվանդությունից: Մյուսը՝ օրինակ փայտացումն է: Եթե մարդն ունի այս հիվանդությունը և նրան հաջողվում է ողջ մնալ, ապա մեր իմունային պաշտպանությունը բավարար չէ, որ մեզ հաջորդ անգամ էլ պաշտպանի: Հետևապես անհրաժեշտ է կատարել պատվաստում:

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ ունեն պատվաստումները:

Ինչպես ամբողջ դեղագործական արտադրանքը, այնպես էլ պատվաստանյութերը ունեն իրենց կողմնակի ազդեցությունները:

Բայց համեմատած դեղորայքի հետ պատվաստումները շատ ավելի խիստ չափանիշների պետք է համապատասխանեն և շատ ավելի երկարատև կլինիկական փորձարկումներ պետք է անցնեն կիրառության մեջ դրվելուց առաջ:

Պատվաստանյութերի «խնդիրն» այն է, որ դրանք այնքան արդյունավետ են եղել, որ վերացրել են մի շարք հիվանդություններ, որոնց մասին մարդիկ արդեն մոռացել են: Եթե ետ գնանք 70-100 տարի, երբ սկսվում էր գարուն-ամառը, ծնողները միշտ վախենում էին, որ երեխան մինչև այդ սեզոնի ավարտը կարող է հաշմանդամ դառնալ, քանի որ այդ ժամանակ տարածված էր պոլիոմիելիտը, որով վարակվելու դեպքում 100 երեխայից 1-ը դառնում էր հաշմանդամ: Այժմ ծնողները նման խնդրի չեն բախվում, քանի որ պոլիոմիելիտը ճիշտ է վերացված չէ աշխարհի երեսից, սակայն դրա տարածումը կանգնեցված է: Այսօր ամբողջ աշխարհում մեկ տարվա ընթացքում գրանցվում է մոտ 30 դեպք, բայց եթե շարունակվի պատվաստումները մերժելու պրոցեսը, մենք նորից կտեսնենք այն հիվանդությունները, որոնց մասին գրքում ենք կարդում:

Չնայած պատվաստումների արդյունավետությանը՝ կան մարդիկ, որ նախընտրում են չպատվաստվել: Նրանք ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում:

Հակապատվաստումային շարժումը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան գոյություն ունեն պատվաստումները:

Վերջին տարիներին, սակայն, այդ շարժումը նոր թափ առավ, քանի որ ինֆորմացիոն դարաշրջանում ավելի հեշտ է ստանալ տեղեկատվություն, ինչպես նաև ապատեղեկատվություն:

Այդ պատճառով, օրինակ, տարածվում են դավադրության տեսությունները, մարդիկ որևէ բան են լսում և սկսում պատմել այդ ամենը ծանոթ-բարեկամներին: Նման մարդիկ շատ չեն խորանում գիտության մեջ՝ մտածելով, որ պատվաստումները տարատեսակ հիվանդություններ են առաջացնում:

Այսպիսով նրանք տրվում են էմոցիոնալ հայտարարություններին՝ անտեսելով չոր փաստերը:

Հենց այդ ամենի հետևանքով, օրինակ, 2017-2019 թ Եվրոպայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում տեսանք կարմրուկի վերադարձ, քանի որ մարդիկ սկսեցին հրաժարվել պատվաստումներից: Հնդկաստանում մի քանի տարի առաջ նկատվեցին դիֆթերիայի բռնկման դեպքեր և ցավոք այս օրինակները բազմաթիվ են։

Հայաստանում ծնողները որքանո՞վ են հակված պատվաստել իրենց երեխաներին:

Մեզ մոտ էլ ինչպես ամբողջ աշխարհում ծնողները շատ տարբեր են: Կան ծնողներ, որոնք մեկ օր շուտ ցանկանում են պատվաստել երեխաներին, սակայն կան նաև մարդիկ, որ հավատում են տարատեսակ դավադրության տեսություններին:

Ցավալի է, որ երբեմն նաև բժիշկներն են հակագիտություն տարածում:

Ուստի սկզբում պետք է բժիշկների մեջ լինի միակարծություն, որ հետո կարողանանք կրթել նաև ծնողներին:

Պետք է հիշել, որ պատվաստվելու որոշումը մարդը միայն իր համար չի կայացնում, քանի որ պատվաստվելը արդյունքում առաջանում է կոլեկտիվ իմունիտետ և այդպիսով մարդը պատասխանատվություն է կրում նաև իր շրջապատի համար: