Արդյոք մայրը պետք է կերակրի վատ ուտող երեխային: Երեխան, որին խրախուսում են, սկսում է ինքնուրույն ուտել 12-18 ամիսների միջև: Բայց երբ գերհոգատար մայրը շարունակում է կերակրել նրան մինչև 2, 3 կամ 4 տարեկան հասակը, ապա ոչ մի արդյունքի չի հասնի, եթե նույնիսկ դադարի կերակրել: Այդ տարիքում երեխան ինքնուրույն ուտելու ցանկություն չի ունենում: Նրա մտքով անգամ չի անցնում, թե կարող է այլ կերպ լինել: Եթե մայրն անսպասելիորեն դադարի կերակրել, նա կվիրավորվի ու կզայրանա: Նա կարող է 2-3 օր ընդհանրապես հրաժարվել ուտելուց, իսկ դա շատ ավելին է, քան կարող է դիմանալ ամեն մի մայր: Դրանից հետո մայրը նորից կկերակրի նրան, բայց երեխան արդեն վիրավորված է մորից: Իսկ երբ մայրը կրկին փորձում է ստիպել ինքնուրույն ուտել, երեխան գիտակցում է իր ուժն ու նրա թուլությունը:

Երկու տարեկան երեխան հնարավորին չափ շուտ պետք է սովորի ինքնուրույն ուտել: Ուսուցումը կտևի մի քանի շաբաթ և կպահանջի համբերություն ու նրբանկատություն: Փորձեք գործն այնպես կազմակերպել, իբր ինքն է ուզում գդալով ուտել, իսկ դուք միայն կատարում եք նրա ցանկությունը: Մի քանի օր շարունակ նրան տվեք միայն իր սիրած կերակուրները: Ափսեն նրա առջև դնելով, մի րոպեով գնացեք խոհանոց կամ մյուս սենյակ, իբրև թե ինչ-որ բան եք մոռացել այնտեղ:  Ամեն օր բացակայեք ավելի երկար ժամանակով: Վերադառնալով երեխայի մոտ ուրախ կերակրեք նրան, ոչ մի բառ չասելով այն մասին, արդյոք ինքնուրույն կերե՞լ է, թե ոչ: Եթե երեխան չի կարողանում սպասել ձեր վերադարձին և կանչում է ձեզ մյուս սենյակից, անմիջապես վերադարձեք: Երկու շաբաթ հետո երեխան ի վիճակի կլինի ինքնուրույն ուտել ճաշը, բայց հաջորդ օրը կխնդրի, որ կերակրեք: Մի վիճեք նրա հետ, քանի դեռ սովորեցնում եք:

Ենթադրենք, թե մի քանի շաբաթ շարունակ 10-15 րոպեով երեխային մենակ եք թողել համեղ կերակրի հետ, բայց նա ձեռք չի տվել: Այդ դեպքում պետք է քաղցած թողնեք նրան, քանի որ քաղցը կկոտրի նրա համառությունը, բայց միևնույն ժամանակ պետք է լինել բարեհամբույր ու նրբանկատ: Շուտով երեխան ինքնուրույն կուտի իր ճաշի կեսը: Ուշադրություն մի դարձրեք, եթե ձեր բալիկը ճաշի կեսը թողնի ափսեի մեջ: Նրա քաղցը շարունակ կուժեղանա ու կստիպի ավելի լավ ուտել: Եթե լրացուցիչ կերակրեք, նա երբեք չի սովորի ինքնուրույն ուտել ամբողջ ճաշը: Երբեմն լինում է նաև այնպես, որ երեխան ժամանակավորապես կորցնում է ախորժակը կամ հիվանդանում է, նման դեպքերում մայրը պետք է կերակրի երեխային` չսպասելով, որ երեխան ինքնուրույն ուտի իր ճաշը:


babycare.am