Երբ հայրը ժամանակավորապես բացակայում է։ Եթե երեխան ծնվում ու մեծանում է հոր ժամանակավոր բացակայությամբ, դա չի նշանակում, թե նա կարող է այնպիսի տպավորություն ունենալ, իբր մասնակցում է երեխայի խնամքին։ Դա նաև չի նշանակում, թե երեխան զուրկ՝ կլինի որևէ բանից։ Ամենևին։ Հայրը պետք է հնարավորին չափ շատ բան իմանա երեխայի մասին ու հաճախ ստանա նրա լուսանկարները։ Իր նամակներում մայրը սովորաբար հաղորդում է այն փաստերը, որոնք առավել կարևոր են թվում, երեխան առողջ է, նրա քաշը լավ է ավելանում, 2 ատամ է հանել, բժիշկն ասում է, որ նորմալ է զարգանում և նույնիսկ առաջ է անցնում իր հասակակիցներից։ Իհարկե, հոր համար էլ կարևոր է իմանալ այս ամենը, բայց նա կցանկանար իմանալ ուրիշ շատ մանրամասնություններ, որոնց մայրը նշանակություն չի տալիս։ Հայտնեք նրան, թե ուտելուց հետո երեխան ինչպիսի բարձր ձայնով է գխտում և որքան լուրջ տեսք ունի։ Համառոտակի նկարագրեք երեխայի կյանքից մի տասը րոպե, ինչպես է ձգվում, որ վերցնի հանդեսը, իսկ հետո վայր ընկնում, ինչպես է փորձում կազմի համը ու ծամածռում դեմքը, որովհետև հանդեսը համեղ չէ, ինչպես է կռանում, որ ուշադրությամբ զննի նկարները, ասես որևէ բան է հասկանում, ինչպես է հանդեսը պատառոտում, այնուհետև թղթի կտորը բռունցքի մեջ ամուր սեղմած չոչ անում, հետո կանգ առնում ռադիոընդունիչի առջև ու ամենայն լրջությամբ հարվածում։ Դուք կզարմանաք, թե որքան բան կարելի է պատմել երեխայի մասին։ Նամակը կարդալիս հայրը կժպտա, պատկերացնելով այդ ամենը։ Շատ շուտով կսովորեք հիշել ձեր երեխայի զվարճալի արտահայտությունները, որպեսզի հետո նամակով հաղորդեք հորը։

Ամենատաղանդավոր գրողն անգամ անկանող է հորինել մանկան թոթովանքը, որը թեկուզ կիսով չափ այնքան զվարճալի ու գորովաշարժ լինի, որքան փոքրիկի ամեն մի խոսքը։ Հնարավորին չափ հաճախ լուսանկարեք երեխային և հորն ուղարկեք այն բոլոր լուսանկարները, որտեղ կարելի է որևէ բան նշմարել։ Ինքնասեր մայրը չի ուղարկի այն լուսանկարները, որտեղ ինքը կամ երեխան հիմարավուն տեսք ունեն, տգեղ են կամ զայրացած։ Բայց ընտանիքը պատկերացնելու համար պարտադիր չէ, որ լուսանկարներում հայրը տեսնի միայն ժպտացող դեմքեր, ինչպես քաղցած մարդուն հարկավոր չեն միայն կոնֆետներ։ Ավելի լավ է կանոնավոր ուղարկել մի քանի լուսանկար, քան միանգամից շատ և ուշ-ուշ։

Հարկ է նշել նաև մի շատ կարևոր ու լուրջ հարց։ Մոր նման հայրն էլ է ուզում զգալ, որ իր գոյությունն անհրաժեշտ է և օգտակար։ Եթե նրան չանհանգստացնելու համար մայրը միայն պատմում է, թե որքան լավ է գլուխ հանում բոլոր դժվարություններից և որքան հաջող է կազմակերպում ամեն բան, հայրն ակամա իրեն կհամարի անօգտակար։ Բայց, մյուս կողմից, հոր համար ծանր է լսել երեխայի վերաբերյալ մոր .ապրումների ու տագնապների մասին, երբ ինքր ոչնչով չի կարող օգնել։ Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ մայրը կարող է խորհրդակցել հոր հետ. արդյոք պե՞տք է դրամ ծախսել ամառանոց մեկնելու համար, մյուս տարի երեխային ուղարկել մանկապարտեզ, կարելի՛ է թույլ տալ նրան ծառ բարձրանալ, չնայած վտանգի է ենթարկվում ու պատռում հագուստները։ Անշուշտ հայրը կմասնակցեր այս հարցերի լուծմանը, եթե տանը լիներ։ Կողքից դիտողի դերում լինելով, հայրը կարող է միանգամայն նոր տեսանկյունով մոտենալ այդ հարցերին և այնպիսի խորհուրդ տալ, որ մոր մտքով չէր անցնի։ Մասնակցելով ընտանեկան հարցերի լուծմանը, հայրն ավելի է կապվում ընտանքի հետ։ Մայրը կարող է մտածել, թե առանց այն էլ իր համար դժվար է, և ամուսնու խորհուրդներր միայն կբարդացնեն գործը։ Բայց ցանկանում եք այդ, թե ոչ, երկու ծնողներն էլ պետք է մասնակցեն երեխայի դաստիարակությանը։ Եթե հայրն զգում է, որ իր բացակայությամբ մայրը սխալ է դաստիարակում երեխային և, տուն վերադառնալով, ստիպված է շատ բան ուղղել, ապա երկար ժամանակով կբարդացնի ընտանեկան հարաբերությունները։ Երբեմն հայրը (կամ մայրը) կթեթևացնի վիճակը, եթե րնդառաջի, թեև հոգու խորքում համաձայն չէ այս կամ այն որոշմանը։

Ինչպե՞ս լրացնել հոր բացակայությունը։ Անխոհեմություն է ենթադրել, թե հոր բացակայությունը կամ մահը ոչ մի ազդեցություն չի թողնում երեխայի վրա կամ մոր համար հեշտ է լրացնել այդ բացը։ Սակայն ճիշտ վարվելու դեպքում երեխան, լինի տղա թե աղջիկ, կարող է մեծանալ ու ապրել նորմալ, լիարժեք կյանքով։ Վճռական դեր է խաղում մոր վերաբերմունքը։ Նա կարող է իրեն զգալ միայնակ, շարունակ գամված երեխային, ժամանակ առ ժամանակ զայրանալ, երբեմն էլ ողջ զայրույթը թափել երեխայի գլխին։ Դա բավական է։ Շատ կարևոր է, որ հնարավորության սահմանում մայրը շարունակի ապրել նորմալ կյանքով։ Դա շատ դժվար է, եթե նա երեխա ունի և ոչ ոք չի օգնում։ Բայց նա կարող է տուն հրավիրել ծանոթներին կամ իր հետ հյուր տանել երեխային, եթե նա կարողանում է քնել ուրիշ տեղ։ Երեխայի համար ավելի կարևոր է մոր լավ տրամադրությունը, քան գերազանց ռեժիմը։ Երեխային բնավ էլ օգտակար չէ, եթե մայրն իր բոլոր մտքերը, սերն ու հոգատարությունը կենտրոնացնի միայն նրա վրա։ Հորից զրկված երեխան, մեծ թե փոքր, տղա թե աղջիկ, կարիք ունի բարեկամական հարաբերություններ պահպանելու ուրիշ տղամարդկանց հետ։ Մինչև 2 տարեկան երեխային բավական է հաճախ հիշեցնել, որ գոյություն ունեն այնպիսի համակրելի արարածներ, ինչպիսին տղամարդիկ են, որոնք խոսում են թավ ձայնով և կանանցից տարբերվում են իրենց հագուստով ու շարժուձևով։ Եթե մտերիմ տղամարդիկ չկան, հարմար է նաև խանութի վաճառողը, որը պարզապես ժպտում ու բարևում է երեխային։

Երեք տարեկանում և ավելի մեծ հասակում էլ ավելի կարևոր է, թե երեխան ինչպիսի հարաբերությունների մեջ է տղամարդկանց հետ։ Ե՛վ տղայի, և աղջկա համար անհրաժեշտ է շփվել տղամարդկանց ու իրենցից մեծ տղաների հետ, զգալ նրանց մտերմությունը։ Պապիկը, քեռայրը, հորեղբոր կամ մորեղբոր տղաները, ուսուցիչը, ընտանիքի հին բարեկամները կամ բոլորը միասին կարող են փոխարինել հորը, եթե նրանք բավականություն են զգում երեխայի հետ շփվելուց ու հաճախ հանդիպում նրան։ Երեք տարեկանից մեծ ամեն մի երեխա մտովի ստեղծում է հոր կերպարը, որը դառնում է նրա իդեալն ու ոգեշնչում, անկախ այն բանից՝ երեխան հիշում է հորը, թե ոչ։ Մյուս տղամարդիկ, որոնց հետ հաճախ է հանդիպում և որոնք հաճույքով են խաղում նրա հետ, նյութ են ծառայում հոր կերպարն ստեղծելու համար, ազդում նրա երևակայության վրա, հոր կերպարը դարձնում ավելի կարևոր ու թանկ։ Մայրն իր հերթին կարող է առանձնահատուկ հյուրընկալություն ցույց տալ տղամարդ ազգականներին, ընտրել այնպիսի դպրոց, որտեղ դասավանդում են տղամարդ ուսուցիչներ, խրախուսել նրան ընդունվելու այնպիսի խմբակներ ու այլ կազմակերպություններ, որոնց ղեկավարները տըղամարղիկ են։

Հայր չունեցող տղան 2 տարեկանից հետո առանձնապես խիստ է զգում ուրիշ տղաների հետ ամենօրյա շփման և տղայական ավանդական խաղերին ու զբաղմունքներին մասնակցելու խրախուսանքի կարիքը։ Եթե մոր կյանքում չկան ուրիշ հավասարաչափ զորեղ մտերմական կապեր, ապա նա գայթակղություն է զգում տղային դարձնել իր մտերիմ հոգևոր զինակիցը, աշխատում է նրան հետաքրքրել սենյակների կահավորությամբ, հագուստի ձևերով, ուրիշ մարդկանց վերաբերյալ իր կարծիքներով ու զգացմունքներով, իր սիրած գրքերով ու զվարճություններով։ Եթե նրան հաջողվի իր աշխարհը ավելի գրավիչ ու թեթև դարձնել որդու համար, քան նրա ընկերների աշխարհն է, որտեղ ստիպված է ինքնուրույն նվաճել իր տեղը, ապա տղան ժամանակից շուտ կմեծանա և կունենա կանացի հետաքրքրություններ։ Իհարկե, մոր մտերմությունը օգուտից բացի ուրիշ ոչինչ չի տա երեխային, պայմանով, որ մայրը չխանգարի նրան ինքնուրույն անցկացնել ժամանակը, ինքն էլ կիսի նրա հետաքրքրությունները, այլ ոչ թե ստիպի առավելապես ապրել իր հետաքրքրություններով։ Օգտակար է նաև հաճախակի տուն հրավիրել ուրիշ տղաների, նրանց հետ մեկնել էքսկուրսիաներ ու արշավներ։