Սոնոգրաֆիան (ուլտրաձայնային հետազոտությունը) ինֆորմատիվ մեթոդ է: Անցավ ու անվնաս լինելը հնարավորություն է տալիս այն կիրառել տարբեր տարիքային խմբերում, այդ թվում երեխաների, հղի կանանց:
Սոնոգրաֆիան դառնում է լավագույն տարբերակներից մեկը աղեստամոքսային տրակտի խնդիրները հայտանբերելու համար: Ախտանշանների, մեթոդների էության մասին պատմում է ճառագայթաբան Կարինե Աղալարյանը:

Ո՞ր ախտանշանների  դեպքում է հարկավոր կատարել աղեստամոքսային տրակտի սոնոգրաֆիա:

Ցանկալի է տարին մեկ-երկու այցելել բուժհաստատություններ՝ պրոֆիլակտիկ, սոնոգրաֆիկ հետազոտությանն համար, քանի որ հիվանդության վաղ փուլում կլինիկական նշանները  կարող են արտահայտված չլինել: Անհրաժեշտ է կատարել ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), եթե կան՝ տարաբնույթ ցավեր որովայնի և էպիգաստրալ շրջանում, մարսողության հետ կապված խնդիրներ՝ ծանրության զգացողություն, սրտխառնոց, փսխում, թթվայնության բարձրացում (իժժոգա), բերանի տհաճ հոտ, գազերի առկայություն, փորկապություն, փորլուծություն, ջերմություն և այլն:

Ի՞նչ մեթոդներով է կատարվում ախտորոշումը, սոնոգրաֆիան:

Սոնոգրաֆիկ հետազոտությունը ոչ ինվազիվ հետազոտություն է, բազմիցս  է խոսվել առավելությունների մասին, այն անցավ և անվնաս է, համեմատած մյուս հետազոտությունների՝մատչելի է, չունի հակացուցումներ, իսկ որոշ դեպքերում այն  կարող է հանդիսանալ հիմնական մեթոդ, օրինակ՝ հղիների, հյուծված հիվանդների կամ երեխաների համար: Միակ բացասական կողմն այն է, որ հետազոտության ընթացքում  հյուսվածքի նմուշ չենք կարող վերցնել: Սոնոգրաֆիկ  հետազոտության մեթոդներն են՝ տրանսաբդոմինալ, որի ժամանակ կիրառվում է նաև հիդրոսոնոգրաֆիան, երբ  ջուրը որպես կոնտրաստ նյութ ենք օգտագործում, տրանսռեկտալ և տրանսվագինալ:

Ի՞նչ հիվանդություններ կարող են ախտորոշվել սոնոգրաֆիկ հետաազոտությամբ:

Ստսմոքս-աղիքային տրակտը հետազոտելիս անհրաժեշտ է կատարել որովայնայի աորտայի դուպլեքս հետազոտություն: Ցավի պատճառ կարող են լինել աղիները սնուցող աորտայի ճյուղերը, տվյալ դեպքում ցավը ավելի հաճախ ուտելուց հետո է լինում:
Կարող ենք հայտնաբերել նաև աորտայի անևրիզմա, դռներակի թրոմբոզ: Երեխաների մոտ փորացավերի պատճառ հաճախ դառնում է մեզենտերյալ լիմֆադենիտը, դա լիմֆատիկ հանգույցների բորբոքումն է, որը  շատ հեշտ է պարզել: Ցավերը կարող են կեղծ կույր աղու բորբոքման պատկեր հիշեցնել:
Կերակրափողը հետազոտելիս նկատելի է  կերակրափողից ստամոքս անցումը, ռետրոկարդիալ հատվածը և եթե առկա է  պատի փոփոխություն՝ ստենոզ, շրջակա լիմֆատիկ հանգույցների փոփոխություն, ուռուցք, ապա մենք դա կարող ենք տեսնել:
Ստամոքսի հետազոտության ժամանակ կարելի է հայտնաբերել գաստրիտ, խոց, գոյացություն, գաստրոպտոզ, օտար մարմինների առկայություն, ստենոզ, ստամոքսի երակների վարիկոզ լայնացում:
Կարող է նկատվել բազալ–սեկրետոր ակտիվություն այն դեպքում, երբ հիվանդը չի օգտագործել նախաճաշ, բայց առկա է պերիստատիկայի ուժեղացում կարդիալ հատվածում:
Աղիներում կարելի է հայտնաբերել էկզոֆիտ աճ ունեցող ուռուցքներ (երբ ուռուցքը աճում է պատից դուրս), որոնք չեն երևում էնդոսկոպիկ հետազոտությամբ:Աղիների անանցանելիությունը (հաճախ դա հետվիրահատական բարդություն է), որն առաջանում է  կպումների հետևանքով, պատճառ կարող են հանդիսանալ նաև գոյացությունները, կրոնի հիվանդությունը, ուռուցքները, ինվագինացիան, ինչպես նաև տոնուսի իջեցումը կամ բացակայությունը, պերիստատիկայի  բացակայությունը:
Կարելի է հայտնաբերել կրոնի հիվանդությունը և ոչ սպեցեֆիկ խոցային կոլիտը հիվանդության տարբեր փուլերում: Կույր աղու հետազոտության ժամանակ պետք է տարբերակել բարդացածն և ոչ բարդացածը: Որթանման ելունի սնուցումը պարզելու համար մեծ նշանակություն ունի դուպլեքս հետազոտությունը: Ժամանակին հետազոտվելն ու բուժվելը կօգնի լավացնել կյանքի որակը:

Հարկավո՞ր է նախապես պատրաստվել սոնոգրաֆիկ հետազոտության

Հոգնաներ պետք չեն: Հետազոտությունից 2-3 օր առաջ պետք է դիետիկ սնվել, ուտել քիչ քանակությամբ, բայց հաճախակի (4-5 անգամ օրեկան), հեշտ  մարսելի, գազեր չառաջացնող սնունդ:
Չի կարելի օգտագործել ալկոհոլ, կծու, թթու, աղի, ճարպոտ սնունդ, բանջարեղեն, միրգ, հացաբուլկեղեն, քաղցրավենիք, նվազեցնել թեյի և սուրճի օգտագործումը, հետազոտման օրը չի կարելի ծխել կամ ծամոն ծամել: Թույլատրելի սննդամթերքները՝ միս (առանց) ճարպի, ձուկ, հավի բուլյոն, գրեչկա, բրինձ, գերկուլես, պանիր, օրվա ընթացքում օգտագործել մեկ ձու, մի բաժակ կաթ կամ կեֆիր: Անհրաժեշտ է օգտագործել  օրեկան 1,5 լ-ից ոչ պակաս հեղուկ: Ցանկալի է դիետայի հետ մեկտեղ օգտագործել մարսողության ֆերմենտներ՝ մեզիմ ֆորտե, ֆեստալ, կրիոն և գազերի չեզոքացման համար՝ էսպումիզան, ածուխ: Փորկախպության ժամանակ՝սենադե, սենադեքսին: Հետազոտությունից  20-30ր առաջ հետազոտվողը պետք է խմի ջուր կամ այլ ոչ գազավորված հեղուկ  1-1,5 լ:


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան