Եթե վաղուց հատել եք դեռահասության շեմը, իսկ իմաստության ատամն այդպես էլ չի հայտնվել, ապա անհանգստանալ պետք չէ. ոչ բոլորը կարող են իմաստության ատամ ունենալ: Այս մասին գրում է Cleveland Clinic-ի կայքը՝ մեջբերելով ատամնաբույժ Մայքլ Հորանի խոսքերը: Բայց եթե Ձեր «բախտը բերել է», եւ իմաստության ատամը ժամանակին հայտնվել է, ապա, ըստ Հորանի, պարտադիր չէ այն հեռացնել, եթե ցավեր չկան:
«Ցավն առաջին նշանն է, որ Ձեր իմաստության ատամի հետ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ այդ խնդիրներն ուղեկցվում են առանց ցավի»,-ասում է նա: Այդ դեպքում ատամնաբույժին պարբերաբար այցելելը պարտադիր է: Հաճախակի ստուգումները պարտադիր են նաեւ այն դեպքում, եթե որոշել եք չհեռացնել իմաստության ատամը. «Քանի որ իմաստության ատամները տեղակայված են բերանի խոռոչի ամենահետին հատվածում, դրանք խնամելը փոքր ինչ բարդ է: Եթե որոշել եք չհեռացնել դրանք, ապա պետք է հաճախակի այցելել ատամնաբույժի»,-նշում է մասնագետը:

Մայքլ Հորանը, սակայն, վստահ է, որ հիմնականում ատամնաբույժները նախընտրում են հեռացնել իմաստության ատամները, քան պահպանել դրանք՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
«Ուիգմոր Քլինիքի» ատամնաբույժ Գուրգեն Պողոսյանը եւս այն կարծիքին է, որ իմաստության ատամը անհրաժեշտ է հեռացնել:
«Իմաստության ատամները մարդկությանը պիտանի են եղել հազարավոր տարիներ առաջ, սակայն էվոլյուցիայի ընթացքում մարդու առօրյան փոխվել է, եւ այդ ատամների համար ծնոտում այլեւս տեղ չի մնացել եւ հենց այդ տեղ չմնալու պատճառով են ատամնաշարի հետ կապված բոլոր խնդիրներն առաջանում»,- Doctors.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Շատ հաճախ պացիենտները ցավեր են ունենում, չեն հասկանում, թե որտեղից է: Ես այդ դեպքերում առաջինը ստուգում եմ իմաստության ատամները եւ միանգամից հեռացնում դրանք: 99 տոկոս դեպքերում այդ խնդիրները լուծվում են»,- ասում է նա՝ հավելելով, որ մարդիկ հիմնականում հակված չեն հեռացնել իմաստության ատամները, եթե դրանք չեն անհանգստացնում՝ «ատամ է, թող մնա» սկզբունքով:
«Հենց իմաստության ատամի պատճառով կարող են հերթով փչանալ բոլոր ատամները: Հիմնականում հենց այդպես էլ լինում է: Իմաստության ատամները սեղմում են ատամնաշարը, ատամների արանքներում սնունդ է լցվում, որը մաքրելն անհնար է դառնում: Հավատացեք՝ դրանցից ոչ մի օգուտ չկա, բայց, իհարկե, ընտրությունը միշտ պացիենտը պետք է անի»:

Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ իմաստության ատամը հեռացնելուց հետո. «Խնդիրները հիմնականում կապված են ատամը հեռացնելուց հետո առաջացած վերքի կամ փոսի հետ: Վերքի մեջ բակտերիալ ֆոնը կարող է փոխվել, եւ առաջանան ցավեր: Սննդի մնացորդները նույնպես կարող են լցվել փոսի մեջ: Ի դեպ, նախկինում կարում էին այդ վերքերը, բայց հետո փորձը ցույց տվեց, որ եթե պատռվածք չկա, ապա վերքը կարելու կարիք չկա, հատկապես եթե բորբոքման պրոցես կա: Կարելը միայն ավելի կգրգռի դա: Փոսն ինքն իրեն վերականգնվում է, պետք է սպասել: Դրա համար ես, օրինակ, պացիենտին երեք օր արգելում եմ ծամել, թույլ եմ տալիս միայն խմել»,- նշեց Գ. Պողոսյանը:

Իմաստության ատամը տարբեր մարդկանց մոտ տարբեր տարիքում է ի հայտ գալիս: Մեկի մոտ 16 տարեկանում, մեկի մոտ՝ 20-ում, իսկ մյուսն էլ կարող է մի ամբողջ կյանք սպասել իմաստության ատամին: Գուրգեն Պողոսյանը հորդորում է չսպասել. ռենտգեն ախտորոշումը կարող է հստակ ցույց տալ՝ տվյալ մարդու իմաստության ատամը «ճանապարհին է», թե՝ ոչ:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը