Միշտ Կողքին® շուրջօրյա ծառայությունն արտակարգ իրավիճակներում հայտնված, բժշկական կամ այլ անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց հոգածության ապահովման համակարգ է:
Այն թույլ է տալիս անմիջապես օգնություն կանչել, երբ մարդն իրեն հանկարծակի վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը, մոլորվել է դրսում, ի վիճակի չէ ինքնուրույն օգնության կանչել:
«Kanch.am» ընկերության ծառայությունների մանրամասները Doctors.am–ի հետ զրույցում ներկայացնում է ընկերության գործառնական տնօրեն Քրիստինե Արշակյանը:
 
Մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ է իրենից ներկայացնում ծառայությունը: Որո՞նք են Ձեր առջեւ դրված խնդիրները, նպատակները: Կա՞ն արդյոք նմանատիպ ծառայությունների նախադեպեր աշխարհում:
 
Ասեմ, որ եվրոպական զարգացած երկրներում նման ծառայությունները վաղուց արդեն գործում են եւ բավական արդյունավետ: Փորձեցինք ուսումնասիրություն կատարել հասկանալու համար, թե կա՞ արդյոք նման ծառայություն մեր երկրում եւ կա՞ արդյոք նման ծառայության պահանջարկ: Պարզելով, որ կա թե՛պահանջարկ, եւ թե՛ հետաքրքրություն, որոշեցինք մեր երկրում եւս նախաձեռնել եւ հասանելի դարձնել այն:
 
Ո՞րն է ծառայության թիրախային խումբը: Տարիքային ո՞ր խմբի դեպքում է այն առավել պահանջված:
 
Թիրախային հիմնական խումբը տարեց, միայնակ մարդիկ են: Այսօր գիտենք, որ երիտասարդները հաճախ մեկնում են արտերկիր՝ աշխատանքի եւ շատ այլ նպատակներով, եւ ծնողին տանը մենակ թողնելը դառնում է լուրջ խնդիր: Մարդկանց առողջության անվտանգության ապահովում. այսինքն՝ մարդը տանը մենակ մնալով, կարող է վստահ լինել, որ իր անվտանգությունն ապահովված է, եւ ցանկացած պահի վատ զգալու դեպքում կա ծառայություն, որն անմիջապես կարձագանքի եւ համապատասխան օգնություն կցուցաբերի ամենասեղմ ժամանակահատվածում: Այն նաեւ վստահություն է տալիս անձի հարազատներին, ովքեր իր կողքին չեն:
Իհարկե, գործում են շտապ օգնության, փրկարար եւ այլ ծառայություններ, սակայն, որքանով կարելի է վստահ լինել, որ մարդը վատ զգալու դեպքում կարող է ահազանգել եւ օգնության կանչել:
 
 
Ինչպիսի՞ սարքավորումներով է կազմակերպությունն ապահովում արագ «կանչը»: Արդյո՞ք դրանք դյուրին եւ հասանելի են օգտագործման մեջ:
 
 Միշտ Կողքին®  ծառայությունն առաջարկում է լուծումներ ինչպես տան համար, այնպես էլ տանից դուրս: 
Տան համար նախատեսված է «Կանչի Կոճակ» եւ բազային սարք բարձրախոսով, որը միացվում է ֆիքսված (քաղաքային) հեռախոսագծին: «Կանչի Կոճակը» օգտագործողը պահում է իր մոտ եւ ցանկացած պահի վատ զգալու դեպքում այդ կոճակի սեղմումով կատարում է կանչի ահազանգ:
 
Տան սահմաններից դուրս լուծումների համար օգտագործվում են սարքեր՝ համալրված GPS համակարգով եւ անկման սենսորային ցուցիչով: Սա հատկապես անփոխարինելի է հիշողության խնդիրներ ունեցող անձանց համար: Այս տարբերակը աշխատում է երկու եղանակով: Մոլորվելու դեպքում մարդը կարող է սեղմել կոճակը եւ ուղարկել ահազանգ, կամ նախապես կարելի է սահմանել որոշակի շառավիղ, որից դուրս գալու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով ահազանգ է ստանում: Սա լավ տարբերակ է նաեւ այն ծնողների համար, ովքեր ունեն շատ ակտիվ երեխաներ, որոնք հաճախ են ինքնուրույն տանից դուրս գալիս եւ կարող են լքել իրենց ծանոթ վայրերը:
 
Իսկ այն դեպքերում, երբ մարդը կորցրել է գիտակցությունը, սարքն ինչպե՞ս է ահազանգում:

 
Այն մարդկանց համար, ում մոտ գիտակցությունը կորցնելու եւ ընկնելու ռիսկը բարձր է, մենք խորհուրդ ենք տալիս ձեռք բերել անկման սենսորային ցուցիչով համալրված «Կանչի Կոճակը», որն ինքնուրույն ազդանշան կուղարկի Օգնության Կենտրոն` ավտոմատ կերպով գրանցելով ընկնելու փաստը:
 
 
Կազմակերպությունում ի՞նչ տվյալներ են գրանցվում անձի մասին: Արդյո՞ք կանչի ահազանգ ստանալու դեպքում դուք գիտեք ինչ պատրաստվածությամբ շտապել օգնության:
 
Այո: Ծառայությանը բաժանորդագրվելիս տվյալ մարդու կամ նրա հարազատների հետ պայմանագրի կնքման ընթացքում գրանցվում են օգտագործողի հիվանդությունները, ընդհանուր առողջական վիճակի նկարագիրը... Հաճախորդի հետ նախապես համաձայնեցվում է, թե ծառայության աշխատակիցներն ի՞նչ պետք է անեն ահազանգի դեպքում՝ զանգահարել շտապ օգնություն, թե՞ տեղյակ պահել հարազատին, բուժող բժշկին եւ այլն: Ահազանգ ստանալուց հետո մեր աշխատակիցը շարունակում է մնալ կապի մեջ ահազանգողի հետ, որպեսզի նա վստահ եւ հանգիստ լինի, որ խնդրի մասին տեղյակ են, եւ օգնությունը  չի ուշանա:
 
 
 
Ծառայությունից կարող են օգտվել միայն առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, թե՞ կան առաջարկներ նաեւ այլ խմբի անձանց համար:
 
Մեր ծառայությունն իհարկե առավել անհրաժեշտ է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, օրինակ, եթե մարդը տարել է սրտի կաթված, ապա մեր ծառայությունը կպարգեւի լրացուցիչ վստահություն իր առօրյա կյանքում: Գործում է նաեւ ծառայություն, որով կարող ենք տեղեկանալ մարդու ինքնազգացողության մասին, հիշեցնել դեղահաբեր ընդունելու կամ բժշկին այցելելու մասին, ինչպես նաեւ՝ տուն առաքել դեղորայք: Մեր ծառայության օգտագործողը կարող է լինել նաև պարզապես մեծահասակ եւ լիարժեք առողջ մարդ, ով կարող է իրեն հանկարծակի վատ զգալ եւ ի վիճակի չլինել ինքնուրույն օգնության կանչել:
 

Ի՞նչ է իրենից ներկայացնում «բանալիները սեյֆում» ծառայությունը:
 
Օգտվելով «Բանալիները սեյֆում» ծառայությունից` Դուք կարող եք մեր պահպանությանը վստահել Ձեր տան բանալիների կրկնօրինակը, որը մենք կպահենք սեյֆում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բացել Ձեր տան դուռը` արտակարգ իրավիճակների ծառայությանը, հարեւաններին կամ այլ վստահված անձանց մուտքը ապահովելու համար:
 
 
Ունե՞ք արդյոք սոցիալական փաթեթներ կամ զեղչեր անվճարունակ մարդկանց համար:
 
Քանի որ ծառայության առջեւ դրված խնդիրը մարդու կյանքի որակի բարելավումն է ու նրա նկատմամբ  հոգածությունը, փորձել ենք այն հասանելի դարձնել սոցիալական ավելի լայն խմբերի համար: Ունենք ծրագրեր անապահով միայնակ ծերերի, մանկատների, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր ունեն սոցիալական աջակցության կարիք:
 
Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է պատրաստ հայ հասարակությունը ընդունելու նման ծառայություն:
 
Ճիշտ եք նկատում: Այստեղ պետք է խոսել առողջության պահպանման կարեւորման մասին: Մեզ մոտ, առողջական խնդիրներ ունենալիս, մարդիկ գումար չեն խնայում բուժման համար, մինչդեռ հարկավոր է մտահոգվել դրանք կանխարգելելու մասին: Մենք ձգտում ենք ձեւավորել առողջությանը սպառնացող վտանգի կանխարգելման մշակույթ: 

Ծառայությանը դիմելու դեպքում մարդը պետք է գնի բոլո՞ր սարքավորումները:

Ոչ, սարքավորումները տրամադրվում են բաժանորդագրության սկզբունքով, իսկ 12 ամսվա բաժանորդագրման դեպքում սարքը մնում է պատվիրատուին: Ունենք նաեւ այլ հատուկ առաջարկներ, օրինակ ամառային, արձակուրդային շրջանում, երբ մարդը բացակայելու է մեկ ամսից քիչ ժամանակահատվածով, սարքերը տրամադրվում են որոշակի ժամանակահատվածի համար:
 
Ինչպե՞ս կարելի է դառնալ «Kanch.am»–ի բաժանորդ:
 
Հետաքրքրված անձինք մեզ հետ կարող են կապ հաստատել մեր կայքէջի միջոցով, կամ զանգահարել
(010) 52 62 41 հեռախոսահամարով:
 
Ո՞րն է Ձեր աշխատանքի կարգախոսը, առաքելությունը: Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր աշխատանքի բերումով հեռու են եւ չեն կարող հոգ տանել ծնողների, հարազատների մասին:
 
Մեր աշխատանքի առաքելությունը հարազատի անվտանգության համար լիարժեք վստահության ապահովումն ու կյանքի որակի բարելավումն է: Աշխարհի ցանկացած կետում դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր հարազատը մեր Կենտրոնի հոգածության տակ է: Աշխատում ենք «միշտ կողքին» սկզբունքով եւ «միշտ կողքին» արտահայտության ողջ պատասխանատվությամբ:
 
 
Աղբյուրը` doctors.am
Հեղինակ` Ամալյա Գրիգորյան