Ուլտրաձայնային հետազոտությունն առավել ճշգրիտ, ինֆորմատիվ ու մատչելի ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն` օրգան-համակարգերի օրգանական փոփոխությունների մասին: Ցանկացած հիվանդության բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ախտորոշել: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ: ՈՒՁՀ-ն օգնում է մասնագետին հաստատելու հիվանդության առկայությունը, որոշ հիվանդությունների դեպքում՝ պարզելու օրգանների ախտահարման աստիճանը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանը Doctors.am-ին ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունը:

-Բժշկուհի Նավասարդյան, ինչպե՞ս ստացվեց, որ  աշխատանքի անցաք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:

-Շատերը նույնիսկ խուսափում են այս դարպասներից ներս մտնել: Վերապատրաստումից հետո ես աշխատանքի անցա հենց այս կենտրոնում, և արդեն 12 տարի է աշխատում եմ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրականացվում են որովայնի, փոքր կոնքի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի ՈՒՁՀ-ն: Հետազոտությունները ՄԻԱՎ վարակով պացիենտների համար անվճար են:

-Բացի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, աշխատում եք նաև շարժական կլինիկայում: Ի՞նչ ծառայություններ է այն մատուցում:

-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը Ռուսաստանի կողմից նվիրաբերություն է ստացել երկու շարժական կլինիկա, որի շրջանակներում տրամադրվում են ՄԻԱՎ վաարկին առնչվող ծառայություններ Հայաստանի 100 և ավելի համայնքներում: Այդ ծառայությունները ներառում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն ու խորհրդատվություն, հետազոտություններ՝ հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի վերաբերյալ և ՈՒՁՀ-ն: 2014 թվականից սկսած՝ կլինիկայում կատարվել ավելի քան 6500 մարդու ուլտրաձայնային հետազոտություն: Որևէ խնդրի հայտնաբերման դեպքում պացիենտներն ուղղորդում ենք համապատասխան բժշկական օգնություն ստանալու:
Շարժական կլինիկայում ծառայությունները տրամադրվում են միգրանտներին, նրանց կանանց և համայնքի բնակիչներին: Այն հնարավորություն է տալիս վաղ փուլերում հայտնաբերել հիվանդությունները, ժամանակին տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն:

-Ո՞րն է շարժական բժշկական-ախտորոշիչ կլինիկայի գործունեության հիմնական նպատակը: Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվել այս ընթացքում:

-Այն նպաստում է բժշկական ծառայությունների հասանելիությանն ու դիմելիության բարձրացմանը: Շարժական բժշկական-ախտորոշիչ կլինիկան հնարավորություն է տալիս Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ վարակը, այլ նաև դրան զուգորդող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները: Այս այցերի ժամանակ սոնոգրաֆիան շարժառիթ է միգրանտների շրջանում հետազոտություններ իրականացնելու համար: Այս ընթացքում կատարվել է ավելի քան 7145 հետազոտություն, 4500 մարդու մոտ հայտնաբերվել են տարբեր փոփոխություններ:

-Մարդկանց շրջանում հետաքրքրվածությունը մե՞ծ է: Ինչպե՞ս են տեղեկանում շարժական բժշկական-ախտորոշիչ կլինիկայի այցերի վերաբերյալ:

-Նրանք, ովքեր ցանկանում են հետազոտվել, այցերի մասին տեղեկանում են տարածքային բուժհաստատությունների միջոցով: Հերթական այցի ժամանակ նրանք անցնում են բժշկի խորհրդատություն, հանձնում են արյուն, կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքները ստանալուց հետո կրկին տրամադրվում է խորհրդատվություն:

-Մարդկանց իրազեկվածությունը ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների վերաբերյալ դեռևս այդքան էլ բարձր չէ: Դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ  կենտրոնի առաջարկած ծառայություններից խուսափելու համար՝ առանց հաշվի առնելու մասնագետների պատրաստավծությունն ու հնարավությունները:

-Ցավոք այդ մտավախությունը գալիս է  տեղեկացվածության ցածր մակարդակից: Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման ընթացքում:
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփման միջոցով:

-ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կատարվում է հղիների ՈՒՁՀ: Ինչպե՞ս է իրականացվում հաշվառված հղիներ հսկողությունը:

-Հայաստանում բոլոր հղիները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ կանանց կոնսուլտացիայում առաջին իսկ այցի ժամանակ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքի վերջնական հաստատումից հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նրանք վերցվում են դինսպանսեր հսկողության, որտեղ նրանք ստանում են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում: Այն նվազեցնում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Այսօր հանրապետությունում մենք հասել է նրան, որ  2007 թվականից իվեր չունենք մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք մորից երեխային կանխարգելում ստացածների շրջանում:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
18 հունվար, 2018