Համացանցում որևէ հարցի մասին տեղեկատվություն գտնելն այսօր բավական հեշտ է. ինֆորմացիան շատ է, ամենուր և բազմատեսակ… Սակայն ինչ վերաբերում է առողջությանը, միայն տեղեկատվության հասանելիությունը բավարար չէ, հարկավոր է, որ այն լինի նաև ճշգրիտ, հավաստի, և որ ամենացանկալին է՝ հաղորդվի անձամբ բժշկի կողմից:

Doctors.am-ը զրուցեց բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

Բժիշկ Ջանեցյան, ներկայացրեք, խնդրում եմ, ինչպես միտք ծագեց ստեղծել www.Urolog.am կայքը: Պրակտիկ բժշկի համար, մասնագիտության գործունեությանը զուգահեռ, արդյո՞ք դժվար չէ զբաղվել կայքի ադմինիստրատիվ աշխատանքով:

Որպես ուրոլոգ, միշտ ցանկություն եմ ունեցել նախաձեռնել նման կայքի ստեղծումը, և արդեն շուրջ երեք տարի է գործում է Urolog.am կայքը: Կայքը վարում եմ ինքս, ինչը, ինչպես նկատեցիք, բավական բարդ է համադրել մասնագիտական գործունեության հետ, քանի որ տեղադրվող հոդվածները պատրաստում եմ ինքս, այցելուների կողմից հարցերին կրկին ես եմ պատասխանում:

Կայքը ստեղծելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ զգացի, որ տեղեկատվական դաշտը, հատկապես մասնագիտական և ուրոլոգիական, կարիք ուներ լրացման, արդիական թեմաների արծարծման, հոդվածների, որոնք ընթերցողին կարող են օգնել թե՛ խորհուրդներով, թե՛ իրենց խնդրին առավել մանրամասն ծանոթանալու իմաստով: Այն առաջին և դեռևս միակ հայալեզու ուրոլոգիական կայքն է:

Իսկ ովքե՞ր են Ձեր ընթերցողները:

Ի ուրախություն պետք է ասեմ, որ բացի հայաստանցի ընթերցողները, լսարանը մեծ է նաև արտերկրում, և սփյուռքի մեր հայրենակիցները ևս հետևում են կայքում տեղադրվող հոդվածներին, քանի որ այն երկրներում որտեղ ապրում են, գուցե լեզվական պատնեշը խոչընդոտում է բժշկի դիմել և ամբողջությամբ ներկայացնել խնդիրը: Այս կերպ նրանք կարողանում են գտնել գոնե նվազագույն տեղեկատվություն իրենց խնդրի մասին:

Այսինքն, Urolog.am կայքը համացանցային բազմազանության մեջ կարող ենք համարել վստահելի աղբյուր, երբ թեման ներկայացնում է անմիջապես բժիշկը: Իսկ իրականացնու՞մ եք արդյոք մոնիթորինգ, թե մարդիկ հատկապես ո՞ր թեմաներով հոդվածներ են ցանկանում կարդալ: Ո՞ր խնդիրներն են այսօր արդի:

Այո, իհարկե: Կայքի գործունեության կարևորագույն նպատակներից է արդիականությունը: Իմ մասնագիտական փորձն ինձ հուշում է, թե մարդկանց ինչն է առավել հետաքրքրում, ինչի մասին կուզեին կարդալ, դա հասկանում եմ նաև ինձ ուղղված նամակներից: Այս կերպ հավաքագրում եմ այն թեմաները, որոնք պետք է լուսաբանել հոդվածների միջոցով:

Դուք՝ որպես ուրոլոգ, ունե՞ք նեղ մասնագիտացում: Ի՞նչ խնդիրներով, գանգատներով կարելի է Ձեզ դիմել:

Զբաղվում եմ ընդհանուր ուրոլոգիական բոլոր խնդիրներով, դրանց՝ ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժմամբ, մասնագիտացումս տղամարդու անպտղության խնդիրներն են, շագանակագեղձի հիվանդությունները, միզաքարային հիվանդությունը, սեռական դիսֆունկցիան, միզուղիների բորբոքումները, ինֆեկցիաները…

Տղամարդկանց մոտ ուրոլոգիական խնդիրներ մեծամասամբ առաջանում են հասուն տարիքում՝ 40-50 տարեկանից հետո, սակայն կայքի ընթերցողները, կարծում ենք, առավելապես երիտասարդներ են: Ի՞նչ ուրոլոգիական խնդիրներ կան, որ վերաբերում են երիտասարդ տղամարդկանց:

Իհարկե, ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցից օգվում են հիմնականում երիտասարդները կամ միջին տարիքի մարդիկ, սակայն, ի զարմանս պետք է ասեմ, որ ունեցել եմ նույնիսկ 76 տարեկան հիվանդ, ով իր շագանակագեղձի խնդրին բավական լավ ծանոթացել էր հենց կայքի միջոցով:

Երիտասարդ տարիքային խմբի տղամարդկանց ավելի հետաքրքրում են միզուղիների բորբոքումները, սեռական ինֆեկցիաները, էրեկտիլ դիսֆունկցիան, սերմնաժայթքման խանգարումները, երբեմն նաև անպտղության խնդիրները: Միջին տարիքի՝ 45-50 տարիքի տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական ցանկության նվազման, շագանակագեղձի հետ կապված հիվանդություններով: Կանանց, որոշակի տարիքից հետո,  ավելի հաճախ հետաքրքրում են անմիզապահության, օրգազմի բացակայության խնդիրները, միզաքարային, բորբոքային հիվանդություններ և այլն:

Իմ կայքի այցելուները հիմնականում 25-55 տարեկան անձինք են: Հետաքրքրական է, որ կին-այցելուների թիվն էլ բավական մեծ է: Սա վկայում է այն մասին, որ կանայք ցանկանում են տեղեկացված լինել ինչպես սեփական, այնպես էլ իրենց զուգընկերների խնդիրների մասին, ցուցաբերել հետևողական մոտեցում: Սա, իհարկե, ողջունելի փաստ է:

Կայքը ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում: Հաճա՞խ են տեղադրվում նոր հոդվածներ՝ արդի և հետաքրքիր թեմաներով:

Սա մի փոքր ցավալի հարց է ինձ համար: Լինում է ժամանակահատված, երբ մեծ քանակությամբ նոր հոդվածներ եմ գրում և կայքում տեղադրում, պատահում է նաև, որ պրակտիկ գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված երբեմն ոչ այնքան ակտիվ եմ լինում: Սակայն կայքի այցելուների, իմ պացիենտների հարցերը և բազմաթիվ նամակները ինձ հաճախ «ստիպում են» գործի անցնել և թարմ ու արդիական հոդվածներ գրել:

Ուրախությամբ պիտի իմ ընթերցողին տեղեկացնեմ, որ շուտով նախատեսում եմ դրական փոփոխություններ կայքի աշխատանքի հարցում և նոր հոդվածների համալրում:

Կարո՞ղ ենք ասել, որ ուրոլոգիական բոլոր հարցերը, որ կարող են առաջանալ անձի մոտ, սպառիչ պատասխան կգտնեն Ձեր կայքում:

Գիտե՞ք, հետաքրքիր մի փաստ եմ նկատել, շատ հաճախ, երբ պացիենտը հետազոտությոան ընթացքում հարց է ուղղում ինձ, ներկայացնելուց հետո հղում եմ տալիս կայքին, որպեսզի նա այնտեղ կարդա իրեն անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան:

Հնարավորին չափով փորձում եմ բավարար պատասխան տալ նամակագիրներին, սակայն ինքս, որպես մասնագետ, իհարկե ճիշտ չեմ համարում հեռակա բուժում նշանակել և հիմք ընդունել միայն անձի նկարագրած գանգատները: Սակայն կա մեկ այլ ճշմարտություն ևս. բժշկի կողմից տրված մեկ ճիշտ խորհուրդն անգամ կարող է ճիշտ ուղղություն ցույց տալ մարդուն:

Եղե՞լ են նման դեպքեր և շնորհակալական նամակներ ընթերցողների կողմից:

Իհարկե: Պատահում է, որ գրում են հեռու շրջանների բնակիչներ, զինվորներ, ում տվյալ պահին գուցե և հասանելի չէ բուժօգնությունը: Այս դեպքում փորձում եմ հնարավորության սահմանում անել հնարավորը՝ մարդուն ճիշտ ուղղորդելու համար: Իսկ շնորհակալական նամակներ հաճախ եմ ստանում և անչափ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ ընթերցողին:

Նշված դեպքերում, գուցե, բուժօգնությունը հասանելի չէ, և այդ է պատճառը, որ մարդը չի դիմում բժշկի: Սակայն ի՞նչ կասեք, այն բարդույթները, որ կային նախկինում՝ ուրոլոգի դիմելու հարցում,  այժմ ևս առկա՞ են, թե՞ դրական միտում կա:

Ես համարում եմ, որ կա ակնհայտ առաջընթաց այս հարցում: Անդրադառնալով Urolog.am-ին, կարող եմ ասել, որ իմ առջև դրված է հենց վերոնշյալ գիտակցության բարձրացման և կյանքի որակի լավացման խնդիրը: Համոզված եմ, որ մարդը չպետք է ապրի իրեն տանջող պրոբլեմով:

Այսօր մեծաթիվ են միզարձակման, սերմնաժայթքման, վերարտադրողական խնդիրները, այդ պատճառով հարկավոր է բարձրացնել հասարակության գիտակցական մակարդակը, որպեսզի խնդրի դեպքում մարդիկ դիմեն համապատասխան մասնագետի:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կա որոշ հիվանդությունների զարգացման աճ՝ քաղաքակրթությամբ պայմանավորված: Ինչպե՞ս է այս երևույթն անդրադառնում ուրոլոգիայի վրա, և ո՞րը կլինի Ձեր խորհուրդն ընթերցողին:

Ինձ համար՝ որպես մասնագետ, սա կարևոր հարց է, և այդ պատճառով էլ իմ կայքում ունեմ առանձնացված բաժին՝ «Առողջ ապրելակերպ»:

Ավելորդ քաշ, ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, շաքարային դիաբետ, ֆիզիկապես ոչ ակտիվ ապրելակերպ. սրանք համաշխարհային լրջագույն խնդիրներ են, որոնցից, ցավոք, մեր երկիրը ևս հետ չի մնում: Այս խնդիրները կարող են առաջացնել և՛ անպտղություն, և՛ սեռական տարբեր խանգարումներ, միզարձակման խանգարումներ, ընդհուպ օնկոլոգիական հիվանդություններ:

Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկացնել ինչպես պացիենտներին, այնպես էլ իմ ընթերցողին:

Այսօր անչափ կարևոր է լինել տեղեկացված: Բոլորին հորդորում եմ բաց չթողնել այդ հնարավորությունը և տեղեկատվություն փնտրել միայն վստահելի աղբյուրներից: Շնորհակալ եմ թեմայի լուսաբանման և հարցազրույցի համար:


Բժշկի ֆեյսբուքյան էջը
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
29, ապրիլի, 2016