Առատ քրտանարտադրությունը ոչ միայն ֆիզիկական, այլեւ կոսմետոլոգիական խնդիր է: Տհաճ հոտ, խոնավ կոշիկներ եւ հետքեր՝ շապիկների վրա: Այս ամենը դառնում է դիսկոմֆորտի պատճառ ինչպես տվյալ անձի, այնպես էլ շրջապատի մարդկանց համար: Բայց եթե թեւատակերի քրտնարտադրության եւ առաջացած հոտի դեմ կարելի է միջոցներ ձեռնարկել, ապա նույնը չես ասի ոտնաթաթերի մասին: 

Հիպերհիդրոզը (առատ քրտնարտադրություն) բավականին տհաճ երեւույթ է, որի պատճառով մարդն անհարմարություններ է ապրում, օրինակ, ուրիշի տանը կոշիկները հանելիս եւ այլն:
Քրտնարտադրության բարձրացման բացասական կողմը քրտինքի տհաճ հոտն է: Քրտինքը բաղկացած է ջրից, որի մեջ առկա են սպիտակուցներ, միզանյութ, ճարպաթթուներ, աղեր, թունավոր նյութեր եւ երբեմն նաեւ սննդի բաղադրիչներ (սխտոր, համեմունքներ): Եվ եթե մարդը չարաշահում է կծու սնունդը, դա կարող է անդրադառնալ նրա քրտինքի հոտի վրա: Քրտնարտադրության ժամանակ առաջանում է կարագթթու, որն էլ հենց ապահովում է տհաճ հոտը:

Որո՞նք են հիպերհիդրոզի պատճառները

Մարդու ամբողջ մարմնի վրա տեղակայված են շուրջ 2 միլիոն քրտնային գեղձեր: Եվ ամենից շատ դրանք բաժին են ընկնում ոտնաթաթերի ներբաններին: 
Նորմալ պայմաններում առողջ մարդն օրական 0,5-1 լիտր քրտինք է արտադրում, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ էքստրեմալ պայմաններում այդ թիվը հասնում է 10-ի: Այդ պատճառով բարձր քրտնարտադրության հիմնական պատճառը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է կամ սթրեսը:

Ոտքերի տհաճ հոտի պատճառը նաեւ կոշիկների ոչ ճիշտ խնամքն է: Սովորաբար մարդը կոշիկները կրում է ամբողջ օրը: Օրվա ընթացքում նա աշխատանք է կատարում, քրտնում է, սթրես է ապրում, նորից է քրտնում, ինչի արդյունքում կոշիկները խոնավանում են եւ այդպես մնում մինչեւ օրվա վերջ, իսկ հաջորդ օրը մարդը նորից հագնում է այդ նույն կոշիկը, որը դեռ չի հասցրել չորանալ, եւ ամեն ինչ կրկնվում է:  Արդյունքում՝ բակտերիաները կուտակվում են եւ սկսում «բուրել»: 
Այդ իսկ պատճառով, առաջին հերթին խորհուրդ է տրվում միեւնույն կոշիկն ամեն օր չհագնել: Անհրաժեշտ է գոնե երկու զույգ կոշիկ ունենալ, եւ ցանկալի է՝ օրվաընթացքում փոխել կոշիկները, ամեն օր նոր գուլպա հագնել, ցանկալի է՝ բամբակյա, ոչ թե սինթետիկ, ոտքերը պարտադիր լվանալ յուրաքանչյուր երեկո: 

Սակայն հիպերհիդրոզը պետք է բուժել: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ էնդոկրին համակարգին, եթե միայն հիգիենան ապահովելով՝ տհաճ հոտը չի անցնում, որովհետեւ այդ համակարգի խանգարումները (վահանաձեւ գեղձի խանգարումներ, հորմոնալ խանգարումներ) նույնպես հանգեցնում են տվյալ խնդրի առաջացմանը: 



Աղբյուրը՝ Aif Health