Բուսական յուղ, դիմակ, սպիրտ, դեղահաբ: Այս միջոցներից որևէ մեկով  յուրաքանչյուրս առնվազն մեկ անգամ փորձել ենք պայքարել մարմնի տարբեր հատվածներում առաջացած կորյակների (պզուկ) դեմ:   
Ճարպագեղձերի աշխատանքի խանգարման ու բորբոքման արդյունքում մաշկի վրա հայտնվում են ակնեներ ու պզուկներ: Դրանց առաջացումը բնորոշ է հատկապես անցումային տարիքում գտնվող աղջիկներին և տղաներին։ Դեմքի հատվածում պզուկների բուն պատճառը հորմոնալ գործընթացներն են, ինչը բնորոշ է հիմնականում դեռահասության շրջանին: Թեև հորմոնալ փոփոխությունները տեղի են ունենում օրգանիզմի ներսում, բայց արտահայտվում են դրանից դուրս՝ ունենալով տարբեր դրսևորումներ՝ ձայնի կոշտացում, մաշկի վրա բշտիկերի ու պզուկների առաջացում:

Doctors.am-ը այս թեմայի մասին խոսել է մաշկաբան-վեներոլորգ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Կորյակային հիվանդությունը հանդիպում է 12-ից մինչև 30 տարեկան մարդկանց մոտ: Հիմնական մեխանիզմը ճարպագեղձերի գերաշխատանքն է, վերջինիս ծորանի խցանումը: Պատճառները կարող են տարբեր լինել՝ պայմանավորված տարիքից, օրինակ՝ 14-15 տարեկանում հորմոնալ տեղաշարժը նույնպես կարող է ազդեցություն ունենալ, բայց մեծ մասամբ պատանիների մոտ դրանց առաջացման պատճառը մաշկի սխալ խնամքն է և ճարպագեղձերի գերաշխատանքը: Պարտադիր չէ, որ մաշկը այլ օրգան համակարգերի հետևանքով ախտահարվի. այն ունենում է իր խնդիրները ևս:
Արտաքին գործոնները, օդի աղտոտվածությունը, փոշին, շատերի մոտ՝ արևի ճառագայթումը, երբեմն՝ կոսմետիկ միջոցների, տոնային քսուքների  օգտագործումը (հատկապես խիտ բաղադրություն ունեցող) կարող են անդրադառնալ մաշկի վրա և պատճառ դառնալ կորյակների զարգացման:Ինչ վերաբերում է խորհուրդ տալուն, ապա միևնույն  է աղջիկները օգտագործելու են այդ կոսմետիկ միջոցները, շատ ավելի լավ կլինի, որ արդեն առաջացած կորյակների վրա թեթև կրեմներ քսել:

Ճի՞շտ է արդյոք դիմակների, սպիրտի, դեղերի կիրառումը:

Բուժման համար դեղերի օգտագործումը ճիշտ է: Սպիրտ պարունակող միջոցների կիրառումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն մի կողմից լավ ճարպազերծում է, մյուս կողմից՝ լայնացնում դեմքի անոթները, դեմքը կարմրում  է, ճարպագեղձերի սնուցումը՝ լավանում, արդյունքում՝ ավելի շատ ճարպ է արտադրվում: Կան դիմակներ, որոնք լավ ճարպազերծում են դեմքը, ճարպարտադրությունն են կարգավորում: Նպատակահարմար կլինի խորդուրդի համար դիմել կոսմետոլոգի, իսկ դեղորայքային բուժման համար՝մաշկաբանի:
 

Ընդունված սխալ կարծիք կա՝ չի կարելի օճառով լվացվել, քանի որ մաշկը չորանում է:
Մաշկը չորանում և ճարպազերծվում է, դրանից հետո պարզապես կարելի է օգտագործել խոնավեցնող քսուքներ:Մարդկանց խորհուրդ եմ տալիս չսեղմել կորյակները, քանի որ մեխանիկական վնասումը հանգեցնում է խորացման և տարածման:

 

Կորյակների բուժման մեթոդները կարող ենք 3 մասի բաժանել՝ խմանք, տեղային և ընդհանուր բուժում:
Մարդկանց, որոնք ալերգիկ են, պարզապես խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ  հետևանքը կարող է անկանխատեսելի լինել:

Մասնագետներն առանձնացնում են կորյանների  մի քանի տեսակ:

Սև կետեր (կոմեդոն)-Կոմեդոններն առաջանում են, երբ մաշկային ճարպը կուտակվում է մազարմատի տիրույթում և մաշկի եղջերացած բջիջների ու կեղտի հետ խցանում  մաշկի ծակոտիները: Արյան և ավշի տոքսինները, որոնք դուրս են գալիս մաշկի միջոցով, փոխազդում են մաշկային ճարպի հետ, առաջացնում թանձր ու կպչուն զանգված: Կոմեդոն-կորյակների առաջացման ևս մեկ պատճառ է ակնե ցանը, ինչը  պայմանավորված է ճարպագեղձերի մեծ ակտիվությամբ:

Պապուլա-Սրանք արդեն բորբոքված բշտիկներն են․ շոշափելիս կարող են ցավել:  Առաջանում են մաշկի և լորձաթաղանթի տարբեր ախտահարումներից։
Լինում են տարբեր չափերի, ձևի (կոնաձև, կիսագնդաձև, հարթ), գույնի: Տարբերում են բորբոքային (մաշկում ինֆիլտրատի առկայություն) և ոչ բորբոքային (գորտնուկ) պապուլաներ։

Պուստուլա- Թարախով լի բշտիկ է: Կարող է պապուլայի հետևանքը լինել: Պզուկի մակերևույթին նկատվում է սպիտակ կետ:

Հանգուցավոր բշտիկներ-Բարդ տեսակի թարախաբշտիկներ են, որոնք արդեն առանձին-առանձին չեն, բավականին ցավոտ են և պահանջում են շարունակական բուժում:
Կայծակնային բշտիկներ- Ամենաբարդ տեսակի կորյակային հիվանդություն է, ուղեկցվում է ոչ միայն տարածվածությամբ, այլև հիպերտերմիայով, մկանային և ոսկրային ցավով, արյան մեջ լեյկոզիտի փոփոխություններով: Այս դեպքում բժշկական օգնությունն անհապաղ է:

Կայծակնային տեսակի բշտիկներ- Ամենաբարդ տեսակի կորյակային հիվանդություն է, ուղեկցվում է ոչ միայն տարածվածությամբ, այլև հիպերտերմիայով, մկանային և ոսկրային ցավով, արյան մեջ լեյկոզիտի փոփոխություններով: Այս դեպքում բժշկական օգնությունն անհապաղ է:

Ըստ տարածվածության՝ գոյություն ունի բշտիկների ծանրության 4 աստիճան:

Առաջին աստիճան: Տարածված են  դեմքի շրջանում (ճակատային հատվածում): Հանդիպում են կոմեդոններ, երբեմն` պապուլաներ և  պուստուլաներ:

Երկրորդ աստիճան: Տարածված  են ոչ միայն դեմքի վրա, այլև մարմնի որոշ հատվածներում: Հանդիպում են կոմեդոններ, առանձին-առանձին՝  պապուլաներ և պուստուլաներ:

Երրորդ աստիճան: Բշտիկների նույն կազմն է, պարզապես ցայտուն բորբոքային գործընթաց է զարգանում, հնարավոր է մաշկի գերարյունություն (հիպերեմիա)  (կարմրություն, քոր):

Չորրորդ աստիճանը ամենածանրն է համարվում: Գնդաձև  խոշոր պզուկներ են զարգանում (ավելի քան 5 մմ), որոնք ստանում են կապտակարմրավուն տեսք:

Պետք է հետամուտ լինել, որ այդ ժամանակահատվածում  վիտամինների պակաս չզգացվի: Ընդհանուր առմամբ մաշկի վիճակի վրա ազդում են A, E, C, B վիտամինները:
 

Ինչպե՞ս նվազեցնել պզուկների առաջացումը, զարգացումը:

 Դեմքը լվանալ օճառով, այնուհետև օգտագործել խոնավեցնող քսուքներ:

Վերանայել սննդակարգը, չօգտագործել ճարպոտ մթերք, չափից շատ քաղցրավենիք չուտել, որպեսզի ճարպագեղձերը չակտիվանան:

Հետևել դեմքի և ձեռքերի հիգիենային: Դա կորյակների անհետացմանն էլ եթե չնպաստի, ապա կխոչընդոտի արտաքին գործոնների հետևանքով նորերի  առաջացմանը:

Պարբերաբար կիրառել հակասեպտիկ դիմակներ, քսուքներ, որոնք կպաշտպանեն ծակոտիները փոշու մասնիկների, դրանցում մանրէների ներթափանցումից:
Դիմել բժշկի:



 


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան