Տանզանիայում կատարված փորձարկման ընթացքում շվեյցարացի և գերմանացի մասնագետների կողմից մշակված՝ արյան քննության միջոցով երեխաների մոտ ակտիվ տուբերկուլյոզի հայտնաբերման նոր թեստը հանդիսանում է որպես արագ և ճշգրիտ ախտորոշման գործիք, որը  կարող է լայն կիրառում ստանալ մանկաբուժության մեջ՝ հատկապես տուբերկուլյոզի էնդեմիկ շրջաններում: Փորձարկման արդյունքների մասին հրապարակվել է Lancet Infectious Diseases ամսագրում:
 
Մանկական տուբերկուլյոզի ախտորոշումը սովորաբար բարդանում է պայմանավորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, երեխաների մոտ  հիվանդության ախտանիշները սպեցիֆիկ չեն և նման են այլ մանկական վարակիչ հիվանդությունների դրսևորումներին : Բացի այդ, բժիշկները հաճախ բախվում են երեխաների մոտ շնչառական ուղիներից հետազոտության նպատակով նմուշներ վերցնելու խնդրին: Այդ իսկ պատճառով մանկաբուժության պրակտիկայում տուբերկուլյոզի ճշգրիտ, արագ և մատչելի ախտորոշիչ թեստ ունենալը ՝ առանց խորխ վերցնելու պահանջի, դարձել է անհրաժեշտություն:   
Արևադարձային բժշկության և հանրային առողջապահության շվեյցարական ինստիտուտի և Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանի (Մյունխեն, Գերմանիա) մասնագետները  մշակել են արյան իմունաախտորոշիչ քննություն՝ ակտիվ տուբերկուլյոզի փուլում T-բջիջների մարկերի ակտիվացումը հայտնաբերելու նպատակով (T-cell activation marker-tuberculosis, TAM-TB): Թեստը հիմնված է իմունոլոգիական ֆենոմենի վրա, որը դիտվում է ակտիվ տուբերկուլյոզի ժամանակ՝ CD4+ T-լիմֆոցիտների CD27 մակերեսային ընկալիչների կորստով: Ցիտոկինների և պոլիքրոմատիկ հոսքային ցիտոմետրիայի ներբջջային ներկման համար կիրառվող ստանդարտ միջոցառումները թույլ են տալիս արյուն վերցնելուց արդեն մեկ  օր հետո ստանալ պատասխան, այն դեպքում, երբ շնչառական ուղիներից վերցված նմուշի աճեցման դեպքում դրա համար պահանջվում է 19.5 օր:
 
TAM-TB-ի կլինիկական հետազոտություններն անց են կացվել տուբերկուլյոզի էնդեմիկ շրջան Տանզանիայում: Տուբերկուլյոզի ախտանիշներով 290 երեխաներից վերցվել է խորխի և արյան նմուշներ՝ երկու ախտորոշիչ մեթոդների արդյունավետությունը համեմատելու համար: Երեխաներն անցել են նաև տուբերկուլյոզի ախտորոշման ստանդարտ հետազոտություն: Արդյունքում TAM-TB-ն ունեցել է բարձր զգայունություն և սպեցիֆիկություն՝ ախտորոշելով ակտիվ տուբերկուլյոզի 18 դեպքից՝ 15-ը, իսկ 96.8% դեպքերում հաստատել վերջինիս բացակայությունը, ինչը հաստատվել էր խորխի նմուշի քննության արդյունքում:
 
Ներկայումս թեստի հեղինակներն աշխատում են թեստի օպտիմալացման և էժանեցման վրա, որպեսզի ախտորոշման այս արագ և ճշգրիտ միջոցը հնարավորինս շուտ ներդրվի մանկաբուժության պրակտիկայում, և նախ և առաջ՝ աղքատ և տուբերկուլյոզի էնդեմիկ երկրներում: 
 
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012 թվականի տվյալների՝ ամեն տարի գրանցվում է երեխաների տուբերկուլյոզի 530 հազար նոր դեպքերը: Այս թիվը հիմնված է հիվանդության  պաշտոնական գրանցված  մանկական դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա: Ի դեպ, The Lancet Global Health ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ հիվանդության տարածվածության բարձր մակարդակ ունեցող  աշխարհի 22 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, երեխաների շրջանում տուբերկուլյոզով հիվանդացությունը 25%-ով ավելի բարձր է, քան մինչ այժմ ընդունված էր համարել: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru