Բարձրացած քրտնոտությունը առավել հաճախ դիտվում է սահմանափակ ձևով, ափերի, հատկապես, ներբանների ու ոտնաթաթերի միջմատային ծալքերի, անութային փոսերի, աճուկ-ազդրային ու սրբանային ծալքերի մաշկի շրջանում։ Քրտինքը շատ անգամ ունենում է տհաճ հոտ։ Հիվանդի ոչ բավարար մաքրասիրության դեպքում բարձրացած քրտնոտությունը կարող է բարդանալ շփաբորբով, որն արտահայտվում է մաշկի կարմրությամբ ու եղջերաշերտի թրմումով, ոչ հազվադեպ՝ քերծվածքների գոյացումով, կամ կարող է հանդես գալ որպես նախատրամադրող գործոն մաշկային ծալքերի ինֆեկցիոն (ստրեպտոկոկային, սնկիկային) ախտահարումների համար։

Շփաբորբի զարգացումն ուղեկցվում է այրոցի և ցավոտության զգացումով։ Բարձրացած քրտնոտության պատճառ են հանդիսանում նյարդային, մասնավորապես վեգետատիվ համակարգի գործունեության խանգարումները։ Երբեմն ոտնաթաթերի բարձրացած քրտնոտությունը կապված է լինում տեղային պատճառների հետ, օրինակ՝ ռետինե ոտնամանների, սինթետիկ թելից գուլպաներ կրելու հետ և այլն։

Բուժումը։ Առաջին պլանի վրա պետք է դրվի քրտնող տեղամասերը մաքուր պահելու հոգսը, որը ձեռք է բերվում մաշկի ամենօրյա լվացումների (զով ջրով) կամ շփումների (խոնավ սրբիչով մաշկի հետագա մանրազնին չորացումով) միջոցով։ Բացի այղ, խորհուրդ է տրվում մաշկը շփել 2%-անոց սալիցիլային կամ 1 %-անոց տանինային սպիրտով, այնուհետև ցանել 1%-անոց բորային փոշի։ Ոտնաթաթերի գերքրտնոտության դեպքում խորհուրդ է տրվում մաշկը շփել ֆորմալինի 6-10%-անոց լուծույթով, 5-6-օրյա ցիկլերով, 4-5-օրյա ընդմիջումներով, կամ օգտագործել հետևյալ խառնուրդը.

Rp.: Aluminis 1,0
Formalini
Spiritus aethylici aa 30,0
Aq. destillatae 90,0.
M. D. S.

Խորհուրդ է տրվում նաև միջմատային ծալքերին 4-5 օրվա ընթացքում ցանել հետևյալ բաղադրությամբ փոշի.
Rp.: Aluminis
Ac. borici aa 4,5
Talci 1,0
M. D. S.

Բացի դրանից փոշու ոչ մեծ քանակ պետք է ցանել գուլպաների մեջ։ Լավ արդյունքներ է տալիս Լյուբիևի մեթոդը, ոտնաթաթերը լվանում են ջրով ու օճառով և լավ չորացնում։ Դրանից հետո ներբանների ու միջմատային ծալքերի մաշկին ներմերսվում է (մինչ չորանալը) թափահարվող կախուկ՝ հետևյալ բաղադրությամբ, ֆորմալին 6 գ, ցինկի օքսիդ 5 գ, տալկ 10 գ, գլիցերին 10 մլ: Ներմերսումները կատարում են 3 օր անընդհատ և կարող են կրկնվել 7-10-օրյա րնդմիջումից հետո։ Շփաբորբով բարդանալիս հանձնարարվում են ոտքերի տաք լոգանքներ ու 10%-անոց բորային փոշի։ Ընդհանուր բուժումը պետք է ուղղված լինի նյարդային համակարգի տոնուսն ամրապնդելուն։ Ցուցված են կալցիումի պրեպարատներ, վիտամին B1, ջրաբուժում, սպորտային պարապմունքներ, մարմնամարզություն։ Ձեռնաթաթերի ու ոտնաթաթերի սահմանափակ քրտնոտության դեպքում կարելի է օգտագործել անուղղակի դիաթերմիա կամ գերբարձր հաճախության հոսանքով բուժում (УВЧ):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին