«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդներ, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է: Ձեզ ենք ներկայացնում  համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի  պնդումը ճիճվաթափության մեթոդների վերաբերյալ:

Մարդու օրգանիզմում բնակվող մակաբույծները, կախված զարգացման բնական ցիկլից և կենսակերպից, բաժանվում են մի քանի տեսակների. մակաբույծներ, որոնք ապրում են աղեստամոքսային համակարգում, և մակաբույծներ, որոնք ապրում են այլ օրգան-համակարգերում:

ՀՀ բնակչությունն ասկարիդոզով հիվանդանում է 5% դեպքերում, որը բավական համեստ ցուցանիշ է: Կարելի է  ուրախությամբ նշել, որ Ճիճվակրության ցուցանիշները մեր երկրում բավական նվազել են: Կան դրան նպաստող մի շարք գործոններ. բանջարեղենի ավելի մանրակրկիտ մշակումը, երեխաների հիգիենայի պահպանման ավելի բարձր մակարդակը, ջրի հասանելիության խնդրի լուծումը, ջերմոցային կուլտուրաների զարգացումը:

Անդրադառնանք ճիճվակրության և ճիճվաթափության մասին մի քանի թյուր տեսակետների և  «չի կարելի»-ների, որոնք, ցավոք, դեռևս արդիական են:

  • Չի կարելի համակարգչային մեթոդներով ախտորոշել ճիճվակրություն: Սա, ցավոք, մեր քաղաքում՝ տարածված, իսկ շատ երկրներում վաղուց արգելված մեթոդ է:


Աղեստամոքսային համակարգի մակաբույծների հայտնաբերման լավագույն տարբերակը դրանց ձվիկների հայտնաբերումն է կեղտի մեջ:
Որքան էլ ապրենք գերժամանակակից դարում, պարազիտար ձվիկների հայտնաբերման  համար անհրաժեշտ է մակաբուծաբան, որը սեփական աչքով կտեսնի դրանք:

  • Չի կարելի ճիճվաթափվել պրոֆիլակտիկ նպատակներով:


Մեր երկրում չկա ճիճվակրության համաճարակային իրավիճակ, և առանց հստակ ախտորոշման ճիճվաթափվել նշանակում է միայն դեղամիջոցի անտեղի կիրառում:

  • Չի կարելի ժողովրդական մեկ մեթոդը կիրառել մշտապես և բոլոր տեսակի ճիճուների դեպքում։
  • Չի կարելի գերագնահատել մակաբույծներին և օրգանիզմում բոլոր փոփոխությունները վերագրել դրանց:


Մակաբույծներից խուսափելու համար չի կարելի ուտել հողոտ բանջարեղեն, չստուգված որսի միս, տավարի և խոզի հում միս, ցանկալի է խուսափել նաև չստուգված հում ձկնամթերքից, դելիկատեսներից:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան