2019 թ.-ի Նոյեմբերի 23-ին ԵՊԲՀ-ում առաջին անգամ անցկացվեց BIL Armenia կոնֆերանսը, որը կազմակերպվել էր ԵՊԲՀ ՈՒսանողական Խորհրդարանի կողմից: Կոնֆերանսին մասնակցում էին ուսանողներ, շուրջ 400 փորձագետ՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսի հիմնական թեման էր «Առօրյա կյանքում վնասի նվազեցումը»: Միջոցառման շրջանակներում հայ և արտերկրից ժամանած խոսնակները ներկայացրեցին իրենց ոլորտներում վնասի նվազեցման գաղափարը և կիսվեցին իրենց փորձով։ Doctors.am-ը, հետաքրքրված լինելով վնասի նվազեցման գաղափարով, զրուցել է կոնֆերանսի խոսնակ, սննդաբան Լիլիթ Մարգարյանի հետ:

Կոնֆերանսի շրջանակներում դուք խոսում էիք առողջ սննդի և դրա կարևորության մասին: Ինչպե՞ս կգնահատեք մեր՝ հայերիս սննդակարգի առողջարարությունը:

Հայերի սննդակարգն այնքանով է առողջարար, որ բնությունը մեզ շատ բարիքներ է շնորհել, և չօգտվել դրանցից, պարզապես հանցանք է: Ինչ վերաբերում է առողջ սնվելու մեր մտածելակերպին, ապա առայժմ բարդ է, քանի որ այդ ուղին նոր ենք հարթում:
Դեռ մեր նախնիներից է գալիս այն համոզմունքը, որ ուտելիքը պետք է լինի շատ սննդարար (կալորիական): Այդ համոզմունքի պատճառն այն էր, որ տարիներ առաջ մարդիկ հիմնականում լուրջ ֆիզիկական ակտիվություն ունեին, և սնունդը ուժերը վերականգնելու առաջնային միջոց էր համարվում: Օրինակ՝ կանայք սնունդը պատրաստում էին կարագով, շատ հաց էին օգտագործում:
Ժամանակները փոխվել են, և սննդակարգը վերանայելը պարտադիր հանգամանք է, քանի որ այժմ կյանքը դարձել է առավել նստակյաց, մտավոր աշխատանքը ավելի մեծ տեղ ունի քան ֆիզիկական աշխատանքը, մարդը հիմնականում նստած է, տեղաշարժվում է մեքենայով և այլն: Հետևաբար, շատ կարևոր է, որ սննդի կալորիաներն էլ լինեն մեր ծախսած էներգիային համապատասխան: Թեպետ հասկանալի է, որ այժմ սնունդը շատ բազմազան է, գայթակղությունը շատ է, բայց պետք է մտածելով սնվել:
Խորհուրդ կտամ օրական սնվել 4-ից 5 անգամ՝ քիչ չափաբաժնով: Սննդակարգում ներառել շատ բանջարեղեն, միրգ : Մրգի չափաբաժինը չպետք է գերազանցի օրական 200-ից 300 գրամը՝ կախված ձեր նպատակից. եթե փորձում ենք պարզապես ճիշտ, գրագետ սնվել, ապա  մրգի չափաբաժինը կարող է ավելին լինել, իսկ եթե քաշ նվազեցնելու խնդիր կա, ապա պետք է վերահսկել, թե՛ սննդի ընդունման ժամերը, թե՛ չափերը:

Կոնֆերանսը նվիրված էր վնասի նվազեցման կոնցեպտին, ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հնարավոր է նվազեցնել առողջությանը վնասող ռիսկերն ու վնասները:

Այո, իհարկե հնարավոր է: Առհասարակ, սնունդն այն է, ինչ մենք ստանում ենք, և մեր օրգանիզմն այն վերամշակելով, օգտագործում է իր բջիջների կառուցման, հորմոնների արտադրության և սինթեզի համար: Մեզ անընդհատ անհրաժեշտ է տարբեր չափաբաժիններով մակրո և միկրո նուտրիենտներ, որպեսզի օրգանիզմը ճիշտ գործունեություն ունենա: Մյուս կողմից՝ կան շատ հիվանդություններ, որոնք անմիջական կապ ունեն սննդակարգի հետ: Օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդները, մարսողական խնդիրներ ունեցողները պետք է վերանայեն իրենց սննդակարգը: Ավելորդ քաշը, սխալ սննդակարգը լրացուցիչ  ծանրացնող գործոն են շատ հիվանդությունների և՛ զարգացման, և՛ ընթացքի համար: Կան շատ ապացուցված փաստեր, որ ճիշտ, գրագետ և բալանսավորված սնվելով,  կարելի է փոխել կյանքի որակն ու տևողությունը:

Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում մարդիկ զանգվածայնորեն սկսեն հետևել վնասի նվազեցման կոնցեպտին և եթե այո, ապա դա կօ՞գնի մեզ ունենալ առավել առողջ հասարակություն:

Բնականաբար կարծում եմ, որ հնարավոր է: Եթե տարիներ առաջ հատուկենտ մարդիկ էին զբաղվում սպորտով, հետևում առողջ ապրեկակերպին, ապա այժմ գնալով այդ մարդկանց քանակն ավելանում է, որոնք մեծ նշանակություն են տալիս այդ ամենին: Կարծում եմ, որ եթե ամբողջ աշխարհի տենդենցն է դա, ապա մեր ազգաբնակչության վրա չի կարող չազդել: Բնականաբար, պետք է իրատես լինենք և հասկանանք, որ ոչ բոլորը կհետևեն դրան, քանի որ մեզ համար, միևնույնն է, դժվար է։ Պետք է նշել, որ նաև կան մարդիկ, որոնք նախկինում չէին կարող պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ կարող են առողջ ապրելակերպ վարել։ Սակայն,  հայտնվելով առողջության համար վտանգավոր իրավիճակում, սկսեցին հետևել առողջ սնվելու կանոններին և արդյունքներից շատ գոհ են:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը