Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ցողունային բջիջների լաբորատորիայի շնորհիվ արդեն 11 փոխպատվաստում է իրականացվել, որոնցից երեքը՝ երեխաներին:

ՀՀ գլխավոր արյունաբան, Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը հույս ունի, որ 2-3 տարուց Հայաստանը ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում նոր ձեռքբերումներ կգրանցի:

Ցողունային բջիջների լաբորատորիան ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այսօր:

Կենտրոնն այսօր թույլ է տալիս աուտոտրանսպլանտացիա անել, սակայն մեր նպատակն է հետագայում իրականացնել նաեւ ալլոտրանսպլանտացիա, այսինքն՝ այլ մարդուց ցողունային բջիջների փոխպատվաստում, որն անհամեմատ ավելի բարդ է, ծախսատար եւ աշխատատար: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 2-3 տարում կկարողանանք նաեւ ալլոտրանսպլանտացիա իրականացնել, ինչի արդյունքում մեր հավակնությունները՝ դառնալ տարածաշրջանային թիվ մեկ կենտրոն, անհամեմատ կմեծանան: Մենք հիմա էլ առաջատար տեղ ենք գրավում: Տարածաշրջանում նման սարքավորումներով կենտրոն ունենալը ես մեծ ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար, բայց, կարծում եմ, նոր ներդրումների կարիք կլինի, որպեսզի կարողանանք հաջորդ քայլերը կատարել:

Բազմաթիվ միջազգային ծրագրեր ունենք, որոնք դեռ հանդիպումների փուլում են:  Պետք է վերապատրաստենք մեր երիտասարդ կադրերին արտասահմանյան լավագույն կլինիկաներում, որովհետեւ տրանսպլանտացիայի ժամանակ բարդությունների դեպքում միջազգային կապերն անպայման օգտագործվում են:

Կարո՞ղ ենք ասել, որ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստումը 100 տոկոսանոց բուժում է երաշխավորում:

Հեմատոլոգիայում 100 տոկոս արդյունքի մասին խոսելը ճիշտ չէ: Մենք ձգտում ենք բարձրացնել հիվանդի ապրելիությունը եւ կյանքի որակը, որի հերթական փուլերից մեկը աուտոտրանսպլանտացիան է: Մենք ձգտում ենք այնպես անել, որ հիվանդը Հայաստանում ստանա իր հարցի բոլոր պատասխանները, եւ արտասահման մեկնելու կարիք չլինի: Սակայն պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում հիվանդների միգրացիան օրինաչափ երեւույթ է: Ասում են՝ մարգարեն իր երկրում հեղինակություն չունի, եւ երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում, նա ձգտում է լավագույնին: Ես դա բնական եմ համարում, պարզապես ցանկանում եմ, որպեսզի մենք միգրացիան նվազեցնենք եւ այնպես անենք, որ, օրինակ, Վրաստանի կամ Հարավային Ռուսաստանի հիվանդների համար լինենք գրավիչ: Սա բիզնեսի օրենքն է, բայց նույնպես ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամեն դեպքում, այլ երկրների հետ համեմատած՝ մեզ մոտ աուտոտրանսպլանտացիայի ամենամատչելի գինն է:

Պարոն Դանիելյան, 2018 թվականի հունիսից Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եք: Այս ընթացքում ի՞նչ էական խնդիրներ եք նկատել, որոնք առաջիկայում կցանկանայիք շտկել:

Առաջին խնդիրը արյան բանկի մասնաշենքի կատարյալ վերանգորոգումն է, որտեղ արյան պատրաստուկներն ենք պատրաստում: Այս շենքը միջազգային չափանիշների հետ ոչ մի առնչություն չունի, եւ շատ կցանկանամ, որպեսզի մոտ ապագայում այդ հարցը լուծենք:

Երկրորդը՝ մենք արյան դոնորության խնդիր ունենք: Մարդիկ շատ դժկամությամբ են գալիս արյուն հանձնելու, անգամ եթե իրենց հարազատին է անհրաժեշտ: Կամ արյուն հանձնում են կադրային դոնորները, որոնք դրա համար վճարվում են, սակայն եվրոպական երկրներում դա հիմնականում կամավոր սկզբունքով է արվում: Արյունը Լուսնից չի գալիս, պետք է մի անձնավորություն այդ արյունը տա, որպեսզի հիվանդը կարողանա ստանալ: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ արյան եւ դրա պատրաստուկների ծախսը հիվանդի համար անկանխատեսելի է: Մի հիվանդի դեպքում կարող է արյան կամ թրոմբոցիտների երեք փոխներարկում պահանջվել, մյուսի դեպքում՝ 30-50:

Երրորդ խնդիրը միջին տարիքից բարձր պացիենտների բուժման մատչելիությունն է: Փառք Աստծո, տարբեր բարեգործական հիմնադրամների, պետպատվերի շրջանակներում, նաեւ մեր կենտրոնի հնարավորությունների սահմաններում կարողանում ենք արդեն մինչեւ 25 տարեկան պացիենտներին գրեթե անվճար բուժել: 
Սակայն 25-ից բարձր հիվանդների դեղորայքային ապահովվածությունը բավականին ցածր է: Իմ նպատակն է, որպեսզի կարողանանք գոնե առաջին փուլի համար անհրաժեշտ դեղորայքով ապահովել այն մարդկանց, որոնք մեղավոր չեն, որ 40 կամ 35 տարեկան են:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը