Նորածնի համար իդեալականը մայրական կաթն է: Արհեստական կաթի ընդունելի բաղադրությունն ապահովելու համար մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ) հարաբերակցությունը: Սակայն արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմին միանգամայն օտար հեղուկ, որը սնուցման միջոց է և միայն այդքանը: Այն չի պաշտպանում երեխային հիվանդություններից, չի խթանում նրա օրգանների և մտավոր ընդունակությունների զարգացմանը, չի նպաստում մոր և մանկան միջև կապի հաստատմանը:

Կաթնախառնուրդների թերությունները

Մանկական կաթնախառնուրդներից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, չնայած դրանց հեղինակներին հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս սնունդ ստանալ: Անշուշտ, մեր օրերի խառնուրդներն ավելի որակով են, բայց չպետք է մոռանալ մի քանի շատ կարևոր հարցեր`

- Դրանք գործածվում են համեմատաբար վերջերս` մոտավորապես 50 տարի, իսկ կրծքի կաթով երեխաներին կերակրել են հազարամյակներ, ուրեմն դրանցով կերակրելը պարզապես փորձնական կարելի է համարել:

- Հայտնի են այդ կերերի հետագա մի քանի հետևանքներըերեխայի օրգանիզմի վրա ավելի հասուն տարիքում: Հայտնի է, որ դրանք նպաստում են լյարդի քրոնիկական հիվանդութհունների և ալերգիկ հիվանդությունների հաճախացմանը հասուն տարիքում:

- Ճիշտ է, այդ խառնուրդով սնվող երեխաները լավ են աճում, բայց հայտնի չէ` արդյոք նրանք ստանում են իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը, այս դեպքում կարևորը ոչ թե երեխայի աճն է, այլ նրա աճի և զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը:

- Եթե այդ խառնուրդներն իրենց բաղադրությամբ մոտ են կրծքի կաթին, ուրեմն որտեղից և ինչու է գալիս նրանց բաղադրության այսքան բազմազանությունը: Հավանաբար ճիշտ կլինի ասել, որ դեռ չի ստեղծվել << ճիշտ >> խառնուրդը, և թեև այս ասպարեզում հետազոտությունները դեռ շարունակվում են, չի էլ գտնվի:

- Խառնուրդի բաղադրությունը կայուն է և չի փոխվում փոքրիկի պահանջմունքների, աճի և առողջական վիճակի փոփոխությանը համապատասխան:

- Խառնուրդներում, ի տարբերություն կրծքի կաթի, չկան կենդանի լեյկոցիտներ, պաշտպանական նյութեր, մարսողական ֆերմենտներ: Խառնուրդն ապահովում է երեխայի աճը, բայց չի պաշտպանում նրան:

- Կենսաբանական արժեքով խառնուրդը զիջում է մայրական կաթին. փոքրիկը կենսուժ է ծախսում անպետք նյութերը հեռացնելու համար:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ կրծքի կաթից զրկված մանկան համար միակ ընդունելի սնունդը այս խառնուրդներն են: Այլ սնունդը (կովի կաթ, մածուն, շիլա և այլն) պարզապես չի բավարարում երեխայի կարիքները և շատ հաճախ դառնում է նրա հիվանդանալու պատճառ:

Կաթնախառնուրդի տեսակները

Արդյունաբերությունն արտադրում է երեք տեսակի խառնուրդ`

- Փոշի` նշումով, թե ոչքան ջուր պետք է ավելացնել:
- Թանձր հեղուկ խառնուրդներ, որոնց կեսի չափով ջուր պետք է ավելացնել:
- Պատրաստի հեղուկ խառնուրդներ, որոնք անմիջապես կարելի է լցնել շշի մեջ:

Ամենաէժանն առաջին տեսակի խառնուրդներն են, դրանց պատրաստման համար ոչ շատ ժամանակ է հարկավոր: Պատրաստի խառնուրդները թանկ են, բայց գործածության համար ամենահարմարն են` ճանապարհորդությունների ժամանակ կամ երբ մայրը շատ է զբաղված: Անհրաժեշտ է ստուգել պիտանիության ժամկետը, ոչ մի դեպքում չի կարելի գնել վնասված տուփով խառնուրդ: Փոշի և հեղուկ բաղադրամասերի մեջ տարբերություն չկա:

Երկաթով հարուստ կաթնախառնուրդներ

Խորհուրդ է տրվում օգտագործել երկաթով հարստացրած խառնուրդ, եթե բժիշկը չի առարկում: Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, թե երկաթի որ քանակությունն է հարկավոր Ձեր փոքրիկին: Քանի որ խառնուրդի մեջ պարունակվող երկաթն ավելի վատ է մարսվում, քան մոր կրծքի կաթի երկաթը, երեխայի կղկղանքը կարող է մուգ գույն ունենալ, դրա պատճառը երկաթն է և չպետք է անհանգստանալ:

Սոյայի խառնուրդներ

Փաստորեն գոյություն ունի միայն մի սնունդ, որ երբեք ալերգիա չի առաջացնում` կրծքի կաթը: Երկար ժամանակ այն կարծիքն էր իշխում, որ սոյայի հիմքի վրա ստեղծված խառնուրդներն ավելի անվնաս են, ավելի քիչ են ալերգիա առաջացնում, քան կովի կաթի հիման վրա ստեղծված խառնուրդները, բայց այդ կարծիքը կարելի է վիճարկել`

- Հաճախ ծնողներին խորհուրդ են տալիս սկսել սոյայի խառնուրդներից, բայց հետազոտությունները պարզել են, որ դա էլ չի կանխում ալերգիայի առաջացումը հետագայում: Դրանք չեն կանխում նաև երեխայի փորիկի խիթերը: Ուրեմն չի կարելի սոյայի խառնուրդներն օգտագործել, որպես խիթերի և ալերգիայի նկատմամբ փոքրիկի հնարավոր հակվածության կանխման միջոց:

- Սոյայի խառնուրդներից շատերի վրա նշվում է, որ դրանք լակտոզա չեն պարունակում: Այդպիսի խառնուրդների օգտակարությունը կասկածելի է: Մոր կրծքի և բոլոր կաթնասունների կաթը պարունակում է լակտոզա` կաթնաշաքար: Ինչ հարկ կա փոփոխել բնության ստեղծածը, չէ որ լակտոզան նպաստում է կալցիումի յուրացմանը օրգանիզմում, օժանդակում աղիքներում օգտակար մանրէների զարգացմանը, գլխուղեղի զարգացման համար անհրաժեշտ գալակտոզայի գոյացման աղբյուրն է: Սոյայի խառնուրդներից մի քանիսում օգտագործում են եգիպտացորենի օշարակ, որն ալերգեն է: Ճիշտ է, երեխայի աղիքներում կա լակտոզա հորմոնը, որը քայքայում է լակտոզան, երբեմն դրա քանակությունը ժամանակավորապես քիչ է լինում, և արդյունքում զարգանում է աղիքային խանգարում: Ընդհակառակը` լակտոզա չպարունակող խառնուրդները այս դեպքում ժամանակավորապես խորհուրդ է տրվում օգտագործել որպես լուծը դադարեցնող միջոց:

- Սոյայի խառնուրդներից շատերում մեծ է աղի քանակությունը, և երկաթի, ցինկի կենսաբանական արժեքը դրանցում ավելի քիչ է, քան մյուս խառնուրդներում:

- Մասնագետները խորհուրդ են տալիս առանց լակտոզայի սոյայի խառնուրդներով կերակրել այն երեխաներին, ովքեր լակտոզա չունեն, քանի որ տառապում են հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, չեն կարող լակտոզա արտադրել և կովի կաթը յուրացնել: Այս դեպքում նախ պետք է դիմել բժշկի օգնությանը:

<< Ալերգիա չառաջացնող >> այլ կաթնախառնուրդներ

Եթե խառնուրդի տուփի վրա նշված է` << Ալերգիա չի առաջացնում >> կամ << Պարունակում է հիդրոլիզացված սպիտակուց, նշանակում է, որ ալերգիա առաջացնող սպիտակուցները մշակված են, այսինքն` տրոհված են ավելի բարդ սպիտակուցների, որոնք տեսականորեն ավելի հազվադեպ են ալերգիա առաջացնում: Կովի կաթով խառնուրդների սպիտակուցներից ալերգիա ունեցող երեխաներն ավելի լավ են մարսում այդ խառնուրդները, որոնք սակայն շատ թանկ են: Փորձարկված այն խառնուրդները, որոնք իսկապես ալերգիա համարյա թե չեն առաջացնում, 4-5 անգամ թանկ են: Դրանցից մի քանիսում չկան եգիպտացորենի օշարակ և օսլա:

Ինչպես ընտրել երեխային հարմար կաթնախառնուրդ

Գոյություն չունի որևէ ամենալավ կաթնախառնուրդ: Առաջին ամիսներին երբեմն հարկ է լինում տարբեր խառնուրդներ օգտագործել, մինչև գտնվի այն խառնուրդը, որն ավելի է դուր գալիս երեխային և համեմատաբար քիչ խանգարումներ է առաջացնում: Խառնուրդից առաջացած ալերգիայի նշաններն են`

- ուտելուց հետո երեխան լալիս է,
- սրտխառնոց ունի գրեթե ամեն մի կերակրումից հետո,
- տևական լուծ կամ փորկապություն ունի,
- երեխայի փորիկը լարվում է, ուռած է ու ցավոտ, խիթեր ունի, երեխան գրգռված է, հաճախ է արթնանում քնից,
- մաշկի վրա կարմիր ցան կա, հատկապես` դեմքին, հեռանցքի շուրջը:

Եթե կա վերոհիշյալ ախտանիշներից թեկուզ մեկը, պետք է խորհրդակցել բժշկի հետ և փոխել խառնուրդը:

Ինչքան և քանի անգամ կերակրել

Երեխայի քաշից, նրա աճի տեմպից, ախորժակից, նյութափոխանակության վիճակից է կախված, թե նա որքան կուտի օրվա ընթացքում: Տարբեր օրեր նա կուտի տարբեր քանակի կեր` նախատեսվածից շատ կամ քիչ:
8-10 օրականից մինչև 2 ամսական փոքրիկի` օրվա ընթացքում ընդունելիք կաթի քանակությունը պետք է կազմի նրա կշռի 1/5 մասը: Այսպես, եթե երեխան կշռում է 4000 գ, օրվա ընթացքում նրան պետք կլինի 800 մլ կաթ (4000:5=800), իսկ 2 ամսականից մինչև 4 ամսական հասակում` երեխայի քաշի 1/6-ը, իսկ 4-6 ամսականում` քաշի 1/7-ը:
Մեկ անգամ տրվելիք կաթի քանակությունը որոշելու համար պետք է սննդի ամբողջ օրաբաժինը բաժանել կերակրումների թվի վրա: Այսպես, եթե 5400 գ կշռող 2.5 ամսական երեխան օրական պետք է ստանա 900 մլ կաթ (5400:6=900), 6 անգամ կերակրելու դեպքում ամեն մի կերակրմանը պետք է հատկացվի 150 մլ կաթ (900:6=150):
Անշուշտ, սկզբում երեխան այդքան լավ չի ուտի, 1 շաբաթական փոքրիկը մեկ կերակրման ժամանակ կարող է ծծել 30-60 մլ: Մեկ ամսական երեխաներից շատերը կարող են մեկ կերակրման ժամանակ ծծել 90-120 մլ, իսկ 2-6 ամսական հասակում` արդեն 120-160 մլ: 6-12 ամսական երեխան մեկ կերակրման ժամանակ կարող է ծծել մինչև 240 մլ կաթ, օրվա ընթացքում նրա կերած սննդից կախված` կաթի օրաբաժինը կարող է հասնել 3-4 շշի: Երբ փոքրիկը խմել է ուզում, պետք է նրան ջուր առաջարկել, հրաժարվելուց հետո միայն պետք է կաթ տալ: Քանի որ խառնուրդներն ավելի թանձր են, քան կրծքի կաթը, փոքրիկին օրվա ընթացքում ջուր պետք է տալ (կուրծք ուտող երեխաները ջրի կարիք չեն զգում):

Պետք է ճիշտ հասկանալ երեխայի տված ազդանշանները

Եթե երեխային հանգստացնելու համար լավ միջոց է, ապա շշի դեպքում ամեն ինչ փոխվում է: Եթե երեխայի լացը կտրելու համար ամեն անգամ նրան կերակրեն, փոքրիկը կգերսնվի: Պետք է գտնել նրան հանգստացնելու այլ միջոցներ և ոչ թե առաջին թնկթնկոցի հետ ձեռք երկարել շշին: Գուցե երեխան ուզում է, որ գրկեն իրեն, խաղան հետը, ջուր տան, փոխեն տակաշորերը կամ պարզապես ցանկություն ունի միջավայրը փոխելու: Փոքրիկին արհեստական շշով մեծացնող մայրերը հանգստացնելու ավելի շատ ձևեր պիտի իմանան, քան կրծքով կերակրողները. չէ որ լրացուցիչ անգամ կրծքով կերակրելը երեխային չի գերսնի:

Ինչպես իմանալ` փոքրիկը քիչ, թե շատ կեր է ստանում

Երեխայի թերսնման նշաններն են`

- նորմայից պակաս քաշի աճ
- մեզի քիչ քանակություն, թուլացած, կնճռոտ մաշկ, մշտական լաց:

Երեխայի գերսնման նշաններն են`

- գղտոց կամ փսխում ամեն մի կերակրումից հետո

- խիթեր կան ծակծկոցի նման ցավեր փորիկում կերակրելուց անմիջապես հետո (երեխան ձգում է ոտքերը դեպի լարված փորը)

- քաշի արագ աճ

Եթե գերսնման նշաններ կան, պետք է պակասեցնել կերի չափաբաժինը, բայց ավելի շուտ-շուտ կերակրել, օգնել երեխային, որ կերակրման ժամանակ 1-2 անգամ գղտոցով դուրս մղի օդը, երբեմն-երբեմն պետք է խառնուրդի փոխարեն նրան ջուր տալ: