Հավելյալ սնուցման բնորոշումը: Կյանքի առաջին ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրելը լիովին բավարարում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը՝ ապահովելով նրա օպտիմալ աճը, զարգացումն ու առողջությունը: Սակայն երեխայի աճին և ակտիվության մեծացմանը զուգընթաց որոշակի տարիքում միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի բոլոր պահանջները:

Բացառապես կրծքով կերակրելու միջոցով ապահովվող էներգիայի, երկաթի և այլ անփոխարինելի սննդային բաղադրամասերի քանակի և երեխայի սնուցողական պահանջների միջև եղած տարբերությունը լրացնելու համար անհրաժեշտ է երեխայի օրաբաժնին ավելացնել այլ սնունդ, այսինքն ներմուծել հավելյալ սնունդ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրելը մինչև երկու տարեկանը և ավելի: Հավելյալ սնուցումը պետք է լինի.

Ժամանակին, այսինքն բոլոր երեխաները, ի հավելումն կրծքի կաթի, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ 6 ամսական հասակից սկսած (արհեստականորեն սնվող երեխաների հավելյալ սնուցումը ևս պետք է սկսել 6 ամսական հասակում):

Համապատասխան, որը նշանակում է, որ հավելյալ սնունդը սնուցողական արժեքավորությամբ պետք է առնվազն չզիջի կրծքի կաթի արժեքավորությանը:

Անվտանգ եղանակով պատրաստված, այսինքն պետք է միջոցներ ձեռք առնվեն սննդի պաթոգեն մանրէներով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Պետք է տրվի համապատասխան ձևով, այսինքն սնունդը պետք է լինի համապատասխան խտության և տրվի բավարար քանակությամբ:

Հավելյալ կերակուր ներմուծելու ժամկետը: Հավելյալ կերակուր ներմուծելու ամենաբարենպաստ ժամկետը որոշելու համար հաշվի են առնվել տարբեր տարիքներում այն ներմուծելու առավելություններն ու թերությունները: Եթե հավելյալ սնունդը վեց ամսականից շուտ է ներմուծվում, ապա մեծանում է շփումը սննդում և ըմպելիքում պարունակվող հիվանդածին մանրէների հետ, հետևաբար նաև երեխայի փորլուծությամբ հիվանդանալու և թերսնուցման վտանգը:

Կրծքի կաթը կարող է փոխարինվել այլ հեղուկներով կամ սննդով, որոնք որակապես զիջում են կրծքի կաթին և երեխայի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քանակությամբ էներգիա ու սնուցողական բաղադրամասեր չեն պարունակում, մինչդեռ դրանց ներմուծումը նվազեցնում է մոր կաթնարտադրությունը:

Որոշակի սննդատեսակների վաղ ներմուծումը կարող է նաև ալերգիայի պատճառ դառնալ: Մարսողության խանգարումներին և ալերգիայի վտանգի մեծացմանը նպաստում է երեխայի աղիքների դեռևս ոչ բավարար հասունացումը: Մյուս կողմից, հավելյալ սննդի չափազանց ուշ ներմուծումը ևս խորհուրդ չի տրվում, քանի որ այդ դեպքում ավելանում է երեխայի թերսնուցման վտանգը, կարող է դանդաղել բերանի շարժողական ֆունկցիայի, այդ թվում կծելու և ծամելու ունակությունների զարգացումը, իսկ դա իր հերթին բացասաբար կազդի խոսքի զարգացմանը:

Բացի դրանից, տարբեր համերի և կոշտության սնունդ ներմուծելը ուշացնելու դեպքում հետագայում մեծանում է երեխայի դրանցից հրաժարվելու վտանգը: «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման համաշխարհային ռազմավարությունը» կոչ է անում. «Պաշտպանել, խրախուսել և աջակցել բացառապես կրծքով սնուցումը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում որպես համապարփակ առողջապահական խորհուրդ և ապահովել անվտանգ ու համապատասխան հավելյալ սնուցում շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը եւ ավելի»:

Երեխաների մեծամասնությունը մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Եթե մինչև վեց ամսական երեխան չի բավարարվում միայն կրծքի կաթով, ապա պետք է մորը խորհուրդներ տալ կաթնարտադրության ավելացման նպատակով, սակայն եթե դա չի հաջողվում, պետք է երեխային լրացուցիչ սնունդ տալ մինչև երեխայի վեց ամսականը լրանալը, և ոչ թե հավելյալ սնունցումը շուտ սկսել:

Երբ երեխան սկսում է հավելյալ սնունդ ընդունել, ժամանակ է անհրաժեշտ, որ նա ընտելանա ուտելիքի նոր համերին և խտությանը: Երեխան պետք է սովորի ուտել: Եթե նրան թողնեն, որ ինքնուրույն ուտի, հնարավոր է, որ բավականաչափ չուտի: Պետք է երեխային աջակցել ուտելիս ուշադիր լինելով նրա ազդանշաններին, դանդաղ և համբերությամբ կերակրել, համոզել, բայց չստիպել: Կերակրելու ընթացքում ցանկալի է երեխայի հետ զրուցել ապահովելով աչքը-աչքին շփում: Սկզբում երեխային պետք է օրական երկու անգամ 2-3 գդալ սնունդ տալ և երեխայի մեծանալուն զուգընթաց առաջարկվող սննդի քանակն ավելացնել:

Պետք է տալ այնքան սնունդ, որքան երեխան կարող է ուտել ակտիվ կերակրելու պայմաններում: Երեխայի մեծանալուն զուգընթաց՝ աստիճանաբար պետք է ավելացնել սննդի կոշտությունը և բազմազանությունը՝ ելնելով երեխայի պահանջներից ու հնարավորություններից: Օրվա ընթացքում նրան տրվող սննդի ընդհանուր քանակը և կերակրումների թիվը ևս պետք է աճի: Վեց ամսական հասակից սկսած երեխան կարող է ուտել համասեռ դարձրած (փափուկ), տրորած կամ կիսակոշտ սնունդ:

Մոտ ութ ամսական երեխան արդեն կարող է ձեռքով վերցնել որոշ ուտելիքներ և ուտել, մոտ մեկ տարեկան երեխաների մեծամասնությունը կարող է ուտել նույն սննդատեսակները, ինչ ուտում են ընտանիքի մյուս անդամները, սակայն նրանք ավելի սննդարար ուտելիքների կարիք ունեն: Պետք է խուսափել այնպիսի ուտելիքներից, որոնք կոշտ են, մանրակրկիտ ծամել են պահանջում կամ կարող են շնչուղիներն անցնել, օրինակ՝ չմանրացված ընկուզեղեն, ընդեղեն, հում բանջարեղեն, ծամելու ենթակա հաբեր:

Հավելյալ սննդատեսակների ներմուծման կարգը

6-7 ամսական

Հավելյալ սննդի տեսակը/խտությունը

- Սկսել խիտ շիլայից կամ բանջարեղենի պյուրեից, 1-2 շաբաթ անց օրաբաժին ներմուծել մսամթերք:

Հաճախականությունը

- Օրական 2 կերակուր և հաճախակի կրծքով կերակրումներ

Մեկ կերակրման սննդի քանակ

- Յուրաքանչյուր կերակուրի ընթացքում սկսել 2-3 գդալից, 7-10 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացնել քանակը` հասցնելով մինչև 250 մլ բաժակի

7-9 ամսական

Հավելյալ սննդի տեսակը/խտությունը

- Խիտ շիլա, բանջարեղենի պյուրե, լավ տրորած և երեխայի պահանջներին հարմարեցված ընտանեկան ճաշատեսակներ

Հաճախականությունը

- Օրական 2-3 կերակուր և հաճախակի կրծքով կերակրումներ: Ելնելով երեխայի ախորժակից կարելի է առաջարկել 1-2 նախաճաշիկ

Մեկ կերակրման սննդի քանակ

250 մլ բաժակի կեսը

9-11 ամսական

Հավելյալ սննդի տեսակը/խտությունը

- Ընտանեկան կտրտված կամ մանրացված սննդատեսակներ և ուտելիք, որ երեխան կարող է ինքնուրույն վերցնել մատներով:

Հաճախականությունը

- Օրական 3-4 կերակուր և կրծքով կերակրումներ: Ելնելով երեխայի ախորժակից կարելի է առաջարկել 1-2 նախաճաշիկ:

Մեկ կերակրման սննդի քանակ

- 250 մլ բաժակի կեսը

12-23 ամսական

Հավելյալ սննդի տեսակը/խտությունը

- Ընտանեկան կերակրատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է կտրտվեն կամ մանրացվեն:

Հաճախականությունը

- Օրական 3-4 կերակուր և կրծքով կերակրումներ: Ելնելով երեխայի ախորժակից՝ կարելի է առաջարկել 1-2 նախաճաշիկ:

Մեկ կերակրման սննդի քանակ

- 250 մլ բաժակի կեսը

Երեխայի էներգետիկ պահանջարկը բավարարելու համար խորհուրդ է տրվում հիմնական կերակրումների արանքում նրան լրացուցիչ սնունդ (նախաճաշիկ) տալ: Նախաճաշիկը պետք է սննդարար լինի, օրինակ՝ մածունը կամ այլ կաթնամթերքը, կարագով հացը կամ թխվածքը, ընկուզեդենի քերուքը, միրգը, եփած կարտոֆիլը և այլն: Հավելյալ սնունդը երեխային պետք է ապահովի բավարար էներգիայով, սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով: Հավելյալ սննդի հիմքը սովորաբար կազմում են հիմնական կերակրատեսակները, օրինակ՝ հատիկա- բույսերը, շիլաները, կարտոֆիլը, որոնք օգտագործվում են մեծ քանակությամբ, ե որոնցից ստացվում է անհրաժեշտ էներգիայի հիմնական մասը: Հիմնական սննդատեսակները նաև որոշ քանակությամբ սպիտակուցի և այլ սննդարար բաղադրամասերի աղբյուր են, բայց միայն դրանք չեն կարող ապահովել երեխայի սնունդի բոլոր պահանջները: Այդ պատճառով հիմնական սննդատեսակներին պետք է այլ՝ սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սննդամթերք ավելացնել:

Կենդանական ծագման սննդատեսակներ միս, թռչնամիս, ձուկ, կենդանիների օրգաններ (լյարդ, սիրտ, թոք), ինչպես նաև կաթնամթերք (կաթ, կաթնաշոռ, պանիր, մածուն և այլն) ու ձու, որոնք հարուստ են մի շարք սննդային բաղադրամասերով:

Միսը, թռչնամիսը, ձուկը, կենդանիների օրգանները երկաթի և ցինկի լավագույն աղբյուրներ են և պետք է երեխայի օրաբաժին մտցընել 6-7 ամսական հասակում: Լյարդը նաև վիտամին A-ի լավ աղբյուր է: Կենդանական ծագման սննդատեսակներ երեխաները պետք է ուտեն ամեն օր կամ որքան հնարավոր է հաճախ: Դա հատկապես կարևոր է կրծքով չկերակրվող երեխաների համար:

Կենդանական ծագման այնպիսի սննդատեսակներ, ինչպիսիք են կաթնամթերքն ու ձուն նույնպես օգտակար են երեխաների համար, քանի որ պարունակում են սպիտակուցներ և այլ սնուցողական բաղադրամասեր, սակայն դրանք երկաթի լավ աղբյուր չեն: Կաթում պարունակվող ճարպը պարունակում է վիտամին A, այդ պատճառով անքաշ կաթից պատրաստվող սննդատեսակները հարուստ են վիտամին A-nվ: Կաթով պատրաստված սննդատեսակները և սննդատեսակները, որոնք պարունակում են ոսկրեր, օրինակ աղացած ձուկը, հարուստ են կալցիումով: Ձվի դեղնուցը սննդարար է և վիտամին A-ի հարուստ աղբյուր է: Եթե երեխաները ամեն օր տարատեսակ կենդանական ծագման սննդատեսակներ չօգտագործեն, ապա չեն կարող բավարարել երկաթի պահանջարկը: Երկաթով հարստացված գործարանային արտադրության սննդատեսակները, օրինակ՝ հարստացված շիլաները, ալյուրը, մակարոնեղենը, կարող են նպաստել երկաթի պահանջարկի բավարարմանը: Որոշ երեխաներ կարող են երկաթի հավելման կարիք ունենալ, եթե նրանք բավականաչափ երկաթով հարուստ սնունդ չեն ուտում կամ երկաթի ավելի մեծ պահանջարկ ունեն:

Վաղ հասակի երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող սննդային անբավարարությունը երկաթի անբավարարությունն է: Երկաթը կարևոր նշանակություն ունի արյունաստեղծման, աճի, զարգացման և վարակներից պաշտպանված լինելու համար: Այդ պատճառով կարևոր է, որ երեխային տրվող հավելյալ սնունդը շատ երկաթ պարունակի, հատկապես կենդանական ծագման սննդատեսակների ձևով, քանի որ մսամթերքից երկաթն ավելի լավ է ներծծվում և յուրացվում: Ընդեղենը և ընկուզեղենը վիտամին C-ով հարուստ սննդատեսակների հետ զուգակցելու դեպքում նույնպես երկաթի լավ աղբյուր են, սակայն չեն կարող լիարժեքորեն փոխարինել կենդանական ծագման սննդին:

Երկաթի ներծծումն արգելակում են սուրճ և թեյ ըմպելը, բջջանքով հարուստ սննդատեսակները, օրինակ թեփը, կալցիումով հարուստ սննդատեսակները:

Ընդեղենը, օրինակ լոբազգիները, ոլոռը, սիսեռը, ինչպես նաև ընկուզեղենն ու սերմերը, օրինակ արևածաղիկը սպիտակուցի, նաև երկաթի լավ աղբյուր է: Երեխայի համար որոշակի սննդատեսակների մարսումն ու յուրացումը հեշտացնելու նպատակով դրանք կարելի է պատրաստել հետևյալ եղանակներով. Ընդեղենը եփելուց որոշ ժամանակ առաջ թրջել, այնուհետև փոխել ջուրը և եփել: Թրջած ընդեղենը կամ սերմերը կեղևազրկել: Ընդեղենը եփել, ապա քամիչով անցկացնել կոպիտ կեղևները հեռացնելու նպատակով: Սերմերը բովել և աղալ: Եփած ընդեղենը լավ մանրացնել:

Բազմազան սննդի միժամանակ օգտագործումը նպաստում է սննդարար նյութերի յուրացմանը:

Դեղնանարնջագույն մրգեր ու բանջարեղեն՝ գազար, դդում, լոլիկ, ցիտրուսային մրգեր և մուգ կանաչ տերևներով բանջարեղեն՝ սպանախ, ավելուկ, այլ կանաչեղեն, այս սննդատեսակները վիտամին A-ի և C-ի կարևոր աղբյուրներ են:

Վիտամին A-ն շատ կարևոր է տեսողության, մաշկի և իմունիտետի համար: Վիտամին C-ն նույնպես կարևոր է երեխայի իմունիտետի համար, բացի դրանից, այն նպաստում է բուսական սննդատեսակներից երկաթի ներծծմանը: Վիտամին A-ն օրգանիզմում կարող է պահեստավորվել մի քանի ամսվա համար: Կարևոր է որքան հնարավոր է հաճախ վիտամին A-ով հարուստ սնունդ տալ երեխային: Եթե այդ սննդատեսակները մատչելի են, ապա ցանկալի է ամեն օր: Ի տարբերություն վիտամին A-ի վիտամին C-ն չի պահեստավորվում և ցանկալի է, որ երեխան ամեն օր վիտամին C-ով հարուստ սնունդ ընդունի: Մուգ կանաչ տերևներով բանջարեղենը պարունակում է նաև երկաթ, սակայն այն դժվար է ներծծվում: Երեխայի օրաբաժնում բազմապիսի մրգերի և բանջարեղենի առկայությունը նպաստում է շատ սննդային բաղադրամասերի պահանջարկի բավարարմանը:

Ճարպեր և քաղցրեղեն: Ճարպերը (կարագն ու ձեթը) էներգիայի խիտ աղբյուր են: Երեխայի սննդին քիչ քանակությամբ ճարպ կամ ձեթ ավելացնելը, օրինակ կեսից մեկ թեյի գդալ, մեծացնում են սննդի էներգետիկ արժեքը, նպաստում վիտամին A-ի և այլ ճարպալույծ վիտամինների ներծծմանը: Բացի դրանից, ճարպը սնունդն ավելի համով, փափուկ և հեշտ ուտելի է դարձնում: Եթե ճարպն ավելացվի մեծ քանակությամբ, ապա երեխան կարող է արագ կշտանալ և սնունդն ամբողջությամբ չուտել: Այդ դեպքում նա կստանա բավարար էներգիա, բայց ավելի քիչ սննդային բաղադրամասեր: Եթե երեխան լավ է աճում, ապա նրա սննդին լրացուցիչ ճարպ ավելացնելու կարիք չկա: Երեխան, որը շատ ճարպ կամ տապակած սնունդ է ուտում, կարող է գիրանալ: Անփոխարիելի ճարպաթթուներն անհրաժեշտ են աճող երեխայի ուղեղի, աչքերի ու անոթների համար: Դրանք կան կրծքի կաթում: Վեց ամսականից մեծ երեխաների համար անփոխարինելի ճարպաթթուների լավ աղբյուրներ են ձուկը, ընկուզեղենը և բուսական յուղը: Կենդանական ծագման սննդատեսակները նույնպես պարունակում են անփոխարիելի ճարպաթթուներ:

Շաքարը և մեղրը: Էներգիայով հարուստ են և կարող են փոքր քանակությամբ ավելացվել սննդին՝ էներգիտիկ արժեքավորությունը մեծացնելու համար: Այնուամենայնիվ, դրանք որևէ այլ սննդային բաղադրամաս չեն պարունակում, նպաստում են ատամնափուտի, ավելցուկային քաշի և գիրության առաջացմանը: Հարկավոր է ուշադիր լինել, որ քաղցր սնունդն օրաբաժնում այլ սննդատեսակների տեղը չգրավի: Պետք է խուսափել քաղցր ըմպելիքներից և հյութերից (հատկապես գործարանային արտադրության), քանի որ դրանք նվազեցնում են երեխայի ախորժակն, ու նա ավելի քիչ է օգտակար սնունդ ընդունում:

Չի կարելի մեղր տալ մինչև մեկ տարեկան երեխային:

Կրծքով չկերակրվող երեխաները հատուկ ուշադրության են արժանի, քանի որ նրանց թերսնուցման և ջրազրկման հավանականությունն ավելի մեծ է: Կրծքով չկերակվող երեխային պետք է տալ.

- լրացուցիչ ջուր (ամեն օր 2-3 բաժակ չափավոր կլիմայական պայմաններում և 4-6 բաժակ շոգ կլիմայական պայմաններում),

- անփոխարինելի սպիտակուցներ՝ միս, ձուկ, ձու, ընկույզի քերուք,

- բավականաչափ երկաթ՝ կենդանական սննդատեսակներ, երկաթով հարստացված սնունդ (գործարանային պատրաստման մանկական սնունդ),

- կաթ օրը 1-2 բաժակ,

- լրացուցիչ կերակուրներ՝ 1-2 կերակուր օրական:

 

Մանկաբուժություն դասագիրք

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան