Երբեմն հարմարեցված կաթնախառնուրդների անմատչելիության պատճառով ծնողները մանկան արհեստական սնուցման նպատակով օգտագործում են չհարմարեցված կաթնախառնուրդներ, որոնց թվին է դասվում կովի կամ այլ կենդանիների կաթը, «Նարինեն», կեֆիրը, մածունը և այլն: Կովի կաթն իր բաղադրությամբ շատ տարբեր է կրծքի կաթից և չի կարող բավարարել երեխայի սնուցողական պահանջները: Այն պարունակում է չափազանց շատ և որակապես անհամապատասխան սպիտակուց և աղեր: Կովի կաթի սպիտակուցն ունի ալերգիկ հատկություններ:

Որքան շուտ է այն ներմուծվում մանկան օրաբաժնի մեջ, այնքան ալերգիայի առաջացման հավանականությունը մեծանում է, քանի որ վաղ հասակի երեխաների աղիքների թափանցելիությունը սննդային ալերգենների նկատմամբ բարձր է: Կովի կաթի վաղ ներմուծումը հատկապես վտանգավոր է ատոպիկ հիվանդություններ ունեցող ծնողների երեխաների համար: Կովի կաթում պարունակվող երկաթը շատ վատ է ներծծվում, անբավարար է նաև վիտամիններ D-ի, C-ի, E-ի, լինոլեյնաթթվի պարունակությունը:

Կովի կաթով սնվող երեխաների ռախիտով հիվանդանալու հավանականությունը նույնպես մեծ է: Հաշվի առնելով այդ փաստերը` ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս չձևափոխված կովի կաթը որպես ըմպելիք օգտագործել մինչև ինն ամսական երեխաների օրաբաժնում, սակայն այն կարելի է քիչ քանակությամբ օգտագործել շիլաներ պատրաստելու համար` սկսած 6-9 ամսական հասակից: 9-12 ամսական հասակում կովի կաթը կարելի է աստիճանաբար որպես ըմպելիք ներմուծել երեխայի օրաբաժին: Այծի և ոչխարի կաթն ավելի անհամապատասխան է մանկիկին սնուցելու համար:

Թթու կաթնախառնուրդները` «Նարինեն», մածունը, կեֆիրը և դրանց նոսրացումները նույնպես չեն բավարարում երեխայի սնուցողական պահանջները:

 

Մանկաբուժություն դասագիրք

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան