Շպարից ճիշտ ազատվելու մասին պետք է մտածել նույնքան հանգամանալից, որքան շպարվելու: Հակառակ դեպքում մաշկի վաղաժամ ծերացումից, թարմության կորստից չեք խուսափի: Շպարից ազատվելը կատարվում է երեք հիմնական փուլերով.

Շրթներկի հեռացում, շուրթերի մաշկի խնամք

Բամբակի կամ թանզիֆի կտորի վրա լցրեք կոսմետիկական կաթը եւ զգուշությամբ մաքրեք շուրթերը՝ ծայրերից դեպի մեջտեղը ուղղությամբ:

Աչքերի շպարից ազատվելը

Եթե ստվերաներկ եք օգտագործել, ապա առաջին հերթին պետք է ազատվել նրանից: Կոսմետիկական կաթով կամ աչքերի շպարը մաքրելու համար նախատեսված հեղուկով մաքրեք կոպերը՝ քթարմատից դեպի քունքերը ուղղությամբ: Իսկ թարթիչները ներկից ազատել պետք է արմատներից դեպի ծայրերը ուղղությամբ: Ավելի հարմար տարբերակ է բամբակյա ծայրով ձողիկներ օգտագործելը: Աչքերը կոսմետիկական կաթով մաքրելուց հետո անպայման լվացեք ջրով՝ հեռացնելու համար նաեւ մաքրող միջոցների հետքերը, քանի որ աչքերի շուրջ մաշկը շատ զգայուն է եւ հատուկ խնամք է պահանջում:

Տոնային կրեմը եւ դիմափոշին հեռացնելը

Եթե սովոր եք տոնային կրեմը կամ դիմափոշին մաշկից հեռացնել ջրով, ավելի լավ է նախապատվությունը տալ գելերին, հատուկ փրփուրների, մուսերի: Մյուս տարբերակը կոսմետիկական կաթով մաքրումն է: Նախ կաթը տարածեք մաշկին մերսող շարժումներով, իսկ ապա մաքրեք բամբակի շերտով կամ անձեռոցիկով: Նախնական մաքրումից հետո արժի օգտագործել նաեւ տոնիկ. այն ոչ միայն շպարի մնացուկները կհեռացնի, այլեւ կտոնուսավորի մաշկը:

Մաշկը օրվա վերջում մաքրել պետք է, եթե անգամ շպար չեք արել. պակաս վտանգ չի ներկայացնում փոշին, որը փակում է ծակոտիները եւ թույլ չի տալիս մաշկին շնչել:

Աղբյուր`Ladynews.am