Ունենալ հարթ,փափուկ,մաքուր մաշկ  շատերս ենք երազում՝թեժ պայքար մղելով պարբերաբար մեր մաշկի վրա հայտնվող բշտերի և կորյակների դեմ,զանազան մեթոդներով  փորձելով ազատվել ժամանակի հետքերից՝մեր տարիքը մատնող բծերից ու կնճիռներից:Որպեսզի այս ջանքերը զուր չանցնեն, պետք է հասկանանք ինչպես են ազդում կոսմետիկ միջոցները,արդյոք դրանք միշտ անվտանգ են,ինչպես ընտրել մաշկի խնամքի այն մեթոդը ,որն ամենաարդյունավետը կլինի մեզ համար: Նշենք,որ մաշկի հիմնական ֆունկցիան օրգանիզմի ներքին միջավայրի սահմանազատումն է արտաքին միջավայրից:Այս պատասխանատու գործն իրականացվում է նրա շերտերի շնորհիվ,որոնք հաջորդելով մեկը մյուսին՝ անընդհատ թարմացվում են:

Եղջերացող շերտ

Լողանալիս,երբ մաշկը տրորելով մաքրում եք կեղտից,իրականում առանձնացնում եք աղտոտված եղջերացող շերտը,սա այն շերտն է,որ պլոկվում է՝ արևային լոգանքը չարաշահելիս: Հենց այս շերտի վրա ենք առաջին հերթին նկատում կոսմետիկ միջոցների ազդեցությունը:Եղջերացող շերտը կազմված է սպիտակուցային թեփուկներից,որոնք իրար ամրանում են լիպիդների խարնուրդով՝ճարպանյութով: Վերջինս բարիեր է հանդիսանում ջրի և օտարածին նյութերի համար,ինչպիսիք են օրինակ կոսմետիկ միջոցները: Որոշ կոսմետիկ միջոցներ այնուամենայնիվ քայքայում են մաշկի պաշտպանական շերտը,արդյունքում այն ջրազրկվում է,դառնում զգայուն արտաքին ազդակների նկատմամբ: Ինչքան էլ որ ամուր լինի եղջերացող շերտը,այն ևս մաշվում է ,վերակառուցվում՝պոկված թեփուկներին փոխարինում են նորերը,որոնք ձևավորվում են էպիդերմիսի խորքում:

Էպիդերմիս

Այս շերտի գլխավոր ֆունկցիան եղջերացող շերտի վերարտադրումն է:Էպիդերմիսի հիմնական բջիջները՝կերատինոցիտները, հասունանալով շարժվում են դեպի մաշկի մակերես՝ ասես ուս-ուսի տված:Էպիդերմիսի ամենաստորին՝բազալ շերտում են գտնվում անընդմեջ կիսվող բջիջները:Մաշկի գունավորման համար պատասխանատու բջիջները՝մելանոցիտները, տեղակայված են կերատինոցիտների միջև բազալ թաղանթի վրա: Էպիդերմիսում են գտնվում նաև օտարածին նյութերն ու միկրոօրգանիզմները ճանաչող իմուն բջիջները՝Լանգերհանսի բջիջները,ինչպես նաև շոշափելիքի զգացողության համար պատասխանատու բջիջները՝Մերկելի բջիջները:

Դերմա

Դերման փափուկ հող է հանդիսանում էպիդերմիսի համար:Այստեղ են գտնվում մաշկը սնուցող արյունատար և լիմֆատիկ անոթները:Հենց դերմայի արյան շրջանառությամբ է պայմանավորված մաշկի վարդագույն երանգը,եթե դերմայի սնուցումը խանգարվում է,մաշկը դառնում է դեղնավուն՝նրա տակից թափանցող ճարպային հյուսվածքի հաշվին:Դերմայում են գտնվում սպիտակուցային կառույցները՝կոլագենային և էլաստինային թելերը,որոնք մաշկին հաղորդում են համապատասխանաբար ամրություն և էլաստիկություն:Կոլագենային թելերը հաստ են,դասավորվում են խրձերով,իսկ էլաստինային թելերը բարակ են,դասավորվում են հատ-հատ՝ճյուղավորված ցանց կազմելով:Սպիտակուցային թելերի արանքում տարածվում է գելանման նյութը՝հիալուրոնաթթուն,որն օժտված է ջուրը պահող հատկությամբ:Թեև դերման ծածկված է էպիդերմիսով և եղջերացող շերտով,այն ժամանակի ընթացքում ևս վնասվում է:Նրա կառույցների ամբողջականությունից է կախված թե ինչքանով հարթ կամ թորշոմած կլինի մաշկը:

Ճարպային հյուսվածք

Շատ աղջիկներ հետևելով մոդելներին, փորձում են ազատվել «ավելորդ» ճարպերից,իսկ իրականում հենց ճարպային հյուսվածքն է գեղեցկացնում կնոջը, մարմնին տալով կլորություններ, իսկ  մաշկին՝ թարմություն: Ճարպն ունի նաև կարևոր ֆունկցիաներ, այն պահպանում է մարմնի ջերմաստիճանը, մեղմում է հարվածները ևի վերջո հումք է հանդիսանում կանացի հորմոնների ստեղծման համար:

Եզրակացություն

Այսպիսով, մաշկի կազմության մեջ մտնում են կենդանի կառույցներ՝ էպիդերմիսի,դերմայի և ենթամաշկային ճարպային շերտի բջիջները,միջբջջային նյութեր՝կոլագենը, հիալուրոնաթթուն,եղջերացող շերտի լիպիդները, անկենդան կառույցներ՝եղջերացող շերտի թեփուկները:Կենդանի բջիջների վրա կոսմետիկ միջոցների ազդեցությունը նկատելու համար ժամանակ է պահանջվում՝շաբաթներ, ամիսներ, իսկ եղջերացող շերտի վրա դրանց ազդեցությունը կարելի է տեսնել նույնիսկ րոպեների ընթացքում:Ուստի, հասկանալու համար,թե ինչպես է  մաշկի վրա անդրադառնում այս կամ այն կոսմետիկ միջոցը, պետք է հետևենք ինչպես նրա անմիջական, այնպես էլ երկարատև ազդեցությանը: