Շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակվելն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքերին:

Մասնակի խցանում

Մասնակի խցանման դեպքում որոշ քանակությամբ օդ անցնում է թոքերին, որը հնարավորություն է տալիս մարդուն հազալով փորձել դուրս բերել խցանող օտար մարմինը։ Տուժածը սովորաբար ձեռքերով բռնում է կոկորդը, ցուցաբերում է վախի և տագնապի նշաններ, խոսում է դժվարությամբ, հազում է։ Նեղացած շնչուղիներով օդը անցնելու ժամանակ լսվում են խզզոցներ, խռխռոց, սուլոց։ Դեմքը գունատվում է, կապտում։ Տուժածը կարող է կորցնել գիտակցությունը:

Լրիվ խցանում

Լրիվ խցանման դեպքում տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ։ Դեմքը կարմրում է, պարանոցային երակները փքվում են։

Խցանումը կարող է լինել անատոմիական և մեխանիկական.

• Անատոմիական խցանումը առաջանում է լեզվի, այտուցված հյուսվածքների պատճառով։

• Շնչուղիներում մեխանիկական խցանման պատճառը օտար մարմիններն են. մեծահասակների շրջանում դրանք սովորաբար վատ ծամած սննդի կտորներն են, երեխաների շրջանում՝ նաև խաղալիքների մասեր, կոճակներ և այլն։

Առաջին օգնություն

Առաջին օգնության հիմնական քայլերն են հարվածները մեջքին, որովայնի հրումները, կրծքավանդակի սեղմումները և բերանը մատներով մաքրելու գործողությունները (խցանված շնչուղների անցանելությունը վերականգնելու Հեմլիչի մեթոդ)։ Որովայնի հրումները կարող են կիրառվել և՛ գիտակցություն ունեցող, և՛ գիտակցությունը կորցրած մարդկանց շրջանում։ Վերը նշված գործողությունները կտրուկ բարձրացնում են ճնշումը թոքերում, որը դուրս է հրում օտար մարմինը, ինչպես խցանը շշից։

Գիտակցությունը չկորցրած չափահաս և մեկ տարեկանից բարձր երեխաների օգնությունը

1. Օգնությունը սկսել մեջքին հարվածելով

• Կանգնել տուժածի հետևում, օգնել նրան կռանալու։

• Կատարել մոտ 5 կտրուկ հարված տուժածի մեջքին՝ թիակների միջև։ Յուրաքանչյուր հարվածից հետո գնահատել խցանման աստիճանի փոփոխությունը։

Եթե հարվածները թիկունքին չեն օգնում և վիճակը վատթարանում է, սկսել կատարել որովայնային հրումներ։

2. Որովայնային հրումներ լրիվ խցանման դեպքում

• Կանգնել տուժածի հետևում, գրկել նրա իրանը որովայնի վերին կեսում, ընդ որում, տուժածը կարող է լինել նստած կամ կանգնած։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դնել տուժածի որովայնին՝ պորտի և կրծոսկրի ստորին եզրի միջև ընկած տարածության մեջտեղում։

• Մյուս ձեռքով բռնել բռունցքը և երկու ձեռքերը ամուր սեղմել տուժածի որովայնին։

• Ուժգնորեն արագ կատարել կտրուկ 5 հրում դեպի վեր և ներս, որպեսզի սեղմվի որովայնի վերին շրջանը և ստոծանին՝ կրծքավանդակի մկանային <<հատակը>>, հրի դեպի վեր և դուրս մղի օտար մարմինը։

• Անհրաժեշտության դեպքում այդ գործողությունը կատարել մի քանի անգամ։

Գիտակցութւունը կորցրած չափահաս և մեկ տարեկանից բարձր երեխաների օգնությունը

Եթե տուժածը կորցնում է գիտակցությունը՝ պառկեցնել տուժածին մեջքի վրա, որևէ կոշտ, հարթ տեղ,

ձեռքի ցուցամատով ստուգել բերանի խոռոչը և օտար մարմին հայտնաբերելու դեպքում այն անմիջապես հեռացնել,

- նստել տուժածի ազդրերին՝ ծնկներով հենվելով գետ նին այնպես, որ նրա ոտքերը լինեն ձեր ծնկների միջև,

- մի ձեռքի ափի բլրակը դնել տուժածի որովայնին` պորտի և կրծոսկրի ստորին եզրի միջև ընկած տարածության մեջտեղում, մյուս ձեռքը դնել առաջինի վրա,

- կատարել դեպի ներքև և առաջ ուղղված կտրուկ հրումներ. ձեռքերի մատները պետք է ուղղված լինեն դեպի տուժածի գլուխը,

- կրկնել չորս անգամ,

- կրկին մաքրել բերանի խոռոչը,

- կատարել երկու ստուգիչ ներփչում։

Համաձայն վերջին միջազգային հանձնարարականների ՝ շնչուղիների ակնհայտ խցանման հետևանքով զարգացած գիտակցության կորստի դեպքում անհրաժեշտ է սկսել կրծքավանդակի սեղմումներ ՝ սիրտ-թոքային վերակենդանացման եղանակով:

Հատուկ դեպքեր

Եթե տուժածը հղի կին է կամ հնարավոր չէ ընդգրկել տուժածի որովայնը, շնչուղիները խցանվելու դեպքում կիրառվում են կրծքավանդակի սեղմումներ։

3. Կրծքավանդակի սեղմումներ։

Գիտակցությունը չկորցրած տուժած

Կանգնել տուժածի հետևում։ Տուժածի բազուկների տակից ձեռքերով գրկել նրա կրծքավանդակը։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դնել կրծոսկրի մեջտեղում։ Պետք Է համոզվել, որ ձեր բռունցքը կրծքավանդակի մեջտեղում է, այլ ոչ թե կողերի կամ կրծոսկրի ծայրին։ Մյուս ձեռքը դնելով առաջինի վրա՝ կատարել կտրուկ և արագ սեղմումներ՝ առջևից հետ ուղղությամբ։

Գիտակցությունը կորցրած տուժած

Տուժածին որևէ կոշտ հարթ մակերեսի վրա պառկեցնել մեջքի վրա։ Ձեռքերը տեղավորել կրծոսկրի մեջտեղում և 5 անգամ կտրուկ սեղմում կատարել:

4. Օտար մարմինը գիտակցությունը կորցրած չափահաս տուժածի բերանից հեռացնում են՝ մատներով մաքրելով այն:

Շնչուղիները բացելուց հետո անձեռոցիկով փաթաթած ցուցամատը սահեցնել բերանի խոռոչի խորքը և փորձել հեռացնել օտար մարմինը։ Դրանից հետո կատարել 2 ներփչում՝ համոզվելու համար, որ շնչուղիներն արդեն անցանելի են։

Շնչուղիների խցանում մինչև 1 տարեկան երեխաների շրջանում

Խցանված շնչուղիներով ծծկեր երեխային պառկեցնել ձեր նախաբազկի վրա` պահելով նրա պարանոցը և գլուխը։

Մյուս ձեռքի ցուցամատով և բթամատով բռնել ծնոտը, բացել բերանը և այդ ձեռքի վրա շրջել երեխային երեսնիվայր այնպես, որ նրա գլուխն ավելի ցածր լինի ոտքերից:

Ազատված ձեռքի ափով 3-5 անգամ թույլ հարվածել երեխայի թիակների միջև։

Ետ շրջել երեխային և մեջքի վրա պառկեցնել ձեր նախաբազկին այնպես, որ նրա գլուխն ավելի ցածր լինի ոտքերից, գլխի ավելի ցածր դիրքը նպաստում է շնչուղիներից օտար մարմնի դուրս գալուն:

Կատարել կրծքավանդակի 5 սեղմում միջպտկային գծով կրծոսկրի մեջտեղում, դրա համար երևակայական միջպտկային գծի վրա դնել մատնեմատը, իսկ միջնամատը և ցուցամատը՝ անմիջապես մատնեմատի կողքին, բարձրացնել մատնեմատը, և մյուս երկու մատների բարձիկներով կատարել կրծքավանդակի սեղմումներ մոտ 2 սմ խորությամբ։

Պարբերաբար կատարել 5 հարված թիկունքին և կրծքավանդակի 5 սեղմում։

Օտար մարմինը երեխայի բերանից կարելի է հեռացնել միայն եթե այն տեսանելի է։ Դրա համար անհրաժեշտ է ձեռքի ճկույթը սահեցնել դեպի բերանի խոռոչի խորքը և փորձել դուրս բերել այն, որից հետո կատարել ներփչումներ:

Եթե խցանվել են Ձեր շնչուղիները, Դուք կարող եք ճնշում գործադրել Ձեր որովայնին՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների (աթոռի թիկնակին, ցանկապատին կամ լվացարանին)։ Օրինակ՝ աթոռի հետևից մոտեցե՛ք թիկնակին և որովայնով ընկե՛ք դրա վրա։ Մի հենվեք սուր անկյուններ և եզրեր ունեցող առարկաների վրա: