Ջուրն անչափ կարևոր է բոլոր կենդանի օրգանիզմների համար: Երբ օրգանիզմը մեծ քանակով հեղուկ է կորցնում, առաջանում է վտանգավոր վիճակ` ջրազրկում: Մինչև մեկ տարեկան երեխայի մարմնի քաշի մոտ 80% կազմում է ջուրը: Այդ պատճառով երեխաների համար` հատկապես մինչև 1 տարեկան հասակը, ջրազրկումը կարող է կյանքին սպառնացող վիճակ դառնալ: Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այն վիճակները, որոնք կարող են բերել ջրազրկման, և շտապ օգնություն ցուցաբերել:
Պատճառները
Ջրազրկման պատճառներն են`
- լուծը,
- կրկնվող փսխումները, ա առատ քրտնելը,
- մեծ մակերեսով կամ խորը այրվածքը,
- բարձր ջերմությունը:
Երբ մի քանի պատճառ համադրվում է, ջրազրկումը ավելի արագ է զարգանում, օրինակ` եթե երեխան ունի բարձր ջերմություն և լուծ, դա ավելի արագ կհանգեցնի ջրազրկման, քան միայն լուծը կամ միայն բարձր ջերմությունը:
Ուշադրություն
Փոքրահասակ երեխաների մոտ ջրազրկում կարող է առաջանալ նույնիսկ 1-2 անգամ ջրիկ կղանքի կամ փսխումի հետևանքով:
Նշանները
Ջրազրկման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
- գրգռված, անհանգիստ վիճակ,
- աչքերը ներս ընկած են,
- ծարավի զգացումը արտահայտված է, երեխան ագահությամբ է ջուր խմում,
- բերանը և մաշկը չոր են:
Ծանր ջրազրկման մասին խոսում են հետևյալ նշանները.
- քնկոտություն, ընդհանուր թուլություն,
- ծարավի բացակայություն, երեխան դժկամությամբ է ջուր խմում,
- բերանը և մաշկը շատ չոր են,
- աչքերը շատ ներս ընկած են, դիմագծերը` սրված,
- լաց լինելիս արցունքներ չկան,
- մեզի քանակը և միզելու հաճախականությունը պակասում են:
Ջրազրկման կանխարգելումը
- Երեխաներին բավարար քանակի հեղուկ տվեք, հատկապես շոգ եղանակին: Շոգ եղանակին ջուր տվեք նաև կրծքով սնվող երեխաներին:
- Երեխաներին տվեք եռացրած և հովացրած ջուր:
- Տանը ունեցեք ջրազրկման ժամանակ օգտագործվող աղային լուծույթների պատրաստուկներ (օրինակ` ռեհիդրոն):
- Եթե երեխան լուծ է, բարձր ջերմություն ունի, կամ փսխումները կրկնվում են, առանց սպասելու ջրազրկման նշանների արտահայտվելուն` նրան հեղուկներ տվեք և շտապ դիմեք բժշկի:
Ուշադրություն
Լուծի դեպքում մի`շտապեք դիմել լուծը դադարեցնող դեղորայքների կամ տնային միջոցների: Լուծը կարող է լինել աղիքային վարակի նշան, և այդ միջոցները միայն կվատթարացնեն երեխայի վիճակը:
Ինչ անել
1. Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի
Եթե երեխան լուծ է, փսխումները կրկնվում են, նա առատ քրտնարտադրություն ունի կամ բարձր ջերմություն, և միաժամանակ ի հայտ են գալիս ջրազրկման նշաններ, շտապ դիմեք բժշկի: Եթե երեխայի վիճակը վատացել է գիշերը, բժշկի դիմելու խնդիրը մի` հետաձգեք մինչև լույսը բացվելը, այլ անհապաղ ահազանգեք շտապ օգնություն: Հաճախ երեխայի ջրազրկման դեպքում ներերակային ներարկումներ կատարելու անհրաժեշտություն է լինում, ինչը հնարավոր չէ անել տանը: Եթե բժիշկը խորհուրդ է տալիս երեխային հիվանդանոց տեղափոխել, մի հրաժարվեք: Ձեր սխալ որոշումը կարող է ճակատագրական լինել երեխայի համար:
2. Սկսեք հեղուկներ տալուց
Ի՞նչ հեղուկներ տալ
Երեխային սովորականից շատ հեղուկներ տվեք՝ գազը հեռացրած ջերմուկ կամ այլ հանքային ջրեր, մրգերի չրերից պատրաստած կոմպոտ, թեյ, ջուր:
Երեխային անհրաժեշտ է տալ աղային լուծույթների պատրաստուկներ (օրինակ` ռեհիդրոն), քանի որ ջրազրկման ժամանակ նա ջրի հետ կորցնում է նաև կարևոր աղեր: Փոքր երեխա ունեցողները տանը պետք է ունենան մի քանի տուփ ռեհիդրոն կամ նման աղային լուծույթների պատրաստուկներ: Սովորաբար նման պատրաստուկների մեկ տուփը պետք է լուծել 1 լ կամ մեկ բաժակ եռացրած և գոլացրած ջրում: Լուծույթը կարելի է օգտագործել 24 ժամվա ընթացքում, հետո պետք է պատրաստվի թարմը: Եթե ձեռքի տակ չկա նման պատրաստուկ, կարող եք ինքներդ պատրաստել հետևյալ աղային լուծույթը`
1 լ եռացրած ջուր,
0,5-1 թեյի գդալ կերակրի աղ,
4-5 թեյի գդալ շաքարավազ:
Կարելի է այդ լուծույթին ավելացնել կես թեյի գդալ կերակրի սոդա:
Որքա՞ն հեղուկ տալ և ինչպե՞ս
Եթե երեխան 2 տարեկանից մեծ է, նրան անհրաժեշտ է հաճախակի հեղուկ տալ, սակայն փոքր կումերով: Օրական երեխային տրվող հեղուկի քանակությունը պետք է կազմի 800-1000 մլ (4-5 բաժակ): Եթե երեխան 2 տարեկանից փոքր է, անհրաժեշտ է նրան հեղուկը տալ թեյի գդալով` յուրաքանչյուր 2 րոպեն մեկ: Այս դեպքում օրական տրվող հեղուկի ծավալը պետք է կազմի 200-500 մլ (1-2 բաժակ): Հիշեք, որ եթե նույնիսկ երեխան սնվում է կրծքով, ջրազրկման դեպքում նրան, միևնույն է, անհրաժեշտ է լրացուցիչ հեղուկ տալ:
Որպեսզի երեխան համաձայնվի ռեհիդրոնի լուծույթ խմել և չփսխի, փորձեք նրան հաջորդաբար տալ մի կում ռեհիդրոն և մի կում կոմպոտ: Եթե երեխան, այնուամենայնիվ, հրաժարվում է ռեհիդրոնից կամ նման հեղուկներից, այդ դեպքում նրան կոմպոտ, թեյ կամ սովորական ջուր տվեք:
Եթե երեխան փսխում է, անկախ տարիքից, հեղուկները նրան անհրաժեշտ է տալ ամեն 2-3 րոպեն մեկ` 1-ական թեյի գդալ: Միշտ հիշեք, որ եթե երեխան փսխում է, ապա նրա վիճակը շատ ավելի վտանգավոր է:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am