Վիրակապական նյութերը միջոցներ են, որոնք օգտագործվում են՝

• վերքերից դուրս եկող արյունը և այլ հեղուկները ներծծելու համար,

• վարակի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար,

արյունահոսությունը դադարեցնելու նպատակով,

• մարմնի վնասված մասը անշարժացնելու նպատակով։

Դրանք փափուկ գործվածքներ են (անձեռոցիկներ, տամպոններ), որոնք պետք է ունենան ծակոտիներ և ապահովեն վերքի օդափոխությունը, ունենան խոնավությունը կլանելու հատկություն։ Հակառակ դեպքում վիրակապի տակ կուտակված հեղուկը պայմաններ կստեղծի մանրէների զարգացման համար։ Վիրակապական նյութերը կարող են լինել ստերիլ՝ վարակազերծված (ցանկալի է, որ անմիջապես վերքի վրա դրվեն ստերիլ նյութեր) և ոչ ստերիլ։ Որպես վիրակապական նյութ կարող է օգտագործվել նաև ցանկացած մաքուր գործվածք։ Վիրակապը վնասված հատվածին տեղադրված և ամրացված վիրակապական նյութն է։ Որպես ամրացնող նյութ օգտագործվում է փաթույթային վիրակապ՝ բինտ, կպչուն ժապավեն, առաձգական, եռանկյունաձև և խողովակաձև վիրակապեր։

Վիրակապական նյութերի օգտագործման հիմնական սկզբունքները

• Վիրակապումից առաջ և հետո լվանալ ձեռքերը, իսկ հնարավորության դեպքում օգտագործել ստերիլ ձեռնոցներ։

• Աշխատել կանգնել այնպես, որ երևա տուժածի դեմքի արտահայտությունը նրան օգնություն ցուցաբերելու ընթացքում։

• Վիրակապվող վերջույթը պահել այն դիրքով, որում այն պետք է գտնվի վիրակապումից հետո։

• Վերջույթը վիրակապելիս վիրակապումը սկսել նեղ մասից, իսկ գլանակը բացվող մասով պահել դեպի վեր, որպեսզի փաթույթի ներքին մակերեսը դառնա վիրակապի արտաքին երես։

• Վիրակապման սկզբում վիրակապի ծայրը ամրացնել երկու ամբողջ պտույտներով, որից հետո դեպի վեր ուղղված պարույրաձև փաթույթներ կատարել վերջույթի կամ իրանի շուրջը այնպես, որ ամեն հաջորդ պարույրը ծածկի նախորդի 2/3 մասը։

• Վիրակապը հանգուցել կամ ծայրը ամրացնել քորոցով կամ կպչուն ժապավենով վնասված մասից դուրս։

• Վիրակապը դնելուց հետո պարբերաբար ստուգել արյան շրջանառությունը վիրակապից դուրս թողած մատների շրջանում.

- գնահատել մաշկի գույնը, ջերմությունը (մաշկը կարող է գունատվել, ստանալ կապտավուն երանգ, լինել սառը),

- սեղմել և թողնել եղունգը, այն սպիտակելուց հետո պետք է արագ վերականգնի վարդագույն երանգը,

- հարցնել տուժածին ցավի, թմրածության, մատները շարժելու կարողության մասին։

Բոլոր վերը նշված նշանները կվկայեն չափից ավելի ձիգ վիրակապի մասին։ Այդ դեպքում այն պետք է թուլացնել։

Փաթոււթային վիրակապերը պատրաստված են բամբակյա կամ արհեստական մանրաթելերից, կարող են լինել տարբեր լայնության և երկարության։
Չափերի ընտրությունը կախված է վերքի տեղակայումից և չափերից։

Եռանկյունաձև վիրակապը մոտավորապես գլխաշորի չափի կտոր է։ Օգտագործվում է մարմնի տարբեր հատվածները անշարժացնելու, վիրակապելու, բեկակալները ամրացնելու և այլ նպատակներով:

Առաձգական վիրակապը ձգվող, առաձգական գործվածքից պատրաստված վիրակապ է, օգտագործվում է մկանների, կապանների ձգման, պատռման կամ այլ վնասվածքների դեպքում, երբ այտուցը կանխելու նպատակով անհրաժեշտ է ճնշում գործադրել կամ պետք է սահմանափակել վնասված մասի շարժունակությունը։

Խողովակաձև վիրակապը ձգվող, առաձգական թելերից պատրաստված խողովակաձև վիրակապ է. օգտագործվում է վիրակապական միջոցները տեղում ամրացնելու համար։

Ուսահոդի շրջանի հասկաձև վիրակապ

Ուսահոդի շրջանը վիրակապելու համար՝

• կանգնել տուժածի վնասված վերջույթի կողմից,

• փաթույթային վիրակապի ծայրը երկու փաթույթով ամրացրնել բազկի վերին մեկ երրորդի շուրջը,

• փաթույթի գլանակը, դուրս բերելով անութափոսից, տանել դեպի ուսահոդը և մեջքի վրայով թեք իջեցնել ներքև դեպի առողջ կողմի թևատակը,

• կրծքի վրայով գլանակը տանել դեպի վնասված ուսը,

• վիրակապելով բազուկը՝ գլանակը նորից ուղղել դեպի ուսը՝ ամեն անգամ վիրակապի փաթույթը դնելով մի փոքր ավելի բարձր,

• աստիճանաբար բարձրանալով՝ ծածկել ամբողջ ուսը։

Եռանկյունաձև վիրակապ ուսի վնասածքի դեպքում

• Վիրակապի գագաթը ուղղել դեպի պարանոցը։

• Ծայրերը փափաթել բազկի շուրջը և հանգուցել ուսի արտաքին մակերեսին։

• Գագաթը ամրացնել երկրորդ վիրակապի օգնությամբ անցկացնելով այն հակառակ կողմի թևատակով։

Արմունկի կամ ծնկի վրա դրվող վիրակապ

Փաթույթւսյին վիրակապ դնելու համար՝

• խնդրել տուժածին պահել վերջույթը ամենահարմար դիրքում, տեղադրել վիրակապի ծայրը արմնկափոսում կամ ծնկափոսում և ամրացնելու նպատակով կատարել մեկ ամբողջ փաթույթ,

• հաջորդ փաթույթը կատարել հոդից վերև, որից հետո հոդից ներքև՝ ծածկելով նախորդ փաթույթների 2/3-ը, կատարել իրար հաջորդող նման փաթույթներ հոդից վերև և ներքև,

• վերջին փաթույթով ամբողջովին ծածկել նախորդը և ամրացնել վիրակապի ծայրը:

Դաստակի վրա դրվող վիրակապ

• Առաջին փաթույթը դնել դաստակային հոդին։

• Փաթաթել վիրակապը ձեռքի արտաքին երեսով՝ անկյունագծով անցնելով դեպի ճկույթի կամ ցուցամատի հիմքը, ափի կողմով վիրակապը դուրս բերել դեպի ցուցամատը (ճկույթը)։

• Փաթույթն արտաքին մակերեսով անկյունագծով նորից ուղղել դեպի դաստակային հոդը:

• Այս գործողությունները կատարել` վիրակապելով ութաձև:

Դաստակի եռանկյունաձև վիրակապ

• տեղագրել ձեռքը եռանկյունաձև վիրակապի վրա՝ մատներով դեպի վիրակապի գագաթը,

• շրջել վիրակապի գագաթը և ծածկել ձեռքը՝ այն հասցնելով մինչև դաստակ,

• խաչել վիրակապի ծայրերը և հանգուցել գագաթի վրա։

Մատների վիրակապում

• Փաթույթի ծայրը երկու փաթույթով ամրացնել դաստակային հոդի վրա։

• Փաթույթային վիրակապի գլանակը անկյունագծով անցկացնել դեպի համապատասխան մատի հետին մակերեսը։

• Մի քանի պարույրներով վիրակապել մատը դեպի ներքև։

• Մատի հիմքից փաթույթի գլանակը անցկացնել դեպի դաստակային հոդ և ամրացնել ծայրը։

Անհրաժեշտության դեպքում նման սկզբունքով կարելի է վիրակապել բոլոր մատները:

Եռանկյունաձև վիրակապ ձեռքի համար

Տուժածը պետք է լինի նստած դիրքում.

• Վերցնել եռանկյունաձև կտորի մեկ անկյունը և անցկացնել այն նախաբազկի և կրծքավանդակի միջև դեպի առողջ կողմի ուսը այնպես, որ կտորի գագաթը գտնվի արմունկի շրջանում։

•Վերին անկյունը պտտել պարանոցի շուրջը՝ բերելով այն դեպի հիվանդ կողմը։

• Կտորի ստորին անկյունը նախաբազկի վրայով բարձացնել դեպի վերևի անկյունը և կապել անրակից մի փոքր վերև։

• Կտորի գագաթը ուղղել դեպի առաջ և վիրակապին ամրացնել քորոցով։

• Հետևել արյան շրջանառությանը։

Վիրակապը ճիշտ տեղադրելու դեպքում դաստակը կգտնվի արմունկից մի փոքր բարձր։

Ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրակապ

• Ամրացնել բինտը՝ ծայրը պահելով ոտնաթաթի տակ, և անցկացնել գլանակը դրա դրսի մակերեսով։

• Շարունակել փաթաթել բինտը դեպի սրունք-թաթային հոդը, շրջանցել այն և վերադարձնել ոտնաթաթի տակ։

• Շարունակել ութաձև վիրակապել, որ ամեն հաջորդ պարույրը ծածկի ոտնաթաթի դրսի մակերեսը և կրունկը։

• Ավարտել վիրակապը՝ կատարելով հորիզոնական պարույր, և ամրացնել կապը սրունք-թաթային հոդի արտաքին կողմից։

Անհատական վիրակապական փաթեթը ստերիլ փաթույթային վիրակապ է, որին ամրացված է վիրակապական անձեռոցիկը։

• Հեռացնել արտաքին և ներքին պաշտպանիչ շերտը։

• Բացել գլանակի կարճ ծայրը։

• Պահելով գլանակի երկու ծայրերից՝ դնել վիրակապը վերքի վրա։

• Պտտել կարճ ծայրը վնասված վերջույթի շուրջը, մի փոքր մաս թողնել ամրացնելու համար։

• Հուսալի ամրացնել վիրակապը երկար ծայրով։

• Հանգուցել երկու ծայրերը: