Ինվիտրո լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-կոնսուլտանտ, գինեկոլոգ Իդա Նավասարդյանը ներկայացնում է, թե ինչ է գենիտալ տուբերկուլոզը և դրա ախտորոշման նոր մեթոդը, որն իրականցվում է միայն «Ինվիտրո» լաբորատորիայում:
Տուբերկուլոզը ինֆեկցիոն հիվանդություն է: Սեռական օրգանների տուբերկուլոզը, որպես կանոն, չի դրսևորվում որպես առանձին հիվանդություն, այն առաջանում է տարածվելով առաջնային օջախից՝ հիմնականում թոքերից, հազվադեպ՝ աղիներից: Չնայած քաղաքակրթության զարգացման՝ ըստ վիճակագրության տուբերկուլոզով յուրաքանչյուր տարի աշխարհում վարակվում ՝ 8 միլիոն մարդ, մահացությունը կազմում է 2-3 մլն մարդ:
Արտաթոքային ձևերից հիվանդացության մակարդակով գենիտալ տուբերկուլոզը առաջին տեղում է:
Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել տուբերկուլոզը:
Գոյություն ունի հիվանդության կանխարգելման սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ եղանակ: Տուբերկուլոզի պրոֆիլակտիկա կատարվում է երեխայի ծննդյան հենց առաջին 24 ժամվա ընթացքում ԲՑԺ պատվաստման միջոցով: Ոչ սպեցիֆիկ եղանակն է բարեկեցիկ կենսամակարդակը, առողջ ապրելակերպը, բարձր դիմադրողականության ապահովումը:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ առկա է գենիտալ տուբերկուլոզ:
Այս հիվանդության ախտանշանները սակավ են և բնորոշ շատ այլ հիվանդությունների, այդ պատճառով պացիենտի համար դժվար է գլխի ընկնել, որ խոսքը հենց գենիտալ տուբերկուլոզի մասին է: Ախտանշաններից են օրգանիզմի ընդհանուր թուլությունը, սուբֆեբրիլ (մինչև 38), ոչ բնական առատ քրտնարտադրություն, ցավը որովայնի շրջանում, ցավոտ դաշտանային ցիկլը : Պետք է անպայմանորեն հաշվի առնել պացիենտի անամնեզը (ընտանիքում հիվանդի առկայությունը, հիվանդի հետ երբևէ ունեցած կոնտակտը): Կարևորագույն ախտանիշը, որ նշված բոլոր ախտանիշների զուգորդմամբ կարող է բժշկին հուշել, որ գործ ունի գենիտալ տուբերկուլոզի հետ, անպտղությունն է և դաշտանային ցիկլի խանգարումը:
Ինչպե՞ս է ախտորոշվում գենիտալ տուբերկուլոզը:
Այսօր, չնայած հակաբակտերիալ թերապիայի բոլոր նվաճումներին, տուբերկուլոզը, դեռևս մեծ խնդիր է հանդիսանում: Այդ պատճառով ախտորոշման բոլոր եղանակները, հատկապես` գաղտնի ձևերը, խիստ կարևոր են: Գոյություն ունեն տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշման մի քանի տարբերակներ. քսուքի հետազոտություն, դասական կուլտուրային եղանակ, ԻՖԱ և այլն:
Գիտենք, որ Ինվիտրո լաբորատորիան ներկայացնում է ախտորոշման մի տեսակ, որը եզակի է ՀՀ-ում:
Ներկայացրե՛ք, խնդրեմ:
Ինվիտրո լաբորատորիայում կիրառվում է գենիտալ տուբերկուլոզի ախտորոշման Պոլիմերային Շղթայական Ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդը: Դրա բարձր արդյունավետությունը և սպեցիֆիկությունը հնարավորություն են տալիս հայտնաբերել եզակի բջիջների ԴՆԹ-ն: Հետազոտության արդյունավետությունը կազմում է 98-100%: Հետաքրքրական է, որ հետազոտման նմուշ են հանդիսանում դաշտանային արյունը, էնդոմետրիումի քերուկը, արգանդի խոռոչի հյուսվածքը (Փայփել բիոպսիա), բորբոքային օջախների պարունակությունը: Լաբորատոր հետազոտության ամենապրակտիկ տարբերակը դաշտանային արյան զննությունն է: Հետևաբար պացիենտը պետք է ներկայանա դաշտանային ցիկլի ժամանակ, ցանկալի է առաջին և երկրորդ օրը, երբ արյունն առատ է:
Ի՞նչ նեղ-մասնագետի է հարկավոր դիմել այս դեպքում:
Քանի որ, ինչպես նշեցինք, միզասեռական համակարգի տուբերկուլոզը երկրորդային հիվանդություն է, այսինքն կա նաև առաջնային օջախ՝ հիվանդությամբ պետք է զբաղվեն ֆթիզիատորը և գինեկոլոգը համալիր մոտեցմամբ:
Փաստեր և վիճակագրություն
- Գենիտալ տուբերկուլոզին բնորոշ է երկկողմանի ախտահարումը:
- Գենիտալ տուբերկուլոզը չի փոխանցվում սեռական ճանապարհով, քանի որ վուլվայի, հեշտոցի և արգանդի պարանոցի հեշտոցային հյուսվածքը կայուն են միկոբակտերիայի նկատմամբ:
- Գենիտալ տուբերկուլոզով ախտահարված պացիենտների թիվը հասնում է 10-25%:
- Առաջնային անպտղություն ունեցողների թիվը 90-95 % է:
- Տուբերկուլոզի արտաթոքային ձևերի մեջ գենիտալ տուբերկուլյոզը կազմում է 15%:
- Դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ 8-10% տոկոս դեպքերում պատճառը կրկին գենիտալ տուբերկուլոզն է:
- Արգանդի և դրա հավելումների բորբոքային հիվանդույթունների դեպքում` 10-14% դեպքում կրկին պատճառը տուբերկուլոզն է:
- Առավել հաճախ հանդիպող` տուբերկուլոզային սալպինգիտը կազմում է` 85-100%:
- Հազվադեպ դիտվում է հեշտոցի և վուլվայի ախտահարում: