Պարզվում է, որ շատերին հայտնի հերպես վիրուսը կարող է ախտահարել նաև աչքի եղջերաթաղանթը և առաջացնել լուրջ բարդություններ: Հեպետիկ կերատիտ կոչվող այս հիվանդության, դրա դրսևորումների, կանխարգելման և բուժման մեթոդների մասին խոսել ենք ակնաբույժ Օֆելյա Գինոյանի հետ:

Ի՞նչ հիվանդություն է հերպետիկ կերատիտը և ինչպե՞ս է այն դրսևորվում:

Հերպետիկ կերատիտները եղջերաթաղանթի ինֆեկցիոն վիրուսային հիվանդություններ են: Նրանց մեջ առավել հաճախ հանդիպում են հերպես սիմպլեքս վիրուսի առաջին տեսակով և վարիցելա զոստեր հարուցչի տեսակով պայմանավորված կերատիտները: Հիվանդության (հերպես սիմպլեքս վիրուսի առաջին տեսակ) փոխանցման ուղին կարող է լինել ինֆեկցված օջախի հետ ուղղակի շփումը (օրինակ՝ համբույր, սեռական հարաբերություն) կամ կարող է ծննդաբերական ակտի ժամանակ փոխանցվել ծնողից երեխային, եթե մայրն ունի գենիտալ ինֆեկցիա: Հարուցիչն ունի առանձնահատկություն. երբ ինֆեկցիան արդեն առկա է օրգանիզմում, այն անցնում է գանգլեոններ, այս դեպքում՝ տրիգեմինալ գանգլեոն (եռվորյակ նյարդի գանգլեոն): Լատենտ վիճակում կարող է մնալ այնտեղ երկար ժամանակ և եթե ստեղծվում են համապատասխան պայմաններ, ապա հարուցիչը կարող է ենթարկվել ռեպլիկացիայի,  անտերոգրատ  շարժվել դեպի զգացող նյարդաթելերի պերիֆերիա և դրսևորվել, որի արդյունքում տեղի կունենա հիվանդության ռեցիդիվը: 
Աչքում առաջնային օկուլյար ախտահարումը դիտվում է բլեֆարոկոնյուկտիվիտի ձևով, որին զուգահեռ դիտվում է նույն կողմի հարականջային լիմֆատիկ հանգույցի մեծացում, իսկ արդեն ռեցիդիվի դեպքում վիրուսը կարող է ախտահարել աչքի ցանկացած հյուսվածք, ներառյալ կոպերը, կոնյուկտիվան, եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, տրաբեկուլյար ցանցը: Կցանկանայի խոսել հերպետիկ էպիթելիալ և ստրոմալ կերատիների մասին. էպիթելիալ կերատիտներին առավել բնորոշ է եղջերաթաղանթի ծառանման ճյուղավորումը: Հարուցիչը գալով  դեպի  եղջերաթաղանթ՝  բշտիկային ցանավորում առաջանում է հենց եղջերաթաղանթի առաջին շերտի էպիթելի վրա: Այնուհետև բշտիկները տարածվելով, առաջացնում են ճյուղանման պատկեր: Վերքը ստանում է ծառանման  տեսք և շատ հեշտությամբ ներկվում է ֆլյուորեսցեին ներկով: 


Ոչ ճիշտ օգտագործված դեղորայքը (կորտիկոստերոիդներ) կարող է հանգեցնել վերքի մեծացման և ծառանման պատկերը վերածել աշխարհագրական պատկերի: Այդ է պատճառը, որ հերպետիկ կերատիտին բնորոշ մյուս ախտանշանը եղջերաթաղանթի  աշխարհագրական խոցն է:


Ստրոմալ հերպետիկ կերատիտը  սովորաբար զարգանում է էպիթելիալ կերատիտի մի քանի էպիզոդներից հետո: Տարբերում են նրա 2 տեսակ՝ նեկրոզվող և ոչ նեկրոզվող: Ոչ նեկրոզվող կերատիտը կլինիկորեն արտահայտվում է եղջերաթաղանթի կենտրոնական հատվածի սկավառակաձև այտուցի ձևով, որն ընդգրկում է ստրոման և էպիթելը: Էպիթելի խոցոտում տվյալ դեպքքում չի լինում:  Նեկրոզվող կերատիտը հազվադեպ է հանդիպում:
 
Ինչպիսի՞ ախտանշաններ կան այս հիվանդության դեպքում և ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը:
 
Այս դեպքում հիվանդները հիմնականում գանգատվում են  օտար մարմնի զգացողությունից, լուսավախությունից, կարմրությունից, տեսողության մշուշոտվելուց, ցավից: Սակայն պետք է նշել, որ այս ախտանշանները բնորոշ են բոլոր ինֆեկցիոն կերատիտներին: Հեպետիկ կերատիտների ժամանակ առավել ախտորոշիչ պայմանն այն է, որ կտրուկ իջնում է եղջերաթաղանթի զգայնությունը և բժիշկներն ախտորոշելիս առավել հաճախ հիմնվում են անամնեզի տվյալների վրա: Այսինքն՝ հանավանակնությունն առավել մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են շրթունքի, քթի հերպես:
Սովորաբար հերպես սիմպլեքս վիրուսն էնդեմիկ տարածում ունի: Ողջ աշխարհում մարդկանց գրեթե 90 տոկոսն արդեն իսկ մանկության շրջանում վարակվում է այս վիրուսով և հստակ ասել, թե ովքեր են հակված այս հիվանդությանը, ճիշտ չի լինի: Այսինքն, եթե վիրուսի ի հայտ գալու համար լինեն նպաստավոր պայմաններ, (օրինակ՝ սթրեսը, տենդը, հորմոնալ փոփոխություները, թեթև մրսածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, վնասվածքները և այլն) այն լատենտ վիճակից դուրս կգա և կհանգեցնի հիվանդության ռեցիդիվի 
 
Ինչպե՞ս է այն բուժվում և կա՞ արդյոք հիվանդության կրկնման հավանականություն բուժումից հետո:
 
Հերպետիկ էպիթելիալ կերատիտի բուժումից հետո սպի չի առաջանում, քանի որ էպիթելը լիարժեք բուժվում է: Ստրոմալ հերպետիկ կերատիտների բուժումը ավարտվում է եղջերաթաղանթի սպիացումով: Բազմաթիվ հերպետիկ ռեցիդիվներից հետո եղջերաթաղանթի վրա առաջանում է նեյտրոտրոֆիկ խոց, այսինքն՝ եղջերաթաղանթի ավելի մեծ թերություն, որը դժվար է վերականգնվում: Վերքը կարող է ամիսներ շարունակ բաց մնալ և անհանգստացնել հիվանդին: Նման դեպքում կատարվում է կոպերի ժամանակավոր տարզոռաֆիա, այսինքն՝ վերին կոպը կարվում է ստորին կոպին, որովհետև արցունքն ինքն իրենով օժտված է շատ լավ վերականգնող հատկությամբ: Կարող է կատարվել նաև ամնեոտիկ մեմբրանի փոխպատվաստում, որը բուժական պրակտիկայում համարվում է ամենաարդյունավետ մոտեցումը:


Պետք է հիշել, որ հերպետիկ կերատիտներից հետո աչքերում պարտադիր առաջանում է չորություն, որը շատ մեծ անհարմարություն է առաջացնում և հիվանդին քրոնիկ նշանակվում են արցունքի արհեստական կաթիլներ:


Պացիենտները, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են հերպես սիմպլեքս վիրուսի ակնային ինֆեկցիա, պետք է շատ զգույշ լինեն և պրոֆիլակտիկ ընդունեն նշանակված հակավիրուսային դեղամիջոցները, որպեսզի օրգանիզմն ավելի կայուն վիճակում լինի:

 


Պատրաստեց Արմինե Սարգսյանը