Պրն. Նարիմանյան, շնորհակալ եմ մեզ հետ զրույցի առաջարկն ընդունելու համար:

Հետաքրքիր է՝ ինքներդ լինելով բժիշկ, ինչպե՞ս եք ներկայացնում բժշկի մասնագիտությունը, առօրյան այդ մասնագիտությունը դեռևս նոր ընտրած ուսանողին: Ժամանակակից աշխարհում ի՞նչ կարևոր հատկություններ պետք է ունենա բժիշկն ըստ Ձեզ:

Երբ ողջունում ես մարդկանց, ովքեր ընտրում են քո իսկ մասնագիտությունը՝ պետք է արտահայտել, ներկայացնել նաև սեփական փորձը և վերաբերմունքն այդ մասնագիտության նկատմամբ: Հաճախ ենք լսում, որ սա ամենամարդասիրական մասնագիտությունն է, պահանջում է առավելագույն նվիրում և հոգատարություն, սակայն պետք է ավելացնեմ նաև, որ սա մասնագիտություն է, որն անընդհատ պահանջում է ինքնակրթություն, գիտելիքների զարգացում: Երբ 17-18 տարեկան երիտասարդը մտնում է այս դռներից ներս, ես առաջնահերթ ցանկանում եմ, որ նա ծանոթանա այս մասնագիտությանը բոլոր կողմերից:

Գաղտնիք չէ, որ խիստ տարբեր են բժիշկ-թերապևտի, բժիշկ-վիրաբույժի և բժիշկ-հոգեբույժի աշխատանքները: Սրանք բացարձակ տարբեր մասնագիտություններ կարելի է համարել:

Պետք է ասեմ, որ մեր բժշկական աշխարհում չկան ոչ արդի մասնագիտություններ:

Ես ուսանողին իհարկե ներկայացնում եմ նաև, որ մեր ԲՈՒՀ-ում ուսումը ծանր է. այն ուսանողը, ում հետաքրքիր կլինի և դրա արդյունքում նա լավ կսովորի, նրա համար ուսանողական տարիները կլինեն անմոռանալի: Բժիշկ կամ գիտնական դառնալու ներքին մղումը հզոր ուժ է: Ոչ պակաս կարևոր է նաև ուսանողի մեջ այդ հետաքիքրությունը արթնացնելը:

Մասնագիտության առանձնահատկություններից մեկն էլ, թերևս այն է, որ գործ ես ունենում տարատեսակ անհատական բնույթ ունեցող դեպքերի հետ, շատ ժամանակ՝ անկանխատեսելի զարգացումներով: Վերջերս ԵՊԲՀ-ում սկսեց գործել Սիմուլյացիոն կենտրոնը, որը հնարավորություն է տալիս ապագա բժիշկ-ուսանողին գիտելիքները կիրառել նաև գործնականում: Սա, ըստ Ձեզ, որքանո՞վ կօգնի ուսանողին հմտացնել գործնական գիտելիքները:

Բժիշկը գործ ունի մարդկային կյանքի, ճակատագրի հետ: Պատասխանատվությունն անսահման մեծ է: Այդ պատճառով բժիշկ-ուսանողը իրավունք չունի իրականացնել պրակտիկ գործողություն՝ հիվանդի մասնակցությամբ: Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա փոխհատուցել: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնք էլեկտրոնային ծրագրով, երբեմն նույնիսկ 100 տոկոս ճշգրտությամբ վերականգնում են այն իրավիճակները, որոնց մենք հանդիպում ենք կլինիկաներում և վիրահատարաններում: Այս կերպ, ուսանողին հնարավորություն է տրվում, առանց մարդկային կյանքի հետ գործ ունենալու, բժշկական սխալը մեկնաբանել, վերադառնալ տվյալ իրավիճակին և ուղղել այն: Սա կոչվում է աշխատանք՝ սխալների վրա:

Սա, կարծում եմ, նաև որոշակի հետաքրքրություն մտցրեց ուսումնական գործընթացում, այդպես չէ՞:

Իհարկե: Այստեղ առկա է նաև խաղի գործոնը: Իսկ արկածախնդրությունը որգևորում և գրավում է ուսանողին:

Կարևոր եմ համարում նշել, որ ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնում ուղղակի մանեկեններ չեն: Մենք կարող ենք ստեղծել և վերարտադրել տարբեր իրավիճակներ՝ ծննդաբերություն, կոմա, ռեանիմացիոն իրավիճակներ և այլն՝ էլեկտրոնային սցենարով շտկելով թույլ տրված բոլոր սխալները:

Բոլոր մասնագետները, ովքեր այս դաշտում աշխատում են ուսանողների հետ, անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան: Եվ այսօր ուրախ եմ ասել, որ սա ուսումնական ծրագրի պարտադիր մասն է, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում ուսումնական գործընթացքում:

Իսկ ինչպե՞ս է կատարվում ուսանողի մասնագիտական ընտրությունը: Ի՞նչ եք նկատել Դուք: Նրանք Բժշկական համալսարանի դռներից ներս են մտնում հստակ ընտրությամբ, թե՞ ընտրությունը ձևավորվում է արդեն իսկ ստացած բազային գիտելիքների հենքի վրա:

Ես միշտ հարցնում եմ 17 տարեկան ուսանողին՝ «ի՞նչ եք ուզում դառնալ»: Աղջիկները, սովորաբար, ասում են՝ «վիրաբույժ»: Անցնում է 6 տարի և նման բան ես չեմ նկատում: Երբ դեռահասության տարիքում ընտրում ես մասնագիտություն, սովորաբար դա արվում է հուզական, էմոցիոնալ դաշտում: Ուսանողին հրապուրում է վիրաբուժության էքստրեմալ հմայքը. չէ՞ որ կյանք ես փրկում: Սակայն աստիճանաբար, երբ անձը կյանքի փորձ է ձեռք բերում, էմոցիոնալ դաշտին լրացնելու է գալիս նաև ինքնագնահատման գործոնը: Ուսանողն արդեն մտածում է հարցի շուրջ՝«արդյո՞ք ես կարող եմ 24 ժամ, շաբաթը 7 օր անընդհատ լինել այս իրավիճակում»: Եվ սկիզբ են առնում մտորումները՝ մասնագիտանալու բժշկական այլ ոլորտում՝ թերապիա, տեսական բժշկություն, գիտություն և այլն… Չէ՞ որ բոլոր այն նորամուծությունները, որ մենք կիրառում ենք վիրահատարաններում, նախաձեռնվում և փորձարկվում են լաբորատորիաներում: Մասնագիտության ընտրությունն, այսպիսով, ունի խիստ անհատական բնույթ՝ պայմանավորված շատ ու շատ գործոններով՝ ով է դասավանդել առարկան, ինչպե՞ս է ներկայացրել մասնագիտությունը... Այդ պատճառով, ես հատուկ ուշադրություն եմ դարձնում, որ դասավանդող անձնակազմը լինի բարձր աստիճանի վրա: Հաջողակ բժիշկ-դասախոսի գործոնը շատ է գրավում ուսանողին: Ես նաև սիրում եմ հարցնել ուսանողին. «մեզնից ու՞մ կուզեիք նմանվել, ո՞ր պրոֆեսորի աշխատանքն է Ձեզ դուր գալիս»… Եվ հավատացեք՝ ազգանուններ հնչում են:

Բժիշկ «պատրաստելու» ընթացքում, բացի մասնագիտական գիտելիքներ և փորձ փոխանցելը, ուսանողին հոգեբանորեն պատրաստելը, կարծում ենք, ոչ պակաս կարևոր է:

Մեր մասնագիտությունը բաղկացած է երեք շատ կարևոր բաղադրիչներից՝ գիտելիք, ունակություն և դիրք: Բժշկի մասնագիտության մեջ հոգեբանական կարևորագույն գործոն է վստահությունը ինքդ քո գիտելիքների հանդեպ, սա ծնվում է անընդմեջ կատարելագործվելու ընթացքում:

Սա, կարծում եմ, հոգեբանական կարևորագույն գործոնն է, որ պետք է անընդհատ սովորեցնել ուսանողին և սեփական փորձով ամեն օր ապացուցել:

Պրն. Նարիմանյան, ներկայում ԵՊԲՀ-ում հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ, երբեմն նույնիսկ արտերկրից ժամանած հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ: Ինչպե՞ս կգնահատեք ուսանողների ներգրավվածությունն այս ամենին:

Ուսանողների ներգրավումը այս գործընթացին, իմ խորին համոզմամբ, պետք է կատարվի ոչ թե քանակական, այլ նրանց որակային զարգացման նպատակով: Այժմ ԵՊԲՀ-ում ներդրվում է նոր համակարգ՝ հետազոտության կրեդիտ, և եթե ուսանողը ստանում է այս կրեդիտը մասնակցելով տարբեր համաժողովների, գիտաժողովների, ապա նրա մասնակցությունը դառնում է ուսումնական գործընթացի մաս, լինում է շարունակական և արդյունավետ:

Իսկ ԵՊԲՀ ուսանողները հաճա՞խ են ցանկանում ուսումը և մասնագիտական գործունեությունը շարունակել արտերկրում: Կարծում ենք՝ ուսանողների համար արդիական հարց է՝ արդյո՞ք ԵՊԲՀ-ի դիպլոմն ընդունվում է արտերկրում:

Սա շատերին հուզող հարց է: Պետք է ասեմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը շատ հարգի է արտերկրում: Եթե մեր տված դիպլոմի հիման վրա արտասահմանյան ԲՈՒՀ-երը թույլատրում են հանձնել քննություն հետագայում կլինիկական օրդինատուրա անցնելու համար, նշանակում է, որ դիպլոմը վավերացվում է: Սակայն շատերը թյուր պատկերացում ունեն, որ կարելի է ԵՊԲՀ-ից ստանալ դիպլոմ և արտերկրում ծավալել մասնագիտական գործունեություն, աշխատել որպես բժիշկ: Պետք է ասեմ, որ Հայաստանում ևս միայն դիպլոմով, առանց հետագա մասնագիտական ուսուցման, անհնար է աշխատել որպես բժիշկ: Մեր ուսանողներն արտերկրում անցնում են ԵՊԲՀ դիպլոմը վավերացնող քննություն և այդ կերպ հնարավորություն ստանում անցնել 3-4ամյա ռեզիդենտուրա, այնուհետ աշխատել կլինիկայում որպես պրակտիկ բժիշկ:

Բժշկի մասնագիտությունը միայն մասնագիտություն համարել, կարծում ենք, մեղմ ասած սխալ է: Ի՞նչ կմաղթեք մարդկանց, ովքեր ընտրել են Ձեր մասնագիտությունը:

Այո, սա կյանք է, ընդ որում, ոչ միայն քո, այլ նաև պացիենտի, ով վստահել է քեզ: Բոլոր մեր ուսանողներին առաջին հերթին առողջություն եմ մաղթում: Մարդիկ հաճախ միմյանց առողջություն են մաղթում կենացի, ցանկության տեսքով,  սակայն մեզ համար այդ մաղթանքը ամենօրյա աշխատանք է, այսպիսով մենք պարտավորվում ենք այդ առողջությունը ապահովել և պահպանել: ԵՊԲՀ ուսանողներին մաղթում եմ նաև, որ իրենց կյանքը հետաքրքիր լինի իրենց իսկ համար, իսկ դրա համար անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում լինել ամուր և հաջողակ: Մի արտահայտություն կա, որ հաճախ եմ ասում իմ ուսանողներին. «հաջողությունը ընտրում է պատրաստվածներին»: Եվ ուրեմն, միշտ պետք է պատրաստ լինել ոչ միայն դժվարություններին, այլ նաև հաջողություններին:

Շնորհակալ եմ, պրն. Նարիմանյան: Հուսամ՝ ապագա բժիշկ-ընթերցողը օրեցօր ավելի է ձգտում այդ հաջողությանը:


Հարցազրույցը վարեց Ամալյա Գրիգորյանը
Աղբյուրը՝ Doctors.am