Մարդու կյանքում տարբեր հիվանդությունների արդյունքում սահմանափակումներ ու հակացուցումներ լինում են: Դրանք հնարավոր է նվազեցնել, եթե հիվանդը վարում է առողջ ապրելակերպ ու հետևում է բժշկի ցուցումներին: «Սրտաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում անդրադարձել ենք սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց ապրելակերպին վերաբերող հարցերին: «Դիագնոստիկա» բուժմիավորման Սրտաբանական կլինիկայի ղեկավոր, սրտաբան Մարինե Օրդյանն այս կարևոր թեմայի մասին զրուցել է Doctors.am-ի հետ:

-Բժշկուհի Օրդյան, սրտային հիվանդություններն ինչպե՞ս են ազդում մարդու կյանքի որակի վրա:

-Սիրտ-անոթային հիվանդությունները` զարկերակային ճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, եթե հսկվում են դեղորայքով, չպետք է ազդեն մարդու կյանքի որակի վրա: Դեղորայքային բուժումը բացի նրանից, որ լավացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ելքը` կանխարգելում է ինֆարկտներն ու ինսուլտները, բարելավում է նաև հիվանդի կյանքի որակը: Այսինքն, եթե հիվանդը հսկողություն տակ է, կատարում է բժշկի նշանակումները, չպետք է ունենա կյանքի որակի վատացում:

-Սրտային հիվանդություն ունեցող մարդու ապրելակերպում ինչպիսի՞ սահմանափակումներ են լինում:

-Ինսուլտ, ինֆարկտ կամ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց համար կարող են լինել որոշակի հակացուցումներ, ինչպես օրինակ`որոշ չափով սահմանափակվում էֆիզիկական ակտիվությունն ու ծանրաբեռնվածությունը: Սակայն, եթե ամեն ինչ բնականոն ընթացքի մեջ է,այդ սահմանափակումները նույնիսկ կարող են վտանգավոր լինել առողջության համար: Բոլորը գիտեն, բայց քչերն են հասկանում, թե ինչպես է ազդում սխալ ապրելակերպը սիրտ-անոթային հիվանդություններիվրա:

-Ճիշտ ապրելակերպը որքանո՞վ է կարևոր և ի՞նչպես է ազդում մարդու առողջության վրա:

-Սրտային հիվանդությունների բուժումը, բացի նրանից, որ բարելավում է ելքերը, լավացնում է նաև կյանքի որակը: Հաստատված է, որ ճիշտ ապրելակերպի շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունները ոչ միայն նվազում են, այլ նաև հեշտ են կառավարվում դեղորայքի միջոցով: Առողջ ապրելակերպի հիմանական գործոններից է չծխելը: Ապացուցված է, որ դա ոչ մի դրական ազդեցություն չի ունենում օրգանիզմի որևէ ֆունկցիայի վրա: Եթե մարդը խուսափում է սիրտ-անոթային հիվանդություններից առաջին հերթին պետք է ազատվի ծխամոլությունից, իսկ արդեն սրտային հիվանդության դեպքում` ծխելըհակացուցված է: Ի տարբերություն ծախախոտին` խմիչքը կարելի է օգտագործել չափավոր քանակով` 50 գրամ օղի կամ նույնքան կոնյակ, մի գավաթ գինի, նաև 500 մլ գարեջուր: Սակայն, եթե հիվանդն ունի շաքարային դիաբետ, գարեջուրը նախընտրելի չէ:
Ճարպակալման դեմ պայքարը` որակով սնունդն ու ճիշտ սնվելը, առողջ ապրելակերպի հաջորդ բաղադրիչն է: Արագ սննդի կետերը շատ հարմար են մարդկանց, սակայն վնասակար են առողջության համար: Այնտեղ սնունդը պատրաստվում է օրգանիզմի համար վտանգավոր տրանսյուղերով: Սնվելու մշակույթը ձևավորվում է մանկուց` ինչպես սնվում են ընտանիքում, այդպես էլ այդ սովորությունները շարունակում են մեծանալուց հետո: Սիրտ-անոթային հիվանդություներ ունեցող մարդու քաշը պետք է լինի նորմայի սահմանում: Փոքր տարիքում ճարպակալում ունեցող երեխայի մոտ սրտի հիվանդություններ ունենալու ռիսկը բարձր է:

-Ի՞նչ պետք է իմանա առողջ մարդն ու սրտի հիվանդություն ունեցողը հետագա բարդություններից խուսափելու համար:

-Բժշկության վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության շնորհիվ մարդիկ այսօր ավելի հաճախ են դիմում բժշկի, անցնում` կանխարգելիչ հետազոտություններ: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր գլյուկոզայի, վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Մարդու առողջության համար շաբաթվա ընթացքում 2,5 ժամ ֆիզիակական ակտիվությունն անհարժեշտություն է: Պետք է շատ քայելել, օգտվել մարզասրահներից, ինչպես նաև հանգստյան օրերն օգտագործել` բնության գրկում անցակացնելու, մաքուր օդ շնչելու համար:

-Սեռական ակտիվությունն ի՞նչ նշանակություն ունի սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքում:

-Սեռական կյանքը կարևոր է ինչպես առողջ սիրտ, այնպես էլ սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել այս խնդրի մասին, քանի որ դրան այնքան էլ կարևորություն չի տրվում: Ինչպես հիվանդը չի հետաքրքրվում, այնպես էլ բժիշկները պասիվ են այս հարցում: Ընդունված է հիվանդի հետ այս խնդրի մասին խոսել այն ժամանակ, երբ վերջինս է այդ հարցը բարձրացնում, իսկ հետաքրքրվողների թիվն այնքան էլ մեծ չէ:

-Սրտի վիրահատության ենթարկված մարդը հաճախ ունենում է հոգեբանական խնդիրներ: Ի՞նչ խորհուրդներ պետք է տա բժիշկ-սրաբանը սեռական առողջության հետ կապված:

-Շատ մարդիկ ինֆարկտից կամ ինսուլտից հետո վախենում են սկսել սեռական կյանքը: Հաստատված է, որ եթե հիվանդը կայուն վիճակում է, ընդունում է դեղորայք, սեռական ակտիվությունը մշտական զուգընկերոջ հետ, ինչպես թույլատրվում, այնպես էլ կարևորվում է բժիշկների կողմից: Եթե սեռական ակտն իրականանում է հանգիստ պայմանններում ու չի զուգորդվում ալկոհոլային խմիչքի օգտագործմամբ, դա օգտակար է, քանի որ անհրաժեշտ հորմոնների հետ մեկտեղ` բարելավվում է հիվանդի ինքնազգացողությունն ու ինքնավստահությունը:
Հաստատված է նաև, որ սեռական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ` 3-ից 5 տարի հետո, առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն: Եթե տղամարդու մոտ կա էրեկտիլ դիսֆունկցիա` առնանդամի անոթների պաթոլոգիա, այդ փոփոխություններն ազդում են սիրտ-անոթային համակարգի վրա:
Սեռական կյանքն այն թեման է, որը վերաբերում է մեր առոջությանը: Սահմանափակում ու վախեր չունենալու համար՝ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սերտ կապի մեջ լինեն բուժող բժշկի հետ, հետևեն խորհուրդներին, բաց չթողնեն կոնսուլտացիաները: Յուրաքանչյուրը պետք է պարզի ֆիզիկական ակտիվության այն շեմը, որ թույլատրելի է: Սահմանափակումները յուրաքանչյուրի համար անհատական են:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
20 Նոյեմբերի, 2017