Օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունեց անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ, ըստ  որի նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար:

Թեմայի հետ կապված Doctors.am-ը զրուցել է Հայաստանում պտղաբերության ամենախոշոր կենտրոններից մեկի՝ «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ»-ի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի հետ:  

«Շատ դրական եմ գնահատում կառավարության որոշումը: Վերջապես այս հարցին համակարգային լուծում տրվեց: Չնայած որ ծրագրի պայմանները մի փոքր սահմանափակում են շահառուների քանակը, սակայն համոզված եմ, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակներ»,-նշեց պարոն Համբարձումյանը՝ հավելելով, որ անպտղություն ունեցող զույգերի քանակը շատ է.

«Ցավոք, մեր բնակչության 15%-ը տառապում է անպտղությամբ, եւ այսօր տարեկան 9000 արտամարմնային բեղմնավորման կարիք կա: Այս ծառայությունը շարունակում է բժշկության մեջ մնալ ամենաթանկ ծառայություններից մեկը: Մենք իսկապես մեծ կարիք ունենք նման պետական աջակցության, ինչպես նաեւ հիմնադրամների կամ բարեգործական կենտրոնների: Այս առումով շատ ակտիվ է գործում «Հայ մանուկ» կազմակերպությունը, որին պետք է խրախուսել»:

Նշենք, որ կառավարության՝ անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագրին իրավունք ունեն մասնակցել 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և  զինծառայողներին հավասարեցված անձ է,

2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,

3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

4. ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման  N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:


Աղբյուրը՝ Doctors.am