Ամիսներ առաջ  ԱՄՆ-ում կայացավ Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի (AAPS) տարեկան համաժողովը, որին ասոցիացիայի նախագահի հրավերով մասնակցություն ունեցան նաև «Ավանգարդ» ԲԿ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը,  վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանը և անեսթեզիոլոգ Արմինե Խառատյանը: 

Համաժողովն այս տարի առանձնացավ նրանով, որ AAPS-ի նախագահը` ազգությամբ հայ  Ստեֆան Արյանը, իր ելույթի առաջին մասը նվիրեց Հայաստանի` մասնավորապես «Ավանգարդ» ԲԿ-ի հետ իր համագործակցությանն ու իրականացված նախաձեռնություններին:

Այս ամենի մասին առավել մանրամասն Doctors.am-ի հետ զրույցում պատմեց պլաստիկ վիրաբույժ, «Ավանգարդ» պլաստիկ-ռեգեներատիվ վիրաբուժության կլինիկայի հիմնադիր-տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:

Պրն. Ստամբոլցյան, ինչպե՞ս է սկիզբ առել Ձեր և Ստեֆան Արյանի համագործակցությունը:

Ամեն բան սկսեց 1988 թվականից, երբ ավերիչ երկրաշարժից հետո Ստեֆան Արյանը, Յեյլի համալսարանի անեսթեզիոլոգիայի ամբիոնի վարիչ՝ Փոլ Բարաշի հետ ժամանեց Հայաստան՝ տուժածներին բուժօգնություն ցույց տալու նպատակով:

Քանի որ այդ տարիներին հիվանդանոցային պայմանները բավարար չէին բուժօգնությունը պատշաճ կերպով իրականացնելու համար, միտք առաջացավ Երևանում ստեղծել պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն:

Այսպիսով, հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ կյանքի կոչվեց այդ ծրագիրը, որը նաև ներառում էր հայ բժիշկների վերապատրաստում և ուսուցում ԱՄՆ-ի Յեյլ համալսարանում. Այդ բժիշկների թվում էինք նաև ես և մեր կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժնի վարիչ Արմինե Խառատյանը:  

Մենք մեկնեցինք ԱՄՆ վերապատրաստվելու և մեր վերադարձից հետո` 1991 թ. Երևանում բացվեց Պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության կենտրոնը՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով, իսկ բժիշկներն՝ անհրաժեշտ գիտելիքներով: Հիմքում ունենալով այդ կենտրոնի փորձը, աշխատանքային մեթոդներն ու գործելաոճը` ես, տարիներ անց, հիմնադրեցի «Ավանգարդ» պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժության կենտրոնը:

«Ավանգարդ» բժշկական կենտրոնն, այսպիսով, կարելի՞ է  համարել դեռևս 1991 թվականին հիմնադրված կլինիկայի տրամաբանական շարունակություն:

клклк

Անշուշտ: Կլինիկան սկզբում բացվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, այնուհետ գործեց տարբեր բժշկական կենտրոններում և արդեն 3 տարի այն ունի առանձին կլինիկայի կարգավիճակ, որի հետ, համաձակ կարող եմ ասել, կապում են այս ոլորտի նորամուծություններն ու նորարական տեխնոլոգիաները:

Ո՞րն է եղել կլինիկայի ամենամեծ ձեռքերումն այս տարիների ընթացքում:

Շնորհիվ մեր սերտ կապերի ԱՄՆ պլաստիկ վիրաբույժների հետ, «Ավանգարդ»  ԲԿ-ն մշտապես կանգնած է համաշխարհային նորությունների ակունքին` ոչ միայն հետ չմնալով ժամանակակից վիրաբուժության մեջ կիրառվող նորամուծություններից, այլ նաև  հաջողությամբ ներդնելով դրանք և իրագործելով ՀՀ-ում: Վերջին և ամենալուրջ ձեռքերումներից եմ համարում աշխարհում դեռևս նորություն համարվող ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության ներմուծումը Հայաստան, որը մեր կենտրոնում գործում է 2013 թվականից: Այժմ այն հաջողությամբ կիրառում ենք և՛ ռեկոնստրուկտիվ, և՛ էսթետիկ վիրաբուժության մեջ:

Ինչո՞վ է կարևորվում պլաստիկ վիրաբուժության այս նոր ճյուղի  ներդրումը Հայաստանում:

Նախ ասեմ, որ ռեգեներատիվ բժշկությունը համարվում է բժշկության ապագան: Այն ակտիվ զարգանում է ողջ քաղաքակիրթ աշխարհում` օրեցօր ընդլայնելով բժշկության մեջ իր կիրառման ոլորտները: Հայաստանը ևս ետ չի մնում զարգացման միտումներից:

Այս մեթոդը մեզ հնարավորություն է տալիս պացիենտի սեփական ռոսուրսների (ճարպի) ակտիվացման շնորհիվ  վերջինիս մոտ շտկել հիվանդագին վիճակների կամ հյուսվածքների վնասման հետևանքով առաջացած փոփոխությունները`  վերականգնելով կամ բարելավելով հյուսվածքի ֆունկցիան:

Այս նոր մեթոդի օգնությամբ այժմ արդեն հնարավոր է առանց կտրվածքների իրականացնել տասնյակ վիրահատություններ, ինչպես օրինակ դեմքի, պարանոցի և ձեռքերի երիտասարդացում, մարմնի տարբեր դեֆեկտների ուղղում (կոնտուրային պլաստիկա),հետայրվածքային, հետվնասվածքային սպիների պլաստիկա, քրոնիկ վերքերի բուժում (ներառյալ պոստտրոմբոֆլեբիտային և դիաբետիկ) կրծքագեղձերի, հետույքի մեծացում,ռադիացիոն վերքերի բուժում (ի դեպ մեթոդը հանդիսանում է այս վերքերի բուժման հայտնի միակ եղանակը):   

Ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում Ձեր կենտրոնի այցելուներին:

Շուտով Պալմա-դե-Մայորկայում տեղի կունենա գիտաժողով, որի հիմնական նպատակն է մանրամասն կերպով ներկայացնել ռեգեներատիվ վիրաբուժության դերն արդեն ոսկրա-մկանային հիվանդությունների բուժման գործում՝ օսթեոարթրիտներ, մկանային տարբեր խնդիրներ, սպորտային վնասվածնքներ և այլն: Ես նույնպես հրավիրված եմ գիտաժողովին, և անպայման մասնակցելու եմ: Գիտաժողովից հետո կկարողանանք արդեն ներդնել վիրաբուժության այս տեսակը ևս, մանավանդ, որ այս ամենի իրականացման համար տեխնիկական պայմաններն արդեն ապահովված են «Ավանգարդ»  բժշկական կենտրոնում:

 
Հ.Գ.
Հիշեցնենք, որ սեփական ճարպային հյուսվածքի մեզենքիմալ ստրոմալ բջիջների անջատումով և ներմուծվող ճարպը դրանցով հարստացնելու եղանակով վիրահատություններ մեր երկրում իրականացվում են միայն «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնում սկսած 2013 թվականից:

Այս մեթոդով վիրահատությունների իրականացման համար կենտրոնում օգտագործվում է ամերիկյան նորագույն GID տեխնոլոգիան:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
12 Օգոստոսի, 2015