Գաղտնիք չէ, որ համաճարակը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնցում ներգրավված ենք բոլորս, պարունակում է վտանգ և անորոշության մեծ չափաբաժին։ Այդ իմաստով այն խիստ սթրեսածին է, և մեզանից յուրաքանչյուրը դրան հակազդում է յուրովի։ Առանձին մարդու կողմից սթրեսին տրվող ինքնատիպ հակազդումները հնարավոր է ոչ միշտ միանշանակ հասկանալի, ընդունելի լինեն այլ անձի համար, ծնելով զարմանք ու տարակուսանք, որոշ դեպքերում՝ զայրույթ ու վրդովմունք, վատագույն դեպքում՝ թշնամանք ու հաջորդող ագրեսիվ գործողություններ։ Որոշ դեպքերում վտանգին ու անորոշությանը այլոց կողմից ցուցաբերվող հակազդումները ու գործողությունները կարող են էլ ավելի խորացնել մեր սեփական վախերն ու տագնապները, հանգեցնել ճնշվածության, ապաթիայի և հուսալքության զգացումների էլ ավելի խորացման։

Տեղեկատվության ազատ շրջանառության այս պայմաններում, երբ ամեն ոք ազատ է արտահայտելու սեփական կարիքն ու տեսակետը ոչ միայն իր մտերիմների ու մերձավորների շրջանում, այլ նաև հանրայնացնելու այն՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, ընդհանուր լարվածության և սթրեսի ծավալներն աճում են ահագնացող տեմպերով։ Սթրեսածին այս իրավիճակին մարդկանց հակազդումների տարբերությունները էլ ավելի վտանգավոր են դառնում ինքնամեկուսացման պարագայում, երբ ընտանիքի տարբեր անդամներ տարբեր կերպ հակազդելով սթրեսին, հնարավորություն չունեն մեկուսանալ ընտանիքից, ուղղակի միայնակ մնալ, կամ կողմնակի անձանց հետ, այլ վայրում շփվելով, լիցքաթափվել, վերագտնել իրենց հոգեկան հավասարակշռությունը։ Չկա հնարավորություն հաճախել մշակութային միջոցառումների, աշխատանքի գնալ, որոնք ևս շեղում ու լիցքաթափում են կուտակված հույզերն ու լարվածությունը:

Ինքնամեկուսացման իրավիճակում, պարադոքսալ է, բայց փաստ, չկա ինքնամեկուսացման  ոչ մի հնարավորություն և հույզերի արտահայտման միակ դաշտը, մնում է ընտանեկան միջավայրը, որն առանձին դեպքերում վերածվում է մարտադաշտի։

Արդյունքում՝ շատ ընտանիքներում մթնոլորտը դառնում է խիստ թեժ, բախումներն ու կոնֆլիկտները՝ անխուսափելի, ավելի արտահայտված են դառնում թշնամանքն ու ատելությունը, առանձին դեպքերում կոնֆլիկտը ուղեկցվում է ագրեսիվ գործողություններով, մեծանում է ինքնասպանության ռիսկայնությունը, մարդիկ սկսում են օտարանալ իրարից։ Համընդհանուր վտանգի այս պայմաններում անհանդուրժողականության ցանկացած դրսևորում ուղղակի աղետաբեր է, քանզի հայտնի ճշմարտություն է, որ վտանգին, աղետին ավելի հեշտ է դիմագրավել միահամուռ ջանքերով, միասնական և կուռ համախմբվածությամբ, համագործակցելով և փոխադարձ օգնելով միմյանց, հույս ու հավատ ներշնչելով, ոգեշնչելով միմյանց: Մերձավորի, ինչու ոչ նաև օտարի, հարևանի, բարեկամի ու ծանոթի, ընդհանրապես մարդու նկատմամբ առավել հանդուրժող դառնալու համար շատ կարևոր է, որ հասկանանք մի քանի բաներ․

  • Սթրեսին դիմակայելու ուժը պայմանավորված է տվյալ մարդու սթրեսակայունության աստիճանով, նրա հոգեկան իմունիտետով, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։
  • Սթրեսին հակազդելու եղանակները, դրան տրվող ռեակցիաները յուրաքանչյուր մարդու համար խիստ անհատական է, չնայած՝ կան նաև ընդհանուր ռեակցիաներ։
  • Չպետք է ակնկալենք, որ մեր յուրայինն ու ծանոթը, մեր մերձավորն ու ընտանիքի անդամը իրավիճակին կհակազդեն հենց այն ձևով, ինչպես ակնկալում և ճիշտ ենք համարում մենք։
  • Չպետք է անակնկալի գանք, եթե մեր մերձավորի ու ծանոթի, ընտանիքի անդամի մոտ դիտարկում ենք սթրեսին տրվող օտար, մեզ համար անծանոթ հակազդումներ։
  • Պետք է հիշենք, որ մեր մերձավորը, ընտանիքի անդամը, ինչպես նաև մենք նախկինում երբեք չենք գտնվել նմանատիպ իրավիճակում։
  • Պետք է հիշենք, որ վտանգի և անորոշության պայմաններում ամենասթափ դատող մարդիկ անգամ կարող են ժամանակավորապես կորցնել իրականությունը, համարժեք գնահատելու և սթափ դատելու կարողությունները։
  • Պետք է հիշենք, որ պատրանքներն ու ոչ իրատեսական հույսերը, ծայրահեղ լավատեսությունն ու վատատեսությունը վտանգի ու անորոշության իրավիճակի անբաժան ուղեկիցներն են։
  • Պետք է իմանանք, որ տևական համընդհանուր սթրեսի պայմաններում մարդու հոգեկան գործառնության հիմքը կազմող հոգեբանական պաշտպանական այդ մեխանիզմները կարող են ժամանակավորապես շարքից դուրս գալ կամ գործել իրականությունից դուրս ռեժիմով։
  • Տևական վտանգի ու անորոշության պայմաններում մարդու անձը հոգեբանական տեսակետից կարող է ժամանակավոր հետաճ ապրել, մանկանալ, ամբողջովին կամ մասամբ, ինչի արդյունքում առավել հասուն, իրատեսական հակազդումներին փոխարինելու են գալիս առավել պարզունակ, արխայիկ հակազդումները, որոնցում իրականությունն ու երևակայականը շատ դժվար զանազանելի են ոչ միայն կողքի դիտողի, այլև հենց իր՝ հոգեբանական հետաճի մեջ գտնվող մարդու համար։ Սա է պատճառը, որ մենք պետք է հանդուրժող լինենք, երբ մեր մերձավորն ու ընտանիքի անդամը սկսում է խոսել բաներ, որոնք հեռու են իրականությունից, անել քայլեր, որոնք առողջ դատողության սահմաններից դուրս են։ Հանդուրժող լինել չի նշանակում լինել պասիվ սպասման, անգործության վիճակում, լինել անտարբեր։ Հանդուրժող լինել նշանակում է հասկանալ, որ սա ժամանակավոր հոգեվիճակ է, պայմանավորված արտաքին գործոնով։ Դա նշանակում է չդատապարտել, չծաղրել, չվիճել և վիրավորել, այլ մտածել տվյալ մարդուն հոգեբանական օգնություն ցույց տալու մասին։
  • Հոգեբանական օգնությունը մարդուն, ով կորցրել է հոգեկան հավասարակշռություն ու իրականության զգացումը, առանձին դեպքերում կարող եք կազմակերպել հենց դուք, եթե զգում եք, որ Ձեր խոսքերը ազդեցիկ են, սակայն եթե զգում եք, որ չեք կարողանում ոչինչ փոխել, ապա լավ կլինի դիմեք մասնագետի օգնությանը։
  • Պետք է իմանալ, որ գոյություն ունի օնլայն հոգեբանական ծառայություն հասկացությունը և նույնիսկ ինքնամեկուսացման պայմաններում, տանից կարելի է ստանալ որակյալ մասնագիտական օգնություն։

    Աղբյուրը՝ Doctors.am