Ժամանակին սագերը փրկել են Հռոմը. սա մի պատմությունը, որ հայտնի է բոլորին: Սակայն բոլորը չէ որ գիտեն, թե ինչքանով է օգտակար սագի յուղը: 

Սագի յուղի բաղադրությունը

Կենդանական յուղերը պարունակում են մարդու օրգանիզմի համար օգտակար և անհրաժեշտ բազմաթիվ նյութեր, և սագի յուղը բացառություն չէ: Նրա հիմքում ընկած են չհագեցած ճարպաթթուներ, որոնք ապահովում են նյութափոխանակության բոլոր գործընթացների նորմալ ընթացքը, նպաստում են իմունիտետի բարձրացմանը, արագացնում են հյուսվածքների ռեգեներացիան: Սագի յուղի գլխավոր բաղադրիչներն են համարվում օլեինաթթվի եռգլիցերիդը և լինոլաթթուն:

Այս յուղը ստացվում է այսպես կոչված խոնավ հալման միջոցով: Ըստ իր բաղադրության այն պինդ է, սակայն հալեցված վիճակում հիշեցնում է զեյթունի յուղը, ինչը հնարավորություն է տալիս այն հեշտությամբ խառնել այլ բաղադրիչների հետ և օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կիրառության նպատակով, այդ թվում՝ նաև կոսմետոլոգիայում

Սագի յուղի օգտագործման փորձը մեզ հասել է վաղ անցյալից. սակայն, որպես կանոն նորը լավ մոռացված հինն է: Ահա թե ինչու, ներկայումս մենք հաջողությամբ կիրառում ենք մեր նախնիների բաղադրատոմսերը՝ դրանցով համալրելով բժիշկների կողմից նշանակված բուժումը:

Սագի յուղը որպես դեղամիջոց

Հաշվի առնելով սագի յուղի՝ թուլացած իմունիտետն ուժեղացնելու կարողությունը, այն հաճախ խորհուրդ է տրվում կիրառել մրսածության ժամանակ: Պարզ և արդյունավետ բաղադրատոմսերից մեկը հետևյալն է. հավասար չափաբաժիններով իրար խառնել մեղրը, կակաոյի փոշին, ալոէի հյութը և սագի յուղը: Խառնուրդը տաքացնել, հետո՝ բացել մեկ թեյի գդալ խառնուրդը մեկ բաժակ տաք կաթում և ընդունել օրական երկու անգամ:

Հազով ուղեկցվող բրոնխա-թոքային հիվանդությունների դեպքում վերցնել 100-ական գրամ մեղր, սագի յուղ և օղի, թրմել մեկ շաբաթվա ընթացքում մութ և սառը տեղում, որից հետո թուրմն ընդունել օրական մեկ թեյի գդալի չափով:

Այրվածքների և ցրտահարության դեպքում կարելի է մաշկի վնասված հատվածներին օրական երկու անգամ քսել սագի յուղ, ինչն էականորեն արագացնում է ապաքինումը: Պետք է նշել, որ այրվածքի դեպքում խորհուրդ է տրվում մեկ-երկու օր սպասել, որպեսզի ցավային ռեակցիան մի փոքր թուլանա:

Մաշկի թարախային հիվանդությունների բուժման համար պետք է իրար խառնել 115 գրամ սագի յուղ և 20 գրամ փոշեցված կաղնու արմատ: Այս խառնուրդը պետք է քսել մաշկի ախտահարված հատվածների վրա, ծածկել պոլիէթիլենային շերտաթաղանթով և ֆիքսել բինտե վիրակապով: Նշված կոմպրեսը պահել մեկ ժամ, հետո՝ զգուշորեն լվանալ տաք ջրով:

Թաց էկզեմայի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել 2/3 բաժին սագի յուղից և 1/3 բաժին սոճու յուղից պատրաստված խառնուրդը: Այն պետք է դնել հիվանդ հատվածի վրա օրական երկուսից՝ երեք անգամ, ծածկել կոմպրեսի թղթով և ֆիքսել բինտով կամ կպչուն վիրակապով: Բուժման կուրսը սովորաբար տևում է 2-3 շաբաթ:

Աշնան և ձմեռվա սեզոնին բնորոշ դեպրեսիայի ժամանակ, որ պայմանավորված է օրվա ընթացքում լույսի նվազեցման, բնության թարշամության և վիտամինների անբավարարության հետ, նույնպես խորհուրդ է տրվում օգտագործել սագի յուղ միջին չափաբաժիններով, քանի որ այն հանդիսանում է բնական հակադեպրեսանտ և կարող է ազատել մարդուն խրոնիկ հոգնածությունից, կարգավորել  քունը և ընդհանուր առմամբ բարձրացնել տրամադրությունը:

Նույնիսկ տրոմբոֆլեբիտի դեպքում սագի յուղը կարող է օգնել. պարզապես պետք է 2:1 չափաբաժիններով իրար խառնել սագի յուղը և կալանխոյե բույսի հյութը, այն դնել մուգ ապակե անոթի մեջ և քնելուց առաջ քսել ոտքի մաշկի վրա՝ այն ծածկելով պոլիէթիլենով:

 

Սագի յուղը որպես կոսմետիկ միջոց

Փորձառու կոսմետոլոգներին հայտնի է, որ վաղ ծերացող մաշկի դեմ պայքարի համար նախատեսված կոսմետիկական միջոցների բաղադրությունում կա սագի յուղ: Բացի այդ, ոչ մեծ քանակով սագի յուղի ներքին օգտագործումը (օրական մեկ թեյի գդալից ոչ ավել) զգալիորեն բարելավում է մազերի և եղունգների վիճակը:

Ի թիվս այլ հատկությունների, սագի յուղի արտաքին կիրառումը սպիտակեցնում է մաշկը և զերծ պահում բերանի անկյուննների ճեղքերի առաջացումից: Իսկ եթե ցուրտ եղանակին ավելացնեք այդ յուղի մեկ կաթիլը Ձեր դեմքի և ձեռքի սովորական կրեմի մեջ, ապա կարող եք զերծ պահել Ձեր նուրբ մաշկը սառնամանիքի և քամիների բացասական ազդեցությունից:

Մասնագետներն  առաջարկում են կոսմետիկ դիմակների մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարելի է պատրաստել տնային պայմաններում: 

Դիմակ նուրբ շրթունքների համար.  վերցնել մասուրի կամ պարտեզի կարմիր վարդի19 տերև, դրանք տրորել մինչև խյուս դառնալը և ավելացնել մեկ ճաշի գդալ սագի յուղ:  Քնելուց առաջ խառնուրդը քսել շրթունքներին շաբաթը 3-4 անգամ:

Սնուցող դիմակ դեմքի չոր մաշկի համար. խառնել  25 գրամ սագի յուղը և 2,5 գրամ կամֆորայի յուղը, և խառնուրդը քսել դեմքին, և 20 րոպե հետո լվանալ տաք, հետո՝ սառը ջրով:

Դիմակ չոր մազերի համար.  սագի յուղը հալեցնել ջրային բաղնիքում և քսել գլխամաշկին՝ 5 րոպե շարունակ այն տրորելով: Թողնել մազերի վրա կես ժամ, որից հետո լվանալ շամպունով և ցայել կոնդիցիոներով կամ լիմոնի հյութի հավելումով տաք ջրի միջոցով:

Երեխայի բուժումը սագի յուղի միջոցով

Երեխաների մոտ սագի յուղը կարող է ալերգիա առաջացնել, բացի այդ այն բոլորովին էլ համեղ դեղ չէ:  Դրանից ելնելով՝ հազի դեպքում լավագույն լուծումը հետևյալն է. փոքր քանակով յուղը քսելը երեխայի կրծքավանդակին քնելուց առաջ, որից հետո տաք փաթաթել երեխային և քնեցնել:

Թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար սագի յուղի օգտագործումը որևէ հակացուցում չունի: Սակայն արժի մտածել , թե արդյո՞ք իմաստ ունի նրա ներքին կիրառումը հավելյալ քաշի, ինչպես նաև՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում: 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ health.passion.ru, www.nutrition.org.uk