Ծխախոտի վնասակարության և ծխելու դեմ պայքարին վերաբերվող հարցերը եղել և մնում են արդիական ինչպես բժշկական, այնպես էլ հանրության այլ լայն շրջանակներում։
Ծխախոտի ծխի հիմնական թիրախը օրգանիզմում սիրտ-անոթային համակարգն է, և հաճախ ծխախոտը անվանում են նաև անոթային թույն։ Քանի որ մեր յուրաքանչյուր օրգանը և հյուսվածքը սնվում և գոյատևում են շնորհիվ բազմաթիվ անոթների, տրամաբանական է, որ ծխախոտի վնասակար ազդեցությունը տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ։
Երբ նիկոտինը թափանցում է արյան մեջ, արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, ինչը բերում է հատկապես փոքր տրամաչափի անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացման, սրտի զարկերի հաճախացման մոտ 15-20 զարկով մեկ րոպեում։ Այսինքն սիրտը սկսում է աշխատել ավելի ծանրաբեռնված, իսկ անոթների սպազմը բերում է արյան մատակարարման զգալի նվազեցման ծայրամասերում, ինչին ավելի զգայուն են հատկապես անոթային մի շարք հիվանդություններ ունեցող մարդիկ։ Մեկ ծխախոտի ազդեցությունը օրգանիզմում պահպանվում է 20-30 րոպեի սահմաններում, իսկ միջին մակարդակի ծխող մարդը մեկ ժամում ծխում է 1-2 գլանակ, հետևաբար կարելի է ասել, որ գտնվում է ծխախոտի ծխի մշտական վնասակար ազդեցության տակ։
Ծխախոտի ծուխը վնասակար ազդեցություն ունի նաև արյան համակարգի վրա։ Այն ազդում է թրոմբոցիտների վրա, մեծանում է վերջիններիս ագրեգացիայի՝ կպչողունակության հատկությունը, թրոմբոցիտները կարող են ավելի ամուր կպչել անոթների պատերին և միմյանց, դա կարող է բերել թրոբոզների առաջացման ծայրամասային անոթներում, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի զարգացման։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ծխախոտի մեկ գլանակի ազդեցությունը թրոմբոցիտների վրա չեզոքացնելու համար գրեթե մեկ շաբաթ պետք է օգտագործել ագրեգացիան նվազեցնող դեղորայք։
Բացասական ազդեցություն ունի նաև ճարպային փոխանակության վրա, ինչի արդյունքում զարկերակների պատերին ի հայտ եկող խոլեսթերինային թիթեղիկները սկսում են ավելի արագ զարգանալ ու բերել անոթների լուսանցքի զգալի նեղացումների և խցանումների։
Ի վերջո, անհնար է նաև անտեսել ծխախոտի ծխի քաղցկեղածին հատկությունները։ Հատկապես թոքերի, կոկորդի, լեզվի և մի շարք այլ քաղցկեղների դեպքում ծխախոտի դերը արդեն ապացուցված և անհերքելի փաստ է։
Անոթային հիվանդությունների առկայության պարագայում ծխախոտի բոլոր բացասական հատկությունները կարելի է ասել գումարվում են։ Ծայրամասային զարկերակների սպազմը, թրոմբոզների առաջացման ռիսկը, խոլեսթերինային փոխանակության խորը խանգարումները միասին կտրուկ արագացնում են աթերոսկլերոզի, էնդարտերիտների, դիաբետիկ անգիոպաթիաների, սրտամկանի և ուղեղի անոթային հիվանդությունների ընթացքը, ավելացնում են բարդությունները, հաճախ պատճառ են դառնում սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի առաջացման, վերջույթների իշեմիայի, գանգրենաների զարգացման, հաճախ բերում են ամպուտացիաների քանակի ավելացման։
Վերոնշյալ դրույթները հաշվի առնելով, անոթային հիվանդություններով տառապող պացիենտների բուժման պլաններում, հիմնական դեղորայքից էլ առաջնահերթ, միշտ նշվում է ծխելը դադարեցնելու պահանջը։
Անոթային վիրաբույժ



