Զգացումների անդրադարձումը թերապևտիկ կարևորագույն տեխնիկաներից է և լայնորեն կիրառվում է տարբեր ուղղությունների ներկայացուցիչների կողմից։ 


 Ռեֆլեքսիայի շնորհիվ ձեռք է բերվում երկու կարևորագույն նպատակ.


ա) այցելուն զգում է, որ իրեն հասկանում են.


բ) ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն սկսում է հասկանալինքն իրեն։



Ռեֆլեքսիան այնպիսի հնարք է, որի գործադրումը կոնսուլտանտից մեծ վարպետություն և փորձ է պահանջում։ Արտաքուստ բավական պարզ թվացող այս տեխնիկան ունի իր կիրառման դժվարությունները:
Ռեֆլեքսիան կոնսուլտանտի այնպիսի պատասխան ռեպլիկն է այցելուի այս կամ այն ասույթին, որի ժամանակ կոնսուլտանտր նոր ձևակերպումներով, այլ բառերով անդրադարձնում է այցելուի խորքային զգացումները կամ դիրքորոշումներր, որոնք չեն գիտակցվում նրա կողմից և մասամբ են ներկայացված լինում այցելուի բառերում։


  Ռեֆլեքսիայի նշանակությունը թերապիայում անչափ մեծ է։ Մի որոշ իմաստով ողջ հոգեթերապիան զգացումների անդրադարձում է։ Ռեֆլեքսիան, այցելուի ուշադրությունը բևեռելով նրա զգացումների վրա, թույլ է տալիս իջնել գիտակցվածության մակարդակից ավելի խոր շերտեր, պարզ կերպով հասկանալ սեփական խորքային մտքերն ու զգացումները, իրարամերժ, երբեմն նույնիսկ վախեցնող զգացումներն ու մղումները, հասկանալ իր վարքը պայմանավորող իրական դրդապատճառները և   արդյունավետ գործելակերպ մշակել։ Ինչպես ցանկացած այլ գործունեություն յուրացնելիս, մարդու խնդիրը միանգամից պարզվում և հեշտանում է, երբ նա հասկանում է, թե ինչն է իրեն խանգարում։


  Ռեֆլեքսիան այցելուին ստիպում է մտածել դրանց մասին ոչ թե որպես օտար և կողմնակի բաների, այլ որպես իր անձի բաղկացուցիչ մասերի։ Սա շատ կարևոր է այնքանով, որ այցելուն իր պրոբլեմների պատճառները արտաքին, այսինքն՝ իր կողմից անվերահսկելի ուժերի և հանգամանքների մեջ տեսնելու փոխարեն սկսում է հասկանալ, որ այդ պատճառներն իր ներսում են, դրանք իր մտքերն են, իր դիրքորոշումներն ու վարքը։ Այստեղից էլ տրամաբանորեն բխում է, որ հարկավոր է փոխել ոչ թե արտաքին հանգամանքներր, այլոց վարքը, այլ՝ իրեն։


Ռեֆլեքսիայի կիրառման ժամանակ կոնսուլտանտր պետք է կարողանա կռահել այցելուի զգացումներր, որոնք ներկայացված չեն նրա բառերում և փորձի անդրադարձնել հենց դրանք։ Փորձառու կոնսուլտանտները կարողանում են ավելի արագ կռահել այցելուի զգացումները և ավելի արդյունավետորեն անդրադարձնել դրանք։


Փորձառու կոնսուլտանտները սկսնակներից տարբերվում են ռեֆլեքսիայի կիրառման վարպետությամբ։ Ռեֆլեքսիան պահանջում է զգայունություն և կենտրոնացում այցելուի զգացումների վրա։ Սա մեկն է այն դժվարություններից, որոնց պատճառով ռեֆլեքսիան առօրյա փոխհարաբերություններում չի հանդիպում, որքան էլ որ հասուն լինեն զրուցակիցները։ Հասկացման այսպիսի հակազդում ապահովելը հոգեթերապիայի մենաշնորհն է, մեկն այն յուրահատկություններից, որոնցով հոգեթերարապիան տարբերվում է առօրյա հարաբերություններից, օգնող վարքի առօրյա տարատեսակներից։


Ռեֆլեքսիան կարող է գործադրվել երեք ձևով.


ա) Անմիջական (անհապաղ)։ Կիրառվում է այցելուի մոտ այս կամ այն կարևոր զգացումը դրսևորվելուց անմիջապես հետո։



բ) Հանրագումարային. Այսպիսի ռեֆլեքսիան ներառում, միավորում է այցելուի մի քանի զգացումներ, որոնք նա դրսևորել է զրույցի նախորդ մի քանի դրվագներում։


գ) Ամփոփիչ (եզրափակող) ռեֆլեքսիան ներառում է ամբողջ զրույցի կարևոր ասպեկտները, հանրագումարի է բերում ողջ հանդիպման կարևոր արդյունքները։ 


Ռեֆլեքսիայի՝ որպես թերապևտիկ հնարքի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք պատճառներով.


1. Ռեֆլեքսիան հասկացված լինելու զգացում է առաջացնում։ Շատ նևրոտիկներ տառապում են չհասկացված լինելու զգացումից։


2. Ռեֆլեքսիան օգնում է հաղթահարել այսպես կոչվող արատավոր շրջանը (փակ շրջան), որի էությունը հետևյալն է. հաղորդակցման մեջ նախնական դիրքորոշումների առկայությունը հանգեցնում է հաղորդակցման պարտնյորի և նրա վարքի ոչ ադեկվատ ընկալման։
 Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդն սկսում է հասկանալ իր և շրջապատողների վարքի իրական դրդապատճառները, դադարում է նրանց իրականում գոյություն չունեցող դիտավորություններ և հատկանիշներ վերագրել։

Մասնավորապես, ռեֆլեքսիայի գործադրման շնորհիվ կարող են վերանալ "չար կամք, չար դիտավորություններ" տիպի ինքնապատճառաբանումները (նախորդ երկու օրինակներր "չար դիտավորությունների" վերագրման տիպական դեպքեր են)։ Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդը սկսում է հասկանալ, որ մարդու արարքները պայմանավորված են կոնկրետ իրավիճակներում կոնկրետ դրդապատճառներով, այլ ոչ թե մարդու էությամբ։ Նա սկսում է "վատ մարդ" և "վատ արարք" հասկացությունները տարբերել միմյանցից։


3.    Ռեֆլեքսիայի թերևս ամենակարևոր նշանակությունն այն է, որ նրա միջոցով պարզ են դառնում պատճառները։ Ռեֆլեքսիայի միջոցով այցելուն հասկանում է, որ զգացումները վարքի պատճառ են հանդիսանում, և սկսում է ըստ արժանվույն գնահատել դրանք:


4.    Երբեմն հույզերն ու զգացումները հախուռն հորձանքով պարուրում են մեզ։ Մենք միախառնված, ոչ պարզ կամ իրարամերժ զգացումներ ենք ունենում։ Դրանք գալիս են անձի խորքերից, անգիտակցական ոլորտից, մշուշոտ են և վախեցնող, քանի որ դրսևորվում են անկառավարելի իմպուլսների ձևով։ Այդպիսի պահերին մարդն զգում է, որ չի կառավարում իրեն։ Եթե որևէ մեկր փորձում է անկեղծորեն հասկանալ մեզ և բացատրել այդ զգացումների իմաստը, ապա մենք բարձր կգնահատենք այդ մարդուն։


Թերապևտիկ զրույցների ժամանակ հաճախ է պատահում, երբ այցելուի մոտ հույզերն ու զգացումներր հանկարծ հախուռն կերպով սկսում են հորդել՝ նրա իսկ կամքից ու ցանկությունից անկախ։ Այդպիսի պահերին այցելուի ներսում ինչ-որ բան "փուլ է գալիս", հուզական ալիքներր ողողում, տիրում են նրան և սկսում են իմպուլսիվ կերպով դուրս հորդել։ Սա միանգամայն նորմալ երևույթ է, նման պահերին կոնսուլտանտը պետք է հանգստություն պահպանի, հնարավորություն տա այցելուին հանգիստ կերպով արտահայտել իր հույզերը, այնուհետև "ուշքի գալ" և կարգի բերել իրեն։ Ոչ պարզ, հախուռն և անկանոն զգացումները պարզեցնելր և ճշգրտելը վերացնում է այցելուի համար դրանց անհասկանալիությունը, անորոշությունը և մշուշը ցրվում են։ Մտածողությունը պարզվում է, այցելուի մտքերը դառնում են ավելի կանոնավոր և նպատակասլաց։ Դա վստահության և իրավիճակր վերահսկելու զգացում է առաջացնում։ Ասպիսով՝ ռեֆլեքսիան պարզեցման ֆունկցիա է իրականացնում։


5.    Ճշգրիտ ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ ինքն ընտրության հնարավորություն ունի։


6.    Ճիշտ գործադրված ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ մարդկանց վարքի գնահատականները, նորմերն ու չափանիշները համընդհանուր բնույթ չեն կրում և դրսից չեն պարտադրվում իրեն:


Ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն զգում է, որ իր իրավիճակը, իր պրոբլեմները ինչ-որ բացառիկ բան չեն։ Ռեֆլեքսիայի գործադրման ժամանակ կոնսուլտանտը զգացնել է տալիս, որ այցելուն իր պրոբլեմներով միակը չէ, որ նմանատիպ պրոբլեմներ ունեն կոնսուլտացիա դիմող այցելուների մեծամասնությունը, և այդ առումով այցելուն բացառություն չի կազմում։


 Ռեֆլեքսիան արդյունավետ է, երբ այն կիրառվում է ճշգրիտ և անհրաժեշտ վարպետությամբ։