Դիմադրությունը այցելուի պաշտպանական հակազդումների ամբողջությունն է, թերապևտիկ գործընթացի նկատմամբ գիտակցված կամ անգիտակցական խոչընդոտների ստեղծումը։ Փաստորեն, դիմադրությունը տրանսֆերի պաշտպանական ձևն է։

 

Դիմադրությունն ի հայտ է գալիս, երբ իրավիճակը այցելուի կողմից ընկալվում է որպես սպառնալիք։ Անձին ուղղված սպառնալիքը կարող է լինել ինչպես արտաքին (կոնսուլտանտի իրական կամ թվացյալ գնահատումները), այնպես էլ ներքին։ Պաշտպանական մեխանիզմներին վերաբերող բաժնում արդեն նշել ենք, որ անձը շատ հաճախ պաշտպանվում է իր իսկ ներսից եկող զգացումներից, իմպուլսներից, որոնց գիտակցումը սպառնում է նրա ինքնագնահատականին։ Այդպիսի դեպքերում նա ճնշում, արտամղում է իր զգացումները և դիմադրում է իր իսկ ներսից եկող իմպուլսներին։

 

 Հոգեթերապիայում դիմադրությունը ևս, տրանսֆերի նման, ենթակա է վերլուծման և մեկնաբանման։ Գիտակցելով սեփական դիմադրությունը, ոչ ադեկվատ պաշտպանական մեխանիզմները՝ այցելուն կարող է ձերբազատվել դրանցից։

Դիմադրությունը կարող է նկարագրվել որպես զգացումների ագատ դրսևորման հակառակ բևեռ։

Հոգեթերապիայում հայտնի է այս օրինաչափությունը, որքան ավելի քիչ պաշտպանական հակազդումներ է դրսևորում այցելուն գործընթացի սկզբնական փուլերում, այնքան ավելի կառուցողական և արդյունավետ են դառնում նրա դիրքորոշումներն ու հակազդումները հետագայում։

 

Դիմադրությունը դրսևորվում է այցելուի ներքին երկվության, ամբիվալենտության հետևանքով։ Մի կողմից՝ նա ցանկանում է ազատվել իր պրոբլեմներից, մյուս կողմից՝ դիմադրում է դրա համար պահանջվող փոփոխություններին։ Մի կողմից՝ նա ուզում է օգնություն ստանալ մյուս կողմից՝ հրաժարվում է իրական օգնությունից։

 

Դիմադրությունը հիմնականում անգիտակցական երևույթ է։ Քանի որ դիմադրությունը խանգարում է թերապիային, ապա փոխհարաբերությունների ընթացքում այն պետք է հասցնել նվազագույն մակարդակի։ Ուժեղ արտահայտված դիմադրության դեպքում թերապիան արդյունավետ չի լինում։

 

Դիմադրությունն այս կամ այն չափով առկա է բոլոր զրույցների ընթացքում և կարող է դրսևորվել ամենաբազմազան ձևերով։ Կոնսուլտանտի հետ միշտ և ամեն ինչում համաձայնվելը նույնպես դիմադրության ձևերից է։ Դիմադրությունր կարող է դրսևորվել սկսած բացահայտ և ընդգծված ձևերից, ինչպիսիք են գործընթացից հրաժարվելը, կոնսուլտանտին մեղադրանքներ ներկայացնելը, վիճաբանությունը, կոնֆլիկտները, հանդիպմանը չներկայանալը, մինչև նուրբ, քողարկված և հազիվ նկատելի ձևերը, ինչպես անուշադրությունը, անվճռականությունը և անվստահությունը։

 

Փորձառու կոնսուլտանտների վարպետության դրսևորումներից մեկն էլ դիմադրության տարբեր ձևերը նկատելու և դրանց հետ համապատասխան աշխատանք տանելու ունակությունն է, քանի որ դիմադրությունը կարող է դրսևորվել բազմազան ձևերով։

 

Դիմադրությունը հազվադեպ է լինում գիտակցված և հիմնականում դրսևորվում է որպես անգիտակցական երևույթ։ Դիմադրության հետ տարվող աշխատանքն օգնում է այցելուին հասկանալ, թե նա ինչ ձևերով է պաշտպանվում գործընթացից, և հնարավորություն է ստեղծում ձերբազատվել դրանից:

 

Թեև դիմադրությունն արգելակում և կասեցնում է թերապիայի գործընթացը, այն ունի նաև դրական նշանակություն։ 
Նախ և առաջ դիմադրությունը հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ, որի օգնությամբ այցելուն նվազեցնում և կարգավորում է իր սուր տագնապը։ Այն թույլ է տալիս կազմալուծումից փրկել այցելուի պաշտպանական մեխանիզմներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձևավորվել և ամրագրվել վարքի նոր, կառուցողական ձևերը։ Այդ առումով դիմադրությունն օգտակար մեղմիչի ֆունկցիա է իրականացնում գործրնթացի վաղ փուլերում:

 

Դիմադրության արժեքավորությունն այն է, որ կոնսուլտանտի համար դիմադրությունը դիագնոստիկայի և կանխատեսումների հիմք է հանդիսանում, ինչպես նաև գործընթացի զարգացման ցուցանիշ է ծառայում։
Այցելուները կոնսուլտանտի նկատմամբ ջերմությունը հաճախ փոխում են հակառակ զգացումների այն դեպքերում, երբ այլես չեն զգում կոնսուլտանտի հետ փոխհարաբերությունների, ասել է թե՝ թերապիայի կարիքն ու անհրաժեշտությունը։ Հետնաբար այդպիսի դրսևորումը կարող է ծառայել որպես գործընթացն ավարտելու անհրաժեշտության ցուցանիշ:

 

Դիմադրության ուժգնությունից է կախված՝ այցելուն կդադարեցնի՞ հանդիպումները, կհրաժարվի՞ գործընթացից, թե՞ կշարունակի այն։ Կոնսուլտանտը պետք է զգուշանա այն բանից, որ անհաջողության դեպքում մեղքն ամբողջովին այցելուի վրա չբարդի։ Նա պետք է կարողանա օբյեկտիվորեն վերլուծել գործընթացը, քանի որ դիմադրության ուժեղացումը, հետևաբար նաև գործրնթացից հրաժարվելր, կարող է պայմանավորված լինել թերապևտիկ տեխնիկաների ոչ ճիշտ գործադրմամբ։ 
Դիմադրության դրսևորումների ժամանակ կարող է գործադրվել "նկատել, բայց ուշադրություն չդարձնել" հնարքը։ Թույլ կամ չափավոր դիմադրության առկայությունը նորմալ ընթացք է, և դեռևս չի նշանակում, թե այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Դիմադրության այդպիսի դրսևորումները նկատելր կոնսուլտանտին օգնում է զգուշանալ և այդպիսով խուսափել դիմադրության ուժեղացումից։