Ճառագայթային ախտորոշման մեթոդներն ընտրելիս՝ հիվանդները պետք է դիմեն մասնագետների: Ինքնուրույն որոշումների դեպքում հիվանդը վատնում է կրկնակի ռեսուրս՝ ժամանակ ու գումար: «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ը ռադիոլոգիայի զարգացման ու սպասվող ծրագրերի մասին զրուցեց Ռադիոլոգների հայկական ասոցացիայի նախագահ, «Նաիրի» բժշկական կենտրոնի ճառագայթային բաժանմունքի ճառագայթաբան Կոստան Գալումյանի հետ:

-Բժիշկ Գալումյան, ի՞նչ մակարդակի վրա է ռադիոլոգիան Հայաստանում:

-Բժշկության մյուս ճյուղերի հետ համամեմատելու դեպքում՝  կարող ենք ասել, որ ռադիոլոգիան բարձր մակարդակի վրա է: Այն զարգացող ճյուղ է, որը կարելի է դիտարկել երկու` մասնագետների որակավորման ու սարքավորումների հագեցավծության տեսանկյունից: Մասնագետները բավականի կոմպետենտ են ու տիրապետում են Հայաստանում առկա բոլոր սարքավորումներին: ԱՊՀ երկրների հետ համեմատած՝ կարող ենք փաստել, որ մեր երկիրն առաջատար դիրքերում է:

-Մայրաքաղաքի ու մարզերի բժշկական հաստատությունները հագեցա՞ծ են ճառագայթային ախտորոշման անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպե՞ս եք գնահատում մասնագետների պատրաստվածությունը:

-Ելնելով տնտեսական մակարդակից`ախտորոշման մեթոդների զարգացումը Հայաստանում հավասարաչափ չէ: ճառագայթային ախտորոշման կենտրոնների շուրջ 70 տոկոսը մասնավոր են, իսկ սարքավորումները` դրանց սեփականությունը: Սրան զուգահեռ` մասնավոր սեկտորի բժիշկները մասնագիտական տեսանկյունից ավելի զարգացած են: Սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում մարզային բժշկության զարգացմանն ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Առաջիկա երկու տարում առավել կխթանվի շրջաններում տեխնիկական հագեցվածությունը: Նախկինում համակարգչային տոմոգրաֆիա կատարելու համար անհրաժեշտ էր գալ Երևան: Սակայն ներկա պահին համակարգչային տոմոգրաֆ տեղադրված է Գորիսում, Դիլիջանում, երկուսը` Գյումրիում, մոտակա ամիսներին Վանաձորում նույնպես կգործի համակարգչային տոմոգրաֆ:

-Ռադիոլոգիան ունի ենթաճյուղեր` կնշե՞ք ամենաարդիականները: Ինչպե՞ս են դրանք կիրառվում մեր երկրում:

-Ճառագայթային ախտորոշման ամենակիրառվող միջոցներից են` ուլտրաձայնային ու ռենտգեն հետազոտությունները, սոնոգրաֆիան ու մամոգրաֆիան: Կախված ախտորոշման արդյունքում հայտնաբերված փոփոխություններից` ուղղորդում ենք համակարգչային կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության: Ախտորոշումը բարձր մակարդակով իրականացնելու համար՝ նշված հետազոտություններին անհրաժեշտ ամենավերջին սարքավորումները Հայաստանում առկա են: Ավելի դժվարամատչելի ու թանկարժեք սարքավորումներից կարելի է առանձնացնել ՄՌՏ-ն: Սարքավորումները դասակարգվում են տեսլաներով`բժկության մեջ կիրառվող ամենաբարձրը՝ 3 տեսլան է, որը Հայաստանում նույնպես գոյություն ունի: Մեր երկրում կիրառվում է շուրջ վեց 1.5 տեսլա ապարատներ, յոթերորդը տեղադրվում է Արցախում:

-Կա՞ն այնպիսի հետազոտությունների, որոնց ախտորոշման համար հիվանդը ստիպված է մեկնել արտերկիր:

-Աշխարհում լայնորեն կիրառվող ճառագայթային ախտորոշման բոլոր մեթոդները հասանելի են մեր քաղաքացիների համար: Հիվանդները հիմնականում խնդիր չունեն մեկնել արտերկիր, բացառությամբ, օրինակ՝ ՄՌՏ-ի մեկ-երկու ծրագրերի՝ սպեկտրոսկոպիայի ու տրակտոգրաֆիայի բացակայության պատճառով, որը կիրառվում է նեյրովիրաբուժական միջամտություններ իրականացնելու նպատակով: Դրա հրամայականն այսօր մեզ մոտ դրված չէ, քանի որ Հայաստանում ախտորոշումն ավելի առաջ է, քան բուժումը: Այս պատճառով անհրաժեշտ է համաչափ զարգացում: Եթե մենք տալիս ենք ինֆորմացիա, որի լուծումը ներկա պահին չկա` իմաստ չունի այդ թանկարժեք ծրագրերը սարքավորումների մեջ ընդգրկել: Ամեն դեպքում արտասահմանցի գործընկերների հետ մենք խնդիրներ չենք ունենում, քանի որ մեր կողմից տրված ախտորոշումն ընդունելի է նրանց համար:
-Որպես Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ` մասնակցում ու կազմակերպում եք ճառագայթային ախտորոշմանը վերաբերող տարբեր միջոցառումներ: Ի՞նչ նշանակություն ու կարևորություն ունեն դրանք:

-Միջոցառումները նպաստում են ռադիոլոգների ինտեգրմանը: Որպես ՌՀԱ նախագահ` ապագան տեսնում եմ երիտասարդ ռադիոլոգների մեջ, քանի որ նրանք ազատված են մի շարք խնդիրներից, տրապետում են օտար լեզուների: Առանց միջազգային ինտեգրացիայի անհնար է որևէ բան անել: Միջազգային կոնֆերանսները մեր երկրում կազմակերպելն ավելի նպատահարմար է, քանի որ դրսից մասնագետներ հրավիրելն ավելի արդյունավետ է, քան մեկ-երկու մասնագետի ուղարկել արտերկիր՝ վերապատրասվելու համար: Այստող մենք հնարավորություն ունենք հավաքել 150-ից 200 հոգանաց լսարան, և այդ ինֆորմացիան փոխանացել շատերին:

-Ճառագայթային ախտորոշմանը նվիրված` ո՞ր միջոցառումները կառանձնացնեք, և ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:

-Այս տարի կազմակերպված միջոցառումներից կառանձնացնեմ մեր կողմից կազմակերպված մայիսին տեղի ունեցած «Ռադիոգրաֆի 2017» ոչ ֆորմալ ֆորումը, որին ներգրավված էր 500 –ից ավելի մասնակից ԱՊՀ երկրներից: Նրանցից ընդամենը 150 էին Հայաստանից: Սա մեծ արձագանք ունեցավ ԱՊՀ երկրներում: Նախորդ տարի կազմակերպել է երկու Ֆրանս-հայկական ռադիոլոգիալան սիմպոզիում, մեկ` եվրոպական դպրոց՝ պրոֆեսորների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր Ռուսաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահն ու Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի հիմնադիր նախագահը, որը նաև հանդիսանում է ռադիոլոգիական դպրոցի հիմնադիրն ու տասը տարի է նախագահում է այն: Համագործակցության արդյունքում 2018-2019 թվականի ռադիոլոգիական տարին ճանաչվեց Հայաստանի տարի, ինչը մեծ ձեռքբերում է Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի համար, քանի որ մենք չորրորդ երկիրն ենք, որին տրվել է այդ հնարավորությունը: Սա թույլ է տալիս առավել մատչելի պայմաններում մասնակցել Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Նախատեսվում է երիտասարդների առաջխաղացումը խթանող դասընթաց, որին կկարողանա մասնակցել Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի 75 հազար անդամից 1000-ը: Հայաստանին կտրամադրվի 4-5 տեղ դասընթացին մասնակցելու համար:
Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի ֆինանսավորմամբ հաջորդ տարի՝ հունիսի 29-ին, Համահայկական ռադիոլոգիական առաջին կոնգրես խորագրի ներքո կկազմակերպվի սեմինար: Այս նպատակով Հայաստան կժամանի պրոֆեսորների մի խումբ, ինչպես նաև սփյուռքահայ ռադիոլոգներ ու եվրոպացի մասնագետներ: Մեր նպատակն է Հայաստանն ավելի բացել արտասահմանցի գործընկերների համար: Միջոցառումների թեմաներն ընտրվում են՝ ըստ պահանջարկի: Այս տարի այն կնվիրվի որովայնի ու կոնքի օնկոլոգիային: Նախորդ երկու միջոցառումները նվիրված էին ոսկրամկանային համակարգին:

-Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ի՞նչ գործառույթներ է իրականցնում, որո՞նք են գերակա խնդիրները:

-Հայաստանում կա 330 ռադիոլոգ, որոնցից 270 ասոցիացիայի անդամ են: Մեր նպատակն է՝ ստեղծել մեկ միասնական լեզու ու համերաշխ մթնոլորտ մասնագետների փոխհամագործակցության համար: Ասոցիացիան իրականացնում է նաև մարզային այցեր: Առաջին մեկնարկը եղել է Գյումրիում: Դրանք շարունակական բնույթ կկրեն՝ խոշոր մարզերից աստիճանաբար կայցելենք փոքր մարզեր: Մեր նպատակն է մարզերի մասնագետներին ինտեգրել ասոցիացիայի աշխատանքներին: Գերակա խնդիրներից է ինֆորմացիա հավաքել առկա սարքավորումներ վերաբերյալ: Տարիների ընթացքում՝ տարբեր ծրագրերի շրջանակում, մի շարք նվիրատվություններ են եղել՝ հիմնադրամների ու բարեգործների կողմից: Բնականաբար, յուրաքանչյուր սարքավորում շահագործման ընթացքում շարքից դուրս է գալիս, տարբեր մասեր են փչանում, որոնք չեն վերանորոգվում: Մենք փորձում ենք հասկանալ, թե որտե՞ղ, ո՞ր թվականի և ի՞նչ արտադրության սարքավորումներ կան՝ մասերի փոխտեղումներ կատարելու համար: Դա հնարավորություն կտա նվազեցնել չաշխատող սարքավորումների թիվը:

-Բժիշկ Գակլումյան, Ձեր խորհուրդն այն մասրդկանց, ովքեր ճառագայթային ախտորոշման կարիք ունեն:

-Ախտորոշման ընտությունը պետք է կատարել գրագետ՝ հետևելով բժշկի խորհուրդներին: Նույնիսկ, երբ մեր առօրյայում սկսում ենք տարբեր մարդկանց խորհուրդներ լսել, անգամ կենցաղային խնդիրները շատ ավելի բարդ ենք լուծում: Այսօր ամբողջ աշխարհում մարդիկ օգտվում են համացանցում առակա տեղեկատվությունից, որը պարունակում է ընդհանուր ինֆորմացիա առկա մեթոդների վերաբերյալ, ինչը հիմք չէ առաջնորդվելու համար, քանի որ համացանցի միջոցով հնարավոր չէ բուժվել: Կարելի է ընդունել ինֆորմացիան, բայց առաջնորդվել բժշկի ցուցումներով: Եթե կարիք կա ուլտրաձայնային հետազոտության, պետք չէ կատարել ՄՌՏ: Նախ դա շատ թանկ է, բացի այդ չի նշանակում, որ ամեն թանկ բան արդյունավետ է տվյալ խնդրի դեպքում: Ճառագայթային ախտորոշման յուրաքանչյուր մեթոդ ունի իր նպատակը, իսկ ինքնուրույն որոշումների դեպքում հիվանդը կրկնակի ռեսուրս է վատնում:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
28Նոյեմբերի, 2017