Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան (նոյեմբերի 14) ընդառաջ 2015 թվականի նոյեմբեր ամսին տրվեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկը։  Նախատեսվում է  առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետությունում իրականացնել «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները: Ծրագիրն աջակցում է Հայաստանում դիաբետ ունեցող բոլոր երեխաներին և երիտասարդներին:

«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում և շահառուներին հանձնում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարթրիջ դեղաձևով, որոնք իրենց անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում:
Հնգամյա պայմանագրով ամրագրված հումանիտար բաղադրիչով նախատեսվող ծրագրի շրջանակում հանրապետությունում ստեղծված դիաբետի ուսուցման 4 կենտրոնները կապահովվեն ժամանակակից սարքավորումներով, Դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով, միաժամանակ կիրականացվեն նաև մասնագետների վերապատրաստումներ։
Շահառուների` դեղերով ապահովվածության մակարդակը բարձրացնելը և անխափան մատակարարում իրականացնելը հնարավոր է դարձել անմիջապես դեղ-արտադրող կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու արդյունքում:

Ելենա Աղաջանովա. ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի համակարգող

-Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ 2015 թ. դեկտեմբերի տվյալների համաձայն` Հայաստանում այսօր գրանցված են առաջին տիպի շաքարային դիաբետով 0-22 տարեկան 474 երեխաներ և երիտասարդներ: Ինսուլինային անբավարարության դեպքում երեխաները մշտապես օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումների կարիք են ունենում: Այդ երեխաները, ինչպես նաև մեծահասակները, այսօր արդեն ապահովված են եվրոպական արտադրության մարդկային ինսուլինով: Ինսուլինային անալոգները, որոնք այսօր առկա են նաև մեր երկրում, ավելի մոտ են բնական ինսուլինի ֆիզիոլոգիական արտադրմանը:

Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, քանի որ ժամանակակից աշխարհում ընդունված է դիաբետը հարմարեցնել անձի կյանքի բնականոն ընթացքին, և ոչ հակառակը: Այս կերպ հնարավոր է դառնում կանխարգելել նաև խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շնորհիվ գրեթե բոլոր շահառուներն ապահովված են  ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն բարելավում են դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։


Ինսուլինային անալոգների դեպքում փոխված է դրանց ժամային ազդեցությունը և տեսակը: Այս կերպ կանխարգելվում են շաքարի իջեցումները, որոնք կարող էին առաջանալ սննդի ռեժիմի խախտման հետևանքով: 
Ինսուլինի ժամանակակից այս տարբերակները հնարավորություն են տալիս տասնյակ տարիներով հետաձգել կամ կանխել շաքարային դիաբետի բարդությունները` անոթային և նյարդային:
Այս ներարկիչները չունեն բժշկական գործիքի տեսք, թույլ են տալիս ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, կարելի է ներարկումները կատարել առանց ծնողի օգնության, ցանկացած վայրում՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում: Գրիչ-ներարկիչները չեն պահանջում պահպանման հատուկ պայմաններ, դրանք կարելի է պահել գրպանում, պայուսակի մեջ և այլն: Կարևոր է այն հանգամանքը, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կրճատվում են ինսուլինի կորուստները։

Մեր պետության և Առողջապահության նախարարության կարևորագույն նպատակներից է ձգտել հնարավորինս հեշտացնել դիաբետով հիվանդների և, առաջին հերթին, հիվանդ երեխաների կյանքը։ Մենք փորձում ենք կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը և նրանց կյանքի որակն էականորեն բարելավել` ներդնելով և կիրառելով ժամանակակից մոտեցումներ:

Ասեմ, որ բավական բարդ էր նման սահմանափակ բյուջեի և հնարավորությունների պարագայում հասնել նրան, որ ծրագիրն այսօր գործի ամբողջ ծավալով: Ծրագրի ամենամեծ առավելությունը նաև այն է, որ Հայաստանում առաջին անգամ երեխաներն ապահովվեցին գլյուկոհեմոգլոբինի անալիզատորներով` իրենց թեստ-ժապավեններով, որոնք հնարավորություն են ընձեռում չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն օրվա ցանկացած ժամին:

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
Կազմեց Ամալյա Գրիգորյանը
15 հունիսի, 2016