Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն տարբերում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում և զարթնում են, երբ ուզում են: Որոշ փոքրիկներ քնում են օրական մինչև 20 ժամ, մյուսներին բավարարում է 12 ժամը: Այդ հասակում պետք չէ նրանց արթնացնել, թող քնեն այնքան, որքան ուզում են:
Մանական օրգանիզմի կենսաժամացույցը կորոշի, թե երբ է փոքրիկը քնելու: Հետագայում դուք ինքներդ այդ նույն ժամին կքնեցնեք նրան: Քնելուց մեկ ժամ առաջ լավ կլինի փոքրիկին հեռու պահել ուժեղ աղմուկից և զվարճություններից: այդ ժամանակ կարելի է նրան լողացնել, կերակրել, փոխել տակաշորը և պառկեցնել մահճակալին: Երեխաներին շատ է դուր գալիս, երբ քնելուց առաջ օրորում են կամ օրորոցային երգում:
Գիշերվա ընթացքում, ձեռքը փորիկին կամ կռնակին դնելով, ստուգեք, արդյոք երեխան չի՞ մրսում: Եթե զգաք, որ նա մրսում է կամ շոգում, ավելացրեք կամ պակասեցրեք ծածկոցների մի մասը: Որոշ երեխաներ մթից վախենում են, այդ պատճառով մահճակալից քիչ հեռու միացրած պահեք գիշերային լամպը:

Շարունակական անհանդուրժողականություն քնի նկատմամբ

Մինչև 3 ամսական հասակը գազերից տանջվող և հաճախակի ճչացող երեխաները չեն սիրում քնել: Մինչ այդ, երբ երեխան տանջվում էր գազերից, նրան գրկում էին և դա հանգստացնում էր նրան, ինչն իր հերթին հանգստացնում էր նաև մորը: Բայց երբ արդեն երեխան 3-4 ամսական է, մայրը սկսում է հասկանալ, որ նա լաց է լինում արդեն ոչ ցավի, ոչ էլ վախի պատճառով: Նրա լացը արդեն դարձել է բարկացած ու պահանջկոտ: Նա պահանջում է, որ իրեն գրկեն, որովհետև արդեն սովորել է դրան և կարծում է, որ նման ծառայությունները սահմանված են իր համար: Այդպիսի երեխան իրեն աստիճանաբար վարժեցնում է չքնել մինչև երեկոյան ժամը 9-ը, 10-ը, 11-ը կամ նույնիսկ մինչև կեսգիշեր: Մայրերը պատմում են, որ հաճախ երեխայի աչքերը փակվում են անքնությունից, գլուխը հակվում է ուսի վրա, սակայն նա զայրացած ճիչով զարթնում է, հենց որ ինքը ուզում է նրան մահճակալի մեջ դնել:
Քնելու խնդիրը հյուծում է և մորը և երեխային: Երեխան ցերեկները դյուրագրգիռ է դառնում, ախորժակը կարող է վատանալ: Ծնողներին ավելի ու ավելի են բարկացնում երեխաների սարքած ամենօրյա ներկայացումները, բայց կարող է նրանք չգիտեն` ի՞նչ անել: Դժվար չէ երեխային հետ վարժեցնել այդ սովորությունից, եթե ծնողները հասկանան, որ նույնքան վնասում են երեխային, որքան իրենց: Լուծումը շատ պարզ է` սովորական ժամին երեխային անկողին դրեք, մեղմ ձայնով բարի գիշեր մաղթեք նրան, մնացեք նույն սենյակում և զբաղվեք Ձեր գործերով: Ձեր ներկայությունը կօգնի, որ երեխան իրեն ապահով զգա և շուտ քնի:

Ամեն գիշեր արթնացող երեխան

Այդպիսի երեխան հաճույքով մտնում է անկողին և անմիջապես քնում, բայց գիշերվա ընթացքում անպայման արթնանում է: Սակայն երբեմն այդ սովորությունն առաջանում է մրսածության կամ ականջի հիվանդության ժամանակ, երբ երեխան իրոք արթնանում է ցավից: Հետագայում, թեև հիվանդությունն արդեն անցնում է, ծնողները շարունակում են գիշերը վեր թռչել և վազել նրա մոտ, հենց որ երեխան տզզա: Երբեմն գիշերները արթնանալու սովորությունն առաջանում է, երբ երեխան ատամները հանում է ցավով: Բոլոր երեխաները, ինչպես նաև մեծերը, գիշերները մի քանի անգամ արջնանում են, որպեսզի փոխեն իրենց դիրքը: Եթե երեխան արթնանում է, կուրծք տվեք նրան և նա հանգիստ կքնի:

Ինչպե՞ս պառկեցնել փոքրիկին քնելու

- Սովորեցրեք երեխային քնել տնային սովորական ցածր աղմուկի տակ: Հետագայում քնելու համար նա բացարձակ լռության կարիք չի զգա:

- Մահճակալի մեջ խաղալիքներ դրեք, նա դրանցով կխաղա, եթե ժամանակից շուտ զարթնի:

- Ուշ երեկոյան երեխային երկար մի՛ կերակրեք, պայծառ լույս մի՛ վառեք և քնելուց առաջ մի՛ զվարճացրեք նրան:

- Աշխատեք այնպես անել, որ մահճակալը Ձեր երեխային հիշեցնի միայն քնելու մասին: