Հոկտեմբերի 29-ը Պսորիազի միջազգային օրն է: Պսորիազն անբուժելի հիվանդություն է, որն ունի գենետիկ նախատրամադրվածություն: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնի մաշկավեներաբան Էդուարդ Ավագյանը Doctors.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ հնարավոր չէ ազդել պսորիազի առաջացման պատճառների վրա, բայց կարող ենք ազդել դրա զարգացման մեխանիզմների վրա:

Բժիշկին խնդրեցինք ներկայացնել հիվանդության առաջացման պատճառներն ու բուժման ձեւերը:

Պսորիազն ունի գենետիկ նախատրամադրվածություն

Եթե պացիենտն ունի պսորիազի գեներ, ապա հավանականություն կա, որ նրա մոտ կարող է զարգանալ պսորիազ:

Եթե ծնողներից մեկն ունի պսորիազ, ապա երեխայի մոտ այդ հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է 8 տոկոս, եթե երկու ծնողներն ունեն, ապա այդ թիվը կարող է հասնել մինչեւ 41 տոկոսի, եթե երեխայի քույրը կամ եղբայրն ունեն պսորիազ, ապա հիվանդության զարգացման հավանականությունն ընդամենը 6 տոկոս է:

Սակայն միայն գեները քիչ են, որպեսզի մարդու մոտ զարգանա պսորիազ: Պետք է միջավայրի ազդեցությունը, որպեսզի այդ գեներն ակտիվանան: Առաջին հերթին դա սթրեսն է, մաշկի վնասվածքները, ինֆեկցիաները: Պսորիազ կարող է առաջանալ նաեւ որոշ դեղերի օգտագործումից: Օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներին նշանակվող՝ ճնշում իջեցնող որոշ դեղեր հակացուցված են պսորիազի դեպքում:

Պսորիազը վարակիչ հիվանդություն չէ

Պսորիազով հիվանդի հետ շփվելը, նրան ձեռք տալը բացարձակ անվտանգ է: Առողջ մարդիկ պետք է հասկանան, որ խուսափելով պսորիազով մարդու հետ շփումից, լրացուցիչ նյարդային սթրեսի են ենթարկում նրանց՝ այդ կերպ ավելի խորացնելով հիվանդությունը:

Ինչպես է դրսեւորվում պսորիազը

Հասարակ կամ դասական պսորիազն արտահայտվում է մաշկի մակերեսից մի փոքր բարձր օջախների՝ կարմրավարդագույն վահանիկների առաջացմամբ, որոնք պարտադիր ծածկված են լինում սպիտակավուն կամ արծաթագույն թեփուկներով:

Ցանը կարող է առաջանալ մարմնի բոլոր հատվածների մաշկին, բայց պսորիազն ունի իր «սիրելի» լոկալիզացիան, որտեղ ավելի հաճախ է հանդիպում: Դրանք են՝ վերջույթների, մասնավորապես՝ արմունկների եւ ծնկների տարածիչ մակերեսները, գլխամաշկի մազածածկ հատվածը: Պսորիազը հանդիպում է նաեւ սեռական օրգանների եւ պոչուկի շրջանում:

Գլխամաշկի մազածածկ հատվածում պսորիազը շատ հաճախ դժվար է լինում դիֆերենցել, քանի որ այն շատ նման է սեբորեային մաշկաբորբին: Երբեմն էլ որոշ բժիշկներ սխալմամբ սնկային ախտահարումների հետ են շփոթում:

Գլխամաշկի պսորիազը շատ հաճախ արտահայտվում է քորով, բայց մարմնի մնացած հատվածներում քորը բնորոշ չէ:

Պսորիազն անբուժելի հիվանդություն է

Պսորիազը, ցավոք, անբուժելի է: Հնարավոր չէ վերջնականապես ձերբազատվել հիվանդությունից, որովհետեւ դրա զարգացման մեխանիզմներն այնպիսին են, որ մենք չենք կարող ազդել, բայց կարող ենք բուժել սրացումները:

Հիմնականում նշանակվում են տեղային հակաբորբոքային միջոցներ, որոնցից շատերը հորմոնալ դեղեր են:

Եթե հիվանդները ստանում են դեղորայքային բուժում եւ կարողանում են հետեւել բժշկի խորհուրդներին՝ հեռու մնալ նյարդային սթրեսներից, մաշկային վնասվածքներից, ինֆեկցիաներից, ապա պսորիազի զարգացումը հնարավոր է լինում մեղմել:

Մոցարտաթերապիան ներշնչանք է

Քանի որ պսորիազը մեծապես կապված է հոգեբանական ֆակտորի հետ, ապա երաժշտությամբ փորձ է արվում ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա՝ բերելով այն ներդաշնակության: Բայց դա, իհարկե, ընդամենը ներշնչանք է:

Որքան հաճախ է պետք այցելել բժշկի

Պսորիազը քրոնիկ կրկնվող հիվանդություն է, եւ հիվանդները պետք է մշտապես գտնվեն մաշկաբանի հսկողության տակ: Այցելությունը բժշկի կատարվում է սրացումներից սրացում: Քանի որ պսորիազը սրող գործոնները շատ են, ապա ցանկալի է կապը բժիշկի հետ միշտ պահել:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը