Անզգայացումը հաճախ պացիենտներին ավելի է վախեցնում, քան բարդ վիրահատությունները: Չէ՞ որ դրա վերաբերյալ միֆերն այնքան շատ են… Doctors.am-ը գնացել է դրանց հետքերով եւ պարզել, թե անզգայացման ինչ տեսակներ կան, ինչպես են դրանք իրականացվում եւ, ի վերջո, հնարավո՞ր է վիրահատության ընթացքում դուրս գալ անզգայացումից:

Մեր հարցերին պատասխանել է «Ուիգմոր Քլինիքի» բժիշկ-անեսթեզիոլոգ Անուշավան Սաֆարյանը:

1. Անզգայացումն ու դրա տեսակները

Անզգայացումը (անեսթեզիա) ստեղծվել է պացիենտին վիրահատական ագրեսիայից պաշտպանելու համար: Դրա արմատները գնում են շատ հեռու՝ ինկերի եւ մայաների ժամանակներ, երբ կակաչի սերմեր ուտելով մարդիկ ցավազրկվել են, ու կատարվել են պարզագույն վիրահատական միջամտություններ: Գիտության եւ տեխնիկայի զարգացման ընթացքում անզգայացումը կատարելագործվել է եւ հասել այն մակարդակին, որն ունենք այսօր:

Անզգայացումը գործողությունների համալիր է, որն իրականացվում է բժիշկ-անեսթեզիոլոգի կողմից՝ պացիենտին ցավից զերծ պահելու համար:

Գոյություն ունի տեղային եւ ընդհանուր անզգայացում: Վերջինն առավել շատ է գործածվում: 

Ընդհանուր անզգայացումն իրականացվում է մի քանի փուլերով: Նախ, մինչ անզգայացումը անեսթեզիոլոգը զրուցում է պացիենտի հետ, անամնեստիկ տվյալներ է հավաքում՝ ինչ գանգատներ ունի պացիենտը, ինչի պատճառով է դիմել  բուժօգնության, ուղեկցող ինչ հիվանդություններ ունի, ինչ դեղորայք է օգտագործում եւ այլն: Այնուհետեւ պացիենտին քայլ առ քայլ բացատրվում է, թե ինչ է սպասվում, այսինքն՝ բարոյահոգեբանորեն տրամադրում ենք նրան պրոցեդուրային: Երեխաների դեպքում հիմնականում արվում է պրեմեդիկացիա, որպեսզի նա սթրես չապրի: Երեխային նախապես տալիս ենք հանգստացնող դեղ, որից հետո տանում վիրահատարան:

Ընդհանուր անզգայացումն իրականացվում է հինգ Ա-երի կանոնի համաձայն: Դրանք են՝

1. Անքսիոլիզ – հանգստանցում ենք պացիենտին՝ մինչ վիրահատարան տանելը: Պացիենտը գնում է վիրահատարան, բայց չի հիշում այդ ընթացքը, բացասական լիցքեր չի ունենում:

2. Ամնեզիա-  արվում է ներերակային անէսթետիկներով: Պացիենտին ուղղակի քնացնում ենք:

3. Անալգեզիա - ցավազրկում, որի համար օգտագործվում են տարբեր խմբի դեղամիջոցներ, հիմնականում օփիոդային խմբի նարկոտիկ ցավազրկողներ:

4. Ադինամիա կամ անշարժացում - ներարկվում են դեղերի խումբ, որոնք թուլացնում են մկանների որոշ խումբ (սիրտն, օրինակ, չի թուլանում): Մկանների թուլացումը նպատակ ունի վիրաբույժների աշխատանքը հեշտացնելու:

5. Առեֆլեքսիա - օրգանիզմում կան ռեֆլեքսոգեն զոնաներ, որոնք եթե  չանզգայացվեն, կարող են բարդություններ առաջանալ (օրիանկ՝ սրտի աշխատանքի խանգարումներ, ճնշման տատանումներ եւ այլն):

Կա անգզայացման մեկ այլ տեսակ՝ սպինալ կամ էպիդուրալ անզգայացում, որի ժամանակ ողնուղեղային տարածությունում ներարկվում է դեղ, եւ պոռտի մակարդակից ներքեւ՝ մարմինն անշարժանում է եւ անզգայանում: Ստորին վեջույթների վիրահատությունների ժամանակ սպինալ անզգայացումը համարվում է ոսկե ստանդարտ, եթե հակացուցումներ չկան:

Էպիդուրալ անզգայացումն ավելի շատ կիրառվում է հետվիրահատական ցավազրկման համար, երբ հետվիրահատական շրջանում պացիենտին սպասվում են լուրջ ցավեր: Այս դեպքում էպիդուրալ տարածությունում տեղադրվում է հատուկ խողովակ՝ կատետր, որով ցավազրկող դեղորայքն անընդմեջ ներարկվում է:

2. Չարթնանալ անզգայացումից. հնարավո՞ր է

Նախորդ դարի 40-50-ական թվականներին եղել է անզգայացման մի տարբերակ՝ եթերային նարկոզ, որից կարող էին լուրջ բարդություններ լինել: Սակայն ժամանակակից  անեսթեզիան ներառում է բոլոր օրգան համակարգերի վերահսկողություն, եւ մարդկանց այն պնդումները, թե, իբր, մարդը քնել ու չի արթնացել նարկոզից, դասական անզգայացման պրակտիկայում չեն հանդիպում: Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, դեղորայքի դոզան հաշվարկվում է  հստակ, ապա նման բան հնարավոր չէ:

3. Հնարավո՞ր է արթնանալ ժամանակից շուտ

Սովորաբար, երբ հասնում ենք վիրահատության վերջին էտապին, եւ դրվում են վերջին կարերը, վիրահատությունից 10 րոպե հետո պացիենտը լինում է արթուն, պարզ գիտակից: Այնպես չէ, որ անեսթեզիոլոգը դեղը ներարկեց, եւ վերջ: Գոյություն ունի անեսթեզիայի պահպանում, որի ընթացքում մենք պարբերաբար պացիենտին ցավազրկում ենք, ներարկում մկանները թուլացնող դեղորայք, եւ հաշվելով ժամային գրաֆիկները, նյութափոխանակությունը, պարբերաբար ավելացնում ենք դեղերը այն հաշվարկով, որ վիրահատության ավարտից մաքսիմում 10 րոպե հետո պացիենտը պետք է արթուն լինի: Ճիշտ իրականացվող ազնգայացման պայմաններում բացառվում է, որ պացիենտը ցավ զգա կամ ինչ-որ բան տեսնի կամ հիշի:

4. Անզգայացումն ո՞ւնի հակացուցումներ

Ընդհանուր անզգայացման մեջ հակացուցումներ, որպես այդպիսին, չկան: Կախված է, թե վիրահատությունն ինչ ցուցումով է արվում: Օրինակ, եթե մարդու կյանքը փրկելու համար է, ապա անեսթեզիոլոգն իրավունք չունի անզգայացում չկատարել: Այս պարագայում գնահատվում են ռիսկերը, որոնք սահմանված են Անեսթեզիոլոգների ամերիկյան ասոցիացիայի կողմից, դրանք ներկայացվում են հարազատներին, եւ եթե նրանք համաձայն են, ապա գրավոր հաստատում են դա, եւ վերջ:

Բոլոր քրոնիկ հիվանդությունները՝ դեկոմպենսացիայի փուլում, սրտամկանի սուր ինֆարկտը, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը սուր թրոմբներով, թրոմբոֆլեբիտներով եւ այլն, սյս բոլորը կարող են բարդություններ առաջացնել եւ մեծացնել ռիսկերը:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը