Օնկոօրթոպեդիայի, ոլորտի առկա խնդիրների և հաջողությունների մասին Doctors.am-ը զրուցեց ուռուցքաբան, օնկոօրթոպեդ, Նաիրի ԲԿ–ի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանի հետ:

Բժիշկ Գալուստյան, ի՞նչ է իրենից ներկայացնում օնկոօրթոպեդիան և որքա՞ն ժամանակ է, ինչ ծառայությունը՝ որպես նեղ մասնագիտացում, գործում է նաև Հայաստանում:

Օնկոօրթոպեդիան զբաղվում է ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքների, ուռուցքանման գոյացությունների բուժմամբ: Սա ընդհանուր օնկոլոգիական հիվանդացության մեջ զբաղեցնում է ոչ այնքան մեծ ծավալ՝ շուրջ 2-3%, սակայն այստեղ ցավոք, բավական մեծ է երեխաների, երիտասարդների հիվանդացության տոկոսը և այդ պատճառով այս խնդիրը բավական մեծ սոցիալական նշանակություն ունի:

Մեր մասնագիտությունը Հայաստանում զարգացում է ապրում վերջին տասնամյակներում. կարելի է համարել բժշկության համեմատաբար երիտասարդ ճյուղ: Հայաստանում այն սկիզբ առավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ արդեն 2014 թվականից «Նաիրի» ԲԿ-ի բազայի հիման վրա ստեղծվեց օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայություն, որն այժմ ես ղեկավարում եմ:

Մենք զբաղվում ենք բոլոր տեսակի ուռուցքների վիրահատական բուժմամբ, նաև սերտ համագործակցում ենք քիմիաթերապևտների և ճառագաթային թերապևտների հետ, և այն դեպքերում երբ բուժման սխեմայում պարտադիր պետք է կիրառվեն նաև ոչ վիրահատական մեթոդները, դրանք կիրառվում են միջազգային բոլոր ուղեցույցերին համապատասխան:

Լինելով համեմատաբար երիտասարդ ուղղություն, մեր երկրում արդեն կա՞ն գրանցված որոշակի հաջողություներ՝ հիվանդների ապրելիության ցուցանիշի բարձրացման, կյանքի որակի ավելացման (նախկինում, ոսկրային հյուսվածքների ուռուցքային ախտահարումների դեպքում, ցավոք, անխուսափելի էր անդամահատումը, ի՞նչ կասեք  ներկայի մասին):

Իհարկե, արդեն իսկ ունենք որոշակի նվաճումներ: Եթե խոսենք ոսկրերի չարորակ գոյացությունների մասին, ապա շատ դեպքերում, ի ուրախություն,  մեզ հաջողվում է խուսափել հաշմող վիրահատություններից:

Որպես կանոն, այսօր չարորակ ոսկրային ուռուցքներով տառապող հիվանդներին հաջողվում է անցկացնել արմատական վիրահատական բուժում՝ պահպանելով ախտահարված վերջույթը: Դա, որպես կանոն, իր արմատականությամբ չի զիջում հաշմող վիրահատություններին և բացասաբար չի ազդում հիվանդների ապրելիության ցուցանիշի վրա: Արդեն ունենք բավական մեծ թվով հիվանդներ, որոնք համարվում են բուժված չարորակ ոսկրային ուռուցքից:

Այստեղ պետք է կարևորել նաև հակաուռուցքային դեղորայքային բուժման՝ քիմիաթերապիայի դերը, և շնորհիվ նախավիրահատական բուժման, մեզ շատ հաճախ հաջողվում է պահպանել վերջույթը և ավելին՝ այդ վերջույթի ֆունկցիան գեթե չի տարբերվում նորմալ վերջույթի աշխատանքից:

Շնորհիվ նման մուլտիդիսցիպլինար մոտեցման, բուժման մեջ ընդգրկելով մի քանի տարբեր մասնագետների ջանքեր, հաջողություն ունենք հասնել շատ ավելի շոշափելի արդյունքների, քան նախկինում:

Ի՞նչ կասեք բարորակ գոյացությունների դեպքերի մասին:

Բարորակ ուռուցքների դեպքում, ներկայում մենք ունենք հնարավորություն կատարել վիրահատական միջամտություններ և ապա ուռուցքը հեռացնելուց հետո հնարավոր է դարձել վերականգնել առաջացած դեֆեկտները բոլոր տեսակի պլաստիկ նյութերով՝ և՛ սեփական ոսկրի, և՛ ոսկրանյութերի միջոցով:

Ստացվում է, մեկ վիրահատության ընթացքում և՛ ուռուցքն է հեռացվում, և՛ կատարվում է առաջացած դեֆեկտի շտկու՞մ:

Որպես կանոն, դեֆեկտի շտկումը կատարվում  է միանվագ, այսինքն՝ ուռուցքի հեռացում և անմիջապես ռեկոնստրուկցիա, սակայն լինում են դեպքեր, երբ դեֆեկտի վերականգնման համար անհրաժեշտ են անհատական էնդոպրոթեզներ, որոնց միջոցով պետք է վերականգնվի ոսկրի բացակա հատվածը: Այս դեպքերում, երբ գործ ունենք արագ աճող ուռուցքի հետ, երբ կա վտանգ ուռուցքի տարածման, մենք կատարում ենք ժամանակավոր սարքի տեղադրում, որը թույլ է տալիս խուսափել վերջույթի կարճացումից, իսկ 2 ամիս անց արդեն իրականացնել վիրահատության երկրորդ փուլը:

Օնկոլոգները, տարբեր ուռուցքային հիվանդությունների զարգացման համար մի քանի հիմնական պատճառներ են նշում՝ կենսակերպ, ուրբանիզացիոն խնդիրներ և այլն, այս դեպքում կա՞ն արդյոք գործոններ, որոնց կանխարգելումը կհանգեցնի հիվանդացությունների թվի կրճատման:

Ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների դեպքում չկան օրինակ ապրելակերպի կամ սննդային գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը: Միակ բացառությունը կազմում են մետաստատիկ ուռուցքները, որոնք առաջանում են մեկ այլ չարորակ ուռուցքի տարածման հետևանքով: Այս իմաստով, որքան նվազեն առաջնային ուռուցքները (թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, որոնք ի դեպ, մի շարք գործոններով են պայմանավորված), այնքան կնվազեցնենք այս դեպքերը:

Ներկայացրեք, խնդրեմ, ինչպե՞ս է կատարվում ոսկրային դեֆեկտի վերականգնումը: Ի՞նչ գործընթաց է սա:

Ոսկրային դեֆեկտների վերականգնման համար այսօր մենք կիրառում նք աշխարհում ընդունված և հաջողություն գրանցած բոլոր մեթոդները, այն է՝ էնդոպրոթեզավորում անհատական էնդոպրոթեզների միջոցով, որոնք պատվիրվում են հիվանդի տվյալներին համապատասխան և հատուկ իր համար համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից:

Կատարում ենք բոլոր խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում ոչ թե սովորական տարբերակով, որ կիրառվում է օրթոպեդիայում՝ արթրոզների բուժման համար, այլ  կատարվում է մեգաէնդոպրոթեզավորում, երբ վերականգնվում է հոդի և ոսկրի բավական մեծ հատված:

Երեխաների դեպքում, ում սպառնում է ամպուտացիա, օստեոսարկոմաների ժամանակ մենք կատարում ենք ծնկահոդի և հարակից ազդրոսկրի լայնածավալ հեռացում, ապա՝ էնդոպրոթեզավորում, և այս վիրահատությունը թույլ է տալիս պահպանել աշխատող վերջույթը:

P.S.

“ Չէի ցանկանա ամպագորգոռ հայտարարություններ հնչեցնել, թե պացիենտների կյանքի որակը բնավ չի տուժում բուժման ընթացքում, բնական է, որ այդ ողջ ընթացքի սթրեսը և ապրումները բավական մեծ հետք են թողնում, սակայն ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կարողանում ենք հիվանդության թողած հետքը հասցնել նվազագույնի:,,

Բժշկի կատարած վիրահատությունների արդյունքներին Doctors.am-ը ծանոթացավ տեսանյութերի միջոցով, երբ ոսկրի բավական մեծ հատվածի հեռացումից և վերականգնումից հետո դժվար նշմարելի է, որ անձը երբևէ ունեցել է նման խնդիր: Կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Գալուստ Գալուստյանի մասնագիտական էջը Ֆեյսբուքում՝ www.facebook.com/bonepathology

Աղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան