Doctors.am-ը զրուցեց սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:

- Բժիշկ Հակոբյան, էրեկցիայի խանգարումները, թերևս, առաջին ազդակներից են, որ զույգի մոտ կան որոշակի խնդիրներ, կամ տղամարդու մոտ՝ սեռական առողջության խանգարում: Որքա՞ն հաճախ են Ձեզ դիմում այս հարցով:

- Էրեկտիլ դիսֆունկցիան կամ էրեկցիայի խանգարումը սեքսոլոգիական պրակտիկայում ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է: Որպես բժշկին դիմելու պատճառ, տղամարդկանց սեքսուալ խանգարումների կառուցվածքում առաջին տեղն են զբաղեցնում էրեկցիայի խանգարման գանգատները: Որոշ երկրների վիճակագրությամբ առաջին տեղը զբաղեցնում է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը:

- Պատճառները կարող են լինել և՛ հոգեբանական, և՛ ֆիզիոլոգիական: Խնդրում եմ, մանրամասնել մի փոքր:

- Այո, այս խնդիրը ունի մի քանի պատճառ. և՛ կինը, և՛ տղամարդը էրեկցիային տալիս են մեծ կարևորություն, ուստի և այս պրոցեսը դառնում է շատ խոցելի հոգեբանական տարբեր ազդակների նկատմամբ:

Պետք է նկատել, որ էրեկցիայի պրոցեսն, ինքնին, օրգանիզմի ամենապաշտպանված ֆիզիոլոգիական պրոցեսներից մեկն է: Ֆիզիոլոգիական առումով, շատ դժվար է վնասվում այս պրոցեսը, պետք է լինեն լուրջ անատոմիական, սոմատիկ հիվանդություններ, որպեսզի այն խաթարվի, սակայն միաժամանակ այն նաև շատ խոցելի է տարաբնույթ ոչ սոմատիկ գործոնների նկատմամբ:

Գոյություն ունի էրեկտիլ կուլտի գաղափար. երբ սեռական հարաբերության որակը, տղամարդկությունը կապում են էրեկցիայի հետ, այսպիսով, դարձնելով այն շատ խոցելի տարբեր հոգեբանական ազդակների նկատմամբ:

Հետաքրքրական է, որ երիտասարդ տարիքում էրեկցիայի խանգարւմներն առավելապես պայմանավորված են ֆունկցիոնալ գործոններով, ավելի հասուն տարիքում՝ օրգանական պրոցեսներով: Սեռական ֆունկցիան ընդամենը օրգանիզմի ընդհանուր առողջության մի մասն է կազմում: Սիրտ-անոթային խնդիրները, զարկերակային գերճնշումը, անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումները, դիաբետիկ անգիոպաթիաները, խրոնիկական հիվանդությունների ժամանակ կիրառվող շատ դեղորայքներ կարող են սեռական առողջության խանգարումներ առաջացնել:

Ֆունկցիոնալ վնասող ազդակները բավական շատ են, կապված անձի տրամադրվածության հետ դեպի սեռական հարաբերությունը. որքան շատ է լարվում, որքան շատ է կարևորում նա այդ պրոցեսը, որքան շատ սպասված և պլանավորված է, այնքան ավելի հավանական է, որ կարող է առաջանալ էրեկցիայի խանգարում՝ արգելակման մեխանիզմով:

Էրեկցիան մեծապես կախված է նաև զուգընկերուհու պահվածքից, վերբալ հաղորդկցության դժվարությունից: Յուրաքանչյուր խոսք, ռեպլիկ, կաշկանդված և\կամ հակառակը՝ շատ ազատ պահելաձևը տղամարդու մոտ կարող են արգելակում առաջացնել:

Ամեն հաջորդ անհաջող փորձ հանգեցնում է էրեկցիայի խանգարման խորացման: Ուստի ճիշտ է ոչ թե փորձելու համար դիմել տարաբնույթ սեռական հարաբերությունների, այլ հենց առաջին պահից սկսած դիմել մասնագետի օգնությանը:

- Նախկինում, էրեկցիայի հետ կապված բոլոր խնդիրներն ընդունված էր կոչել «իմպոտենցիա»: Հետագայում արդեն առաջ եկավ էրեկտիլ դիսֆունկցիա տերմինը: Անունն, ինքնին, ահաբեկող է, այդպես չէ՞:

- Ճիշտ եք նկատում: Իմպոտենցիա բառը խիստ բացասական, յաթրոգեն /բժշկի խոսքից առաջացած հիվանդություն/  ազդեցություն է թողնում տղամարդու վրա: Վաղուց արդեն բժշկությունը և բժշկական գրականությունը հրաժարվել են այս տերմինի գործածումից: Բառն ինքը, ամբողջությամբ չի նկարագրում, թե սեռական գործունեության ո՞ր փուլն է խանգարված: Իմպոտենցիա տերմինը մարդկանց մոտ առաջացնում է անվերադարձ կորստի զգացողություն:

- Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումն էրեկցիայի խանգարումների ժամանակ: Սա բա՞րդ գործընթաց է:

- Ուրախությամբ պետք է փաստել, որ ֆուկցիոնալ սեքսուալ խանգարումների բուժման արդյունավետությունը բավականին բարձր է: Բուժումը ենթադրում է հիմնականում դեղորայքային մեթոդների կիրառում: Վաղ դիմելու պարագայում, երբ խնդիրը դեռ խորացած չէ, բուժումն անհամեմատ ավելի հեշտ և արագ կընթանա: Երբեմն նույնիսկ առաջնային խորհրդատվությունը բավարար է լինում խնդրի լուծման համար:

Պացիենտի համար շատ կարևոր է նաև բժշկի խոսքը: Հարկավոր է հենց սկզբից նրան շատ հասկանալի ձևով բացատրել խնդրի ծագումնաբանությունը: Պացիենտը, իմ համոզմամբ, պետք է լիարժեք մասնակից լինի բուժման պրոցեսին, յուրաքանչյուր պրեպարատի և բուժական միջոցի օգտագործում պետք է լինի հիմնավորված և պացիենտի համար հասկանալի:

- Ո՞րն է ըստ Ձեզ լավագույն բանաձևը՝ ապրել առողջ սեռական կյանքով և խուսափել կամ հեշտությամբ հաղթահարել էրեկցիայի խանգարումները:

- Առաջին հերթին դրանք առողջ ապրելակերպը խրախուսող խորհուրդներն են` խուսափել վնասակար սովորույթներից, սակավաշարժությունից, ավելորդ քաշից, անպաշտպան սեռական հարաբերություններից, ունենալ ռեգուլյար սեռական կյանք: Ամբողջ աշխարհում խրախուսվում են մշտական զուգընկերային հարաբերությունները/ օրինակ ամուսնական/ ` հնարավորինս պրոմիսկուետի /զուգընկերների անընդհատ փոփոխություն/ բացառումը: Դա շատ ավելի ապահով է, զույգի համար ստեղծում է հոգեսեքսուալ կոմֆորտի զգացողություն:

Փոխադարձ կապվածությունը, վստահությունը, ինչպես նաև ճիշտ ժամանակին խնդրի դեպքում մասնագետի օգնությունը հենց էրեկցիայի խանգարումների պրոֆիլակտիկան են:

 

 

 


Աղբյուրը՝ Doctors.am

15 հոկտեմբերի, 2016