Ծնողների ամուսնալուծությունը լուրջ ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան աշխարհի վրա: Ինչպե՞ս խուսափել լուրջ բարդություններից և խնդիրներից: Այս թեմայով Doctors.am-ը զրուցել է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Նաիրա Մարտիրոսյանի հետ: 

-Ի՞նչ է տեղի ունենում երեխաների հետ, մինչ  ծնողները պարզում են իրենց հարաբերությունները:

-Բաժանությունների ազդեցությունը երեխաների վրա սովորաբար ակնհայտ է լինում և հնարավոր չէ խուսափել բացասական հետևանքներից, անգամ եթե ծնողները շատ հետևողական են լինում: Երկու կողմն էլ պետք է մտածի այն հարցի մասին, որ  բաժանությունից հետո իրենք շարունակում են լինել երեխայի ծնողը: Բաժանությունը չի նշանակում, որ երեխան կորցնում է իր ծնողներին: Այստեղ շատ կարևոր է ծնողների դերակատարությունը: Հարկավոր է զրուցել երեխայի հետ խնդիրների մասին և բացատրել` ի՞նչ է կատարվում, երբ իրենք դադարում են ապրել միևնույն ընտանիքում և ապրում են առանձին: Երեխան անպայման պետք է իմանա այս մասին, պետք է իմանա, որ լքված չէ , այլ պարզապես այդպես է ստացվել: Ծնողներն այլևս չեն ապրում միասին, բայց շարունակում են լինել իր ծնողները և շարունակելու են սիրել իրեն և հոգ տանել իր մասին:
Սա պարտադիր նախապայման է երեխայի զարգացման և առողջ հոգեկան աշխարհի համար: Երեխային պետք է ասել ճշմարտությունը, թե ի՞նչ է կատարվում ընտանիքի ներսում, որովհետև երեխան այսպես թե այնպես ունենում է որոշակի տագնապներ, զգում է` ինչ է կատարվում: Անգամ եթե իրեն փորձում են չներակայցնել ինֆորմացիան, ինքը միևնույն է զգում է մոր և հոր տրամադրությունից: 

-Կա՞ տարբերություն, թե ինչ տարիքային խմբում է գտնվում երեխան, երբ ծնողները ամուսնալուծվում են: Երեխայի տարիքը որքանո՞վ կարող է ազդել ծնողների ամուսնալուծության լուրի ծանր կամ թեթև տանելու հետ:

- Անշուշտ տարբերություններ կան: Յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները և խոցելի կողմերը: Եթե բաժանությունը կատարվում է մանկական տարիքում, բնականաբար շատ խորը ազդեցություններ է ունենում: Երեխայի համար չափազանց կարևոր է լինել սիրված և մեծանալ սիրված միջավայրում: Երբ երեխան մոտենում է երեքից հինգ տարեկան ժամանակահատվածին, ( այդ շրջանը համարում են էդիպյան տարիք) երեխան գտնվում է էդիպյան փուլում, որտեղ կարևոր է հոր դերն ու ներկայությունը և հայրական ֆունկցիաների կատարումը:
Այս փուլում երեխաների մոտ  սկսվում է խանդ. տղաները խանդում են հայրիկներին մայրիկների նկատմամբ և աղջիկները հակառակը: Սա առողջ հարաբերությունների և առողջ զարգացման փուլ է, որը երեխան պետք է անցնի: Եվ, բնականաբար, երկու ծնողների ներկայությունն էլ կարևոր է: 

-Կա՞ն այլ տարիքային խմբեր, որ նույնպես խոցելի են:

-Դեռահասության տարիքը, ինչպես նաև մինչև դեռահասություն հասնելը դպրոցական տարիքը: Երբ երեխան դպրոց է հաճախում, շատ կարևորում է այն փաստը, որ ծնողը գալիս է դպրոց, դերակատարություն է ունենում դպրոցական միջոցառումներում: Անգամ ուղեկցելը, ինչ-որ բանին մասնակից լինելը իր համար շատ կարևոր է: Երբ մյուս երեխաների ծնողները գալիս և տանում են իրենց բալիկներին, իր մոտ հարց է առաջանում, իսկ ո՞ւր է իմ հայրիկը, ինչո՞ւ իմ հայրիկը չի գալիս ինձ տանում: Հաճախ իրենք չեն թաքցնում դա: Երեխան ուզում է լինել բոլորի նման:
Մեծ է նաև ազգանվան դերը: Հաճախ ամուսնալուծությունների ժամանակ, երբ հայրը չի տալիս իր ազգանունը կամ երեխան այլ ազգանունով է հանդես գալիս, դա ևս շատ խոցելի է դառնում: Առաջանում է ծագման հարցը: 
Դեռահասության տարիքը  նույնպես ճգնաժամային և բարդ շրջան է: Կարևոր է, որ դեռահասը տեսնի ընտանեկան ջերմություն և բարենպաստ հարաբերություններ:
Մեծ հաշվով տարիքը կապ չունի, կարևոր է երեխային մոտենալ որպես անհատականություն և երեխային առողջ կերպով դարձնել մասնակիցը այդ ամենի, այլ ոչ թե թաքցնել այն ճշմարտությունը, որն իրավունք ունի իմանալու:  
   
- Ճի՞շտ է երեխային շատ ուշադրության կենտրոնում պահելն այդ ընթացքում:

- Կարևոր է հիշել, որ չափազանց ուշադրությունն էլ բացասական է ազդում երեխայի վրա: Ծնողը պետք է գտնի ոսկե միջինը և չտա ո՛չ շատ, ո՛չ էլ պակաս ուշադրություն: Կարևոր է, որ երկու ծնողներն էլ կարողանան հասնել այնպիսի հարաբերությունների, որ երեխայի մոտ չառաջանա սթրես: Երեխան շատ լավ տեսնում և զգում է ծնողների միջև տարաձայնություններն ու բացասական հույզերը: Կարևոր է, որ այդ հարաբերությունները լուծվեն որոշակի փուլում, որպեսզի հետևանքները բացասական չանդրադառնան երեխայի վրա և, ամենակարևորն է, երեխային որպես զենք չօգտագործեն: Այսօր շատ ենք հանդիպում նմանատիպ դեպքերի, երբ ծնողները բաժանվում են, երեխային հիմնականում մայրն է խնամում և նախկին ամուսնու հետ խնդիրներ ունենալով` երեխային օգտագործում է որպես զենք: Հաճախ նաև արգելում է երեխային հանդիպել հոր հետ: Ստացվում է այնպես, որ ծնողը որոշում է երեխայի ճակատագիրը և զրկում է երեխային հայր ունենալու իրավունքից:

-Ինչպե՞ս ճիշտ  բացատրել երեխային մայրիկի կամ հայրիկի բացակայության մասին:

-Դա պետք է լինի զրույց: Եթե չեն կարող համատեղ իրականացնել, ապա անպայման առանձին պետք է խոսեն երեխայի հետ: Որպեսզի երեխայի մոտ հարց չառաջանա` ի՞նչ է կատարվում, որպեսզի նա լինի իրականության մեջ և իմանա ճշմարտությունը: Նա ունակ է հասկանալու, անգամ զգայական մակարդակով: Պետք է ասել նրան այդ մասին, այլ ոչ թե թաքցնել, կամ էլ ստել:

- Ինչպե՞ս ստեղծել նոր ընտանիք, միևնույն ժամանակ չվնասելով երեխային:

-Սա բավականին լուրջ խնդիր է: Կինն ու տղամարդը պետք է լինեն ուժեղ, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծել և միևնույն ժամանակ կառուցել իրենց ապագան: Երեխաները հաճախ կարող են խանդել և թույլ չտալ, որ մայրը կամ հայրը շարունակեն կառուցել իրենց անձնական կյանքը ուրիշ մեկի հետ, որովհետև հաճախ երեխաները չեն կարողանում իրենց մոր կամ հոր կողքին տեսնել ուրիշ տղամարդու և կնոջ: Կարևոր է, որ երեխան հասկանա և՛ ծնողի վերաբերմունքից, և՛ զրույցից, որ ծնողներն ունեն անձնական կյանք և պետք է շարունակեն ապրել իրենց անձնական կայնքով: Կարելի է երեխային բացատրել, որ սա կյանքի բնականոն օրենքն է:

- Ի՞նչ խորհուրդ տալ այն  ծնողներին, ովքեր դաստիարակում են իրենց երեխաներին ոչ լիարժեք ընտանիքում: 

-Այստեղ մենք գործ ենք ունենում դիսբալանսի հետ, որովհետև առողջ և բնականոն հարաբերությունները`տղամարդ և կին հարաբերություններն են, որտեղ երեխան տեսնում է այդ երկու սեռերի ներկայությունը միաժամանակ: Այստեղ առաջանում է նույնականացման  հարցը: Տղա երեխային անհրաժեշտ է հոր կերպարը, որպեսզի  նույնականացվի հոր հետ և ձեռք բերի տղամարդկային որակներ: Եվ եթե այդ ընտանիքում բացակայում է հայրական կերպարը, երեխային միայն մայրն է դաստիարակում, տղաների մոտ հաճախ տղամարդկային որակները չեն ձևավորվում և հետագա կյանքի ընթացքում նա խնդիրների առաջ Է կանգնում:

-Ինչպե՞ս խուսափել բացասական հետևանքներից:

-Խուսափել կարող ենք միայն այն պարագայում, երբ երկու ծնողների միջև կոնֆլիկտը պարզաբանվում և լուծվում է: Երբ կա փոխհամաձայնություն երկու ծնողների միջև, երեխան չի դառնում զենք: Միայն այդ պարագայում կարելի է հասնել ներդաշնակության: Իրենք հասկանում են, որ այլևս միասին չեն ապրում, բայց իրենք ունեն երեխա, ում անհրաժեշտ է երկուսի ուշադրությունը: Երեխան  պետք է զգա և հասկանա, որ շարունակում է ունենալ երկու ծնող, որոնք չեն ապրում միասին, բայց շարունակում են լինել իր ծնողը և սիրել նրան:




 

Հեղինակ` Մարիամ Սարգսյան

Աղբյուր` Doctors.am
28 մարտ 2018