Ի՞նչ է կարճատեսությունը
Կարճատես աչքը վատ է տեսնում հեռավորության վրա, որի պատճառը ,շատ հաճախ, ոչ թե բեկող համակարգի մեջ է, այլ աչքի առաջահետին առանցքի մեջ։ Ավելի պարզ ասած` կարճատես աչքը չափով ավելի ձգված է, քան առողջ աչքը, որի պաճառով ֆիքսված առարկայի պատկերն ընկնում է ոչ թե անմիջապես ցանցաթաղանթի վրա, այլ նրանից առաջ։
Ի՞նչ է սպառնում կարճատես աչքին հղիության ընթացքում
Հղիությունն օրգանիզմում հորմոնալ համակարգի վերադասավորման շրջան է, որն օրգանիզմում առաջացնում է մի շարք փոփոխություններ։ Այդ փոփոխությունների արդյունքում կարող են առաջանալ հյուսվածքների այտուցվածություն, որը կբերի կարճատեսության ժամանակավոր աճի։ Ծննդաբերության պատրաստվող օրգանիզմում հյուսվածքները դառնում են էլ ավելի էլաստիկ, որը երբեմն, ցավոք, կարող է հանգեցնել նաև աչքի առաջահետին առանցքի մեծացման, հետևաբար, նաև կարճատեսության իրական աճի։
Ի՞նչ է սպառնում կարճատես աչքին ծննդաբերության ընթացքում
Ինչպես արդեն նշեցի, կարճատես աչքը չափերով ավելի ձգված է, և բարձր աստիճանի կարճատեսության դեպքում թաղանթների գերձգվածությունից դրանց վրա կարող են առաջանալ միկրոանցքեր։ Այդ փոքրիկ դեֆեկտները իրենցից վտանգ են ներկայացնում ծննդաբերության ճիգերի ընթացքում էլ ավելի մեծանալու կամ պատռվելու։ Սակայն, ակնաբույժին նախօրոք դիմելով և համապատասխան օգնություն ստանալով, այդ վտանգը կարելի է հասցնել նվազագույնի։
Ցածր և միջին կարճատեսները, ովքեր ակնաբույժի մոտ հետազոտվել և նրանց մոտ` ակնահատակում չի հայտնաբերվել որևէ խնդիր, կարող են վստահ ծննդաբերել բնական ճանապարհով։ Պահպանե՚ք Ձեր առողջությունը։
Սաթիկ Մարտիրոսյան, ակնաբույժ
«Ակնաբուժական շաբաթ» հանրային իրազեկման ծրագիր
Աղբյուրը՝ Doctors.am